24.04.2021 | 
Հասարակություն
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Լրացավ Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված ոճրագործության 106-րդ տարին: Հազարավոր մարդիկ այսօր այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 1.5 միլիոն հայերի հիշատակին:

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Արման Մալխասյանը, Արթուր Իսրայելյանը, Ռաֆայել Բարխուդարյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը,  համալսարանի ֆակուլտետների դեկաններ և դասախոսներ այսօր բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անմար կրակի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։

 

Համալսարանականները ծաղկեպսակ դրեցին հուշահամալիրի դիմաց և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։

 

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը նշեց, որ հատկապես հիմա հայ ժողովուրդը պետք է վերաիմաստավորի Ցեղասպանության խորհուրդը. «Այն թյուրըմբռնումները, որոնք կան, և այն դիսկուրսը, որը կարծես թե առաջանում է, պատմության դասերը չսերտելու հետևանք է»:

 

Լ․ Հովսեփյանի խոսքով, վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններից, մասնավորապես՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայ ժողովուրդը պետք է լավագույնս սերտի Հայաստանի անվտանգությանը խոչընդոտող դասերը. «Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ բախվեց Հայոց ցեղասպանությունը ժխտող, Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն իրականացնող  Թուրքիայի վարքագծին, այս ամենից հետո պարտավոր է մշակել երկրի ու ժողովրդի անվտանգ կենսագործունեությանը նպաստող նոր հրամայականներ»:

 

Նշենք նաև, որ Երևանի պետական համալսարանը կազմակերպում է Հայոց ցեղասպանությանը վերաբերյալ դասախոսություններ, գիտաժողովներ, սեմինար-քննարկումներ և այլ նմանօրինակ միջոցառումներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

 

Տեղեկացնենք, որ ապրիլի 23-ին Մայր բուհի ուսանողական կառույցների ներկայացուցիչները մասնակցել են ամենամյա ջահերով երթին. նրանք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակից Թուրքիային դատապարտող տարբեր վանկարկումներով քայլել են դեպի Ազատության հրապարակ, այնուհետև այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

Անգին Խաչատրյան

 
Այլ նորություններ
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԱՏ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ». ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Քաղաքական հոգեբանություն» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել քաղաքական գործիչ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՍԻԼԱԵՎԻ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էր ՌԴ ԱԳՆ համակարգում գործող միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ինստիտուտի քաղաքական հետազոտությունների վերլուծական լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը: