13.05.2019 | 
Կրթություն
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԴԱՐՁԵԼ Է «IBM GREAT MINDS» ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂ
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԴԱՐՁԵԼ Է «IBM GREAT MINDS» ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂ
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի և ISTC ինովացիոն կենտրոնի համատեղ ուժերով կյանքի կոչված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանող Գևորգ Ղալաչյանը դարձել է «IBM Great Minds» փորձաշրջանի հաղթող և վեց ամսով մեկնելու է Շվեյցարիա՝ ընկերությունում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։

Գևորգ Ղալաչյանը 2017 թվականից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանող է և երկու տարի անընդմեջ արժանացել է ծրագրի գործընկերների կողմից տրամադրվող կրթաթոշակին:

2019 թվականի ապրիլին Գևորգը մի քանի այլ ուսանողների հետ ISTC ինովացիոն կենտրոնի անմիջական և ակտիվ մասնակցությամբ ներկայացրել է վերոնշյալ մագիստրոսական ծրագիրը ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում տեղակայված Սան Խոսե պետական համալսարանում։ Արդյունքում ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը սկսել է համատեղ ծրագիր իրականացնել Սան Խոսեի պետական համալսարանի հետ:



2019 թվականին «IBM» ընկերության կողմից հայտարարված միջազգային «IBM Great Minds» փորձաշրջանի արդյունքում Գևորգը դարձել է այդ հեղինակավոր մրցույթի հաղթող։ Նա վեց ամսով մեկնելու է «IBM» ընկերություն՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:



«Մեքենայական ուսուցման կիրառության աճի հետ մեկտեղ ավելանում են մոդելների գնահատման խնդիրները։ Պատկերացրեք, որ օգտագործելով մինչև 2019 թվականի արտադրության մեքենաների լուսանկարներ՝ գնահատում եք մի մոդել, որը պետք է ճանաչի նոր նկարի մեքենայի արտադրողին և մոդելը, և կիրառում եք այն 2020 թվականին»,- ասում է Գևորգ Ղալաչյանը:- «Անշուշտ, այժմ կան մեքենաների նոր մոդելներ, որ ձեր մոդելը սովորելիս չի տեսել։ Այս երևույթը կոչվում է տվյալների տեղաշարժ, այն է՝ թեստային տվյալները բնականորեն ունեն այլ բաշխում, և սա միակ անոմալիան չէ։ Սովորաբար հաշվարկվող ցուցանիշները հաշվի չեն առնում այսպիսի երևույթները։

Այս ամռանը ես փորձաշրջան եմ անցնելու «IBM» ընկերության Ցյուրիխի հետազոտական կենտրոնում՝ ուսումնասիրելու վերը նշված խնդիրների դասը։ Օգտագործելով «IBM»-ի մի շարք գործիքներ՝ փորձաշրջանի ընթացքում հետազոտվելու են դասական խնդիրների և տվյալների համար գնահատված մոդելների 5 տարբեր չափանիշներ՝ ճշգրտություն, մեկնելիություն, արդարություն, դիմացկունություն տվյալների տեղաշարժի և դիմացկունություն հակառակորդի հարձակումների նկատմամբ»: 


Մարինա Առաքելյան

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը: