18.04.2020 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԱՌՑԱՆՑ
Պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում (http://e-learning.ysu.am) յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար ստեղծվել է առանձին վիրտուալ տարածություն, ինչպես նաև մշակվել են ուղեցույցներ:

ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից ստեղծված վիրտուալ տարածություններում հնարավոր է իրականացնել ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները և պաշտպանությունները: Վիրտուալ այդ տարածքներում քայլերի հաջորդականությունը մշակվել է՝ ըստ հաստատված կարգերի՝ հաշվի առնելով բոլոր կետերը և դրույթները:

 

Նախապաշտպանությունները և պաշտպանություններն իրականացվելու են «Zoom» տեսակոնֆերանսի միջոցով, ձայնագրվելու են և պահպանվելու (Zoom Cloud):

 

Նախապաշտպանություններից և պաշտպանություններից առաջ ուսանողները պետք  է մինչև նշված վերջնաժամկետը վերբեռնեն պահանջվող նյութերը, այնուհետև ընտրեն նախապաշտպանության/պաշտպանության ժամանակաhատվածը (սլոտը): Ամրագրված ժամանակաhատվածը կարելի է չեղարկել և ընտրել տվյալ պահին առկա ժամանակահատվածներից մեկը:

 

Յուրաքանչյուր ուսանող պետք է ամրագրված ժամին միանա առցանց նախապաշտպանությանը/պաշտպանությանը, որի ընթացքում նա համակարգչով պետք է նստի պատի դիմաց, ունենա ականջակալներ և բարձրախոս:

 

Նախապաշտպանությանը մասնակցելու են համապատասխան ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանման աշխատակիցները և գիտական ղեկավարները: Ներկայացված թեզի, շնորհանդեսի և գիտական ղեկավարի կարծիքի հիման վրա իրականացվելու է ատեստավորում։ Ոչ էական դիտողությունների առկայության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքը լրամշակվելու է և վերբեռնվելու պաշտպանության նյութերի բլոկում։

 

Պաշտպանությանը մասնակցելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները, գիտական ղեկավարը, գրախոսը և 3-5 ունկնդիրներ: Ուսանողի մագիստրոսական թեզը գնահատելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միայն այն անդամները, որոնք ներկա են եղել տվյալ ուսանողի պաշտպանության ամբողջ ընթացքին։

 

Ի դեպ, ուսանողի և հանձնաժողովի անդամների տեսախցիկները պարտադիր պետք է միացված լինեն ամբողջ պաշտպանության ընթացքում:

 

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվելու են ամփոփումից անմիջապես հետո ուսանողի գնահատականների բաժնում: Բացի դրանից՝ բոլոր ուսանողների գնահատականների ցուցակը տեղադրվելու է հայտարարությունների ֆորումում: Ուսանողները ստանալու են նաև էլեկտրոնային նամակներ:

 

Նշենք, որ գնահատականների հրապարակումից հետո ուսանողները կարող են բողոքարկել առաջիկա մեկ ժամվա ընթացքում:

 

Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները/պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով Ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից մշակվել են ինչպես ղեկավարի, գրախոսի և ատեստավորող հանձնաժողովի անդամի, այնպես էլ ուսանողների ուղեցույցներ:

 

ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում ներդրված «Zoom» տեսակոնֆերանսը լիցենզավորված է և հնարավորություն է տալիս կազմակերպելու մեծ թվով մասնակիցների քննարկումներ: Այս ընթացքում մատնանշվել են հնարավոր բոլոր խնդիրները, և ԵՊՀ պրոռեկտորների հետ քննարկվել դրանց լուծման հնարավոր տարբերակները:

 

Տեղեկացնենք, որ հաշվի առնելով ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի առաջիկա առցանց պաշտպանությունների յուրահատկությունները՝ ապրիլի 17-ին կազմակերպվել է առցանց հանդիպում պրոռեկտորների հետ, որի ընթացքում քննարկվել են առկա խնդիրները:

 

ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանի և Ռաֆայել Բարխուդարյանի հավաստմամբ, նմանաբնույթ հանդիպումները կլինեն հաճախակի, իսկ առաջիկայում կկազմակերպվեն քննարկումներ նաև ուսանողների հետ:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ». ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՆ
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նախաձեռնել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների մասին «Հերոսապատում» հանրագիտարանային շարքի ստեղծումը։ Աշխատության մեջ ներկայացվելու են պատերազմի մասնակիցների կատարած սխրանքները, կենսագրությունը, լուսանկարները, նրանց մասին հուշերն ու պատմությունները։
ՄԵԴԻԱ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ. ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ կազմակերպվել և այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկել է «Մեդիա հարցերը կարգավորող իրավունք» թեմայով աշնանային հնգօրյա դպրոցը: