09.06.2014 | 
Քաղաքականություն
ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր ԵՊՀ հունագիտության կենտրոն էր այցելել ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ինչպես նաև ԵՊՀ հունագիտության կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանը:

 

Ուսանողների հետ հանդիպման ընթացքում դեսպանը կարևորեց երկու հնագույն ժողովուրդների համագործակցության ընդլայնմանն ու հունարեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրերը՝ նշելով, որ Մայր բուհն արտերկրում հունարենի զարգացմանը նպաստող կարևոր օղակներից մեկն է:

 

«Չնայած Հունաստանում տիրող տնտեսական ծանր դրությանը՝ Հունաստանի Կառավարությունը ոչինչ չի խնայում աշխարհում հունարեն լեզվի ու մշակույթի զարգացման համար: Այդ նպատակով որոշում է կայացվել դրամական օժանդակություն ցուցաբերել ԵՊՀ հունագիտության կենտրոնին, ինչի շնորհիվ կենտրոնը կկարողանա նոր գրականություն ու բառարաններ ձեռք բերել հունարենը որպես առաջին լեզու ուսումնասիրող ուսանողների համար»,- ասաց Իոաննիս Տայիսը:

 

Հունագիտության կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանը դեսպանին ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, ուսանողների պատրաստվածության մակարդակը, կրթական ծրագրերը և հետագա անելիքները:

 

Պրոռեկտոր Արարատ Մալխասյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին ԵՊՀ հունագիտության կենտրոնի զարգացմանը միտված ծրագրերին ուշադրություն դարձնելու և օժանդակելու համար:

 

«Հայաստանի և Հունաստանի բարեկամությունը դարերի պատմություն ունի: ԵՊՀ-ում գործող հունագիտության կենտրոնն այդ բարեկամության ամրապնդման ու ընդհանրապես հունական մշակույթի զարգացման գործում կարևոր առաքելություն ունի: Հարկ է նշել, որ մենք նույնպես շահագրգռված ենք հայ-հունական հարաբերությունների զարգացման գործընթացով»,- նշեց պրոռեկտորը:

 

Արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը խոսեց նաև հայ-հունական հարաբերություններում քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության ներկայիս փուլի և հետագա զարգացումների մասին:

 

«Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական բնագավառներում Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև շփումները բարձր մակարդակով են իրականացվում, ինչի մասին են վկայում փոխադարձ այցելությունները: Իհարկե, տնտեսական կապերը բավականին զարգացած չեն, սակայն այդ ուղղությամբ նույնպես քայլեր են ձեռնարկվում. մասնավորապես աշնանը կկազմակերպվի բիզնես համաժողով, որը, կարծում եմ, դրական արդյունքների կհանգեցնի»,- ասաց դեսպանը և հավելեց, որ առանձնակի ուշադրություն է դարձվում նաև մշակութային կապերի ամրապնդմանը, որի զարգացման գործում էական ներդում ունեն դեսպանությունները: 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԽ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից: