19.09.2016 | 
Քաղաքականություն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԿԻՐԱՌՎԵՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԿԻՐԱՌՎԵՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ
Իրավաբանական կրթության և դասավանդման մեթոդների գերմանական փորձը գալիս է օգնության հայկականին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջև դեռևս տարիներ առաջ սկիզբ դրված գործընկերային հարաբերությունների հերթական ձեռքբերումը այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկած աշխատաժողովն էր, որի նպատակը գերմանացի մասնագետների փորձը հայ գործընկերներին փոխանցելն էր:

 

Գերմանական կողմը ներկայացնում էր Համբուրգի համալսարանի իրավական դիդակտիկայի կենտրոնը, որը զբաղվում է իրավական կրթության ոլորտի մեթոդաբանության մշակմամբ:

 

«Անցած տարի կայացավ մեր այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, մասնավորապես երեք համալսարաններ: Ճանաչողական այցի ընթացքում մենք ընտրեցինք Համբուրգի համալսարանի իրավական դիդակտիկայի կենտրոնը՝ որպես մեր գաղափարների իրացման ամենալավ գործընկեր: Այստեղ հիմնականում ներկա են մեր երիտասարդ կադրերը, ինչը պատահական չէ: Նրանց պետք է հնարավորություն տալ ձեռք բերելու այդ հմտություններն ու գիտելիքները»,- աշխատաժողովի ընթացքում նշեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

 

Կրթական ծրագրերի բարեփոխումը ենթադրում էր նաև ոչ միայն կրթության, այլև հետազոտման մեթոդների վերանայում: «Մասնավորապես անհրաժեշտ է հասկանալ ինչպես աշխատել բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողների հետ: Բնականաբար, մենք էլ ունենք մեթոդներ, բայց աշխարհում առաջ են գալիս նորերը, և դրանց պետք է արագ արձագանքել: Համբուրգի համալսարանի դիդակտիկայի կենտրոնը մեթոդներ է մշակում, թե ինչպես սովորեցնել ուսանողին, ինչպես պատրաստել քննության, ինչպես մատուցել, որ նրանք վերցնեն գիտելիքը, քննության որ ձևերն են ավելի արդյունավետ և այլն»,- ասում է Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ծրագրի մասնակից Աննա Մարգարյանը:

 

Համբուրգի համալսարանի իրավական դիդակտիկայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հանս-Հայնրիխ Թրութեն էլ նշեց, որ իր համար ևս կարևոր է երիտասարդների հետ աշխատելը, և հույս հայտնեց, որ երկօրյա աշխատանքի ընթացքում և' իրենք, և' հայ գործընկերները միմյանցից շատ բան կսովորեն:

 

Աշխատաժողովի երկու օրերին լինելու են ոչ միայն բանավոր քննարկումներ, այլև կոնկրետ առաջադրանքների կատարում, խնդիրների լուծում և այլն: Այս համագործակցության հաջորդ փուլը կմեկնարկի օրեր անց Վրաստանում: Տարածաշրջանային կոնֆերանսին, որտեղ դարձյալ քննարկվելու են մեթոդաբանական հարցեր, ԵՊՀ-ի և Համբուրգի համալսարանի ներկայացուցիչներից բացի, մասնակցելու են նաև Վրաստանի և Ադրբեջանի մասնագետները:

 

Նշենք, որ հայ-գերմանական գործընկերությունեը չի սահմանափակվում միայն այս ձևաչափի միջոցառումներով. այժմ արդեն կազմվում է քաղաքացիական իրավունքի վերաբերյալ համատեղ խնդրագիրք:

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:
«ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն այսօր «Սերվիսի կազմակերպիչ/մենեջմենտ» խորագրով դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում: