02.09.2019 | 
Հասարակություն
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ՇՔԱՆՇԱՆՈՎ
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԳՐԻԳՈՐ  ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ՇՔԱՆՇԱՆՈՎ
Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՀ նախագահի նստավայրում օգոստոսի 31-ին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ժամանակ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել պաշտպանության բանակի մի խումբ ազատամարտիկների, պետական և հասարակական գործիչների, բարերարների, տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների  ներկայացուցիչների:

 

Շքանշանը ստանալիս Գուրգեն Մելիքյանն ասել է, որ երջանիկ է Արցախյան   գոյապայքարին  զինվորագրվելու համար. «Այս  պարգևն իմ այն ընկերներինն է, որոնք Արցախի  հզորացման համար ջանք չեն խնայել: Այս պարգևը պատկանում է նաև այն մարդկանց, որոնք  օժանդակեցին, որ 32 հազար հայ երեխա ծնվի Արցախում, տնկվի տասը հազար ծառ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միասնականության համար: Փառք ու պատիվ այն հերոսներին, որոնք զինվորագրվել են մեկ գաղափարի շուրջ»:

 

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը 1992-2017 թթ. եղել է Արևելագիտության ֆակուլտետի դեկանը: Նա հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի: Զբաղվել է պարսկերենի թարգմանական, ինչպես նաև վերջինիս հարադիր բառակապակցությունների, բառաքերականական, բարդ բառերի, իրանական բարբառների հետ կապված հիմնահարցերի ուսումնասիրությամբ:

 

Գուրգեն Մելիքյանը 1988-1994 թթ. գործուն մասնակցություն է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժմանը: Լեռնային Ղարաբաղ է ուղարկել կապի միջոցներ, մարդասիրական օգնություն, մասնակցել է Մաճկալաշենի կամավորական ջոկատի կազմավորման, զինելու և հանդերձավորելու աշխատանքներին: Արցախյան ազատամարտի ընթացքում եղել է Ազատագրական բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ (1993-1999 թթ.): 

 

1998 թվականից նա «Գուրգեն Մելիքյանի`Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» գործադիր տնօրենն է, որն իրականացնում է հայրենասիրական-բարեգործական բազմաբնույթ միջոցառումներ:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ՄԱՅՐԵՆԻՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՆՁՆԱԳԻՐԸ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ  ԵՎ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆԻ» ՍԱՆԵՐԸ  ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՆԻԻ  ՕՐԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել Մայրենի լեզվի օրվան նվիրված «Մայրենի լեզու, Մայր ճեմարան, Մայր համալսարան» խորագիրը կրող միջոցառումը:
«ԱՅՍ ՕՐԸ ՀՐԱՇԱԼԻ ԱՌԻԹ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ, ՈՐ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱ՝ ԳՐԱԿԱՆ  ՀԱՅԵՐԵՆՈՎ, ԳԵՂԵՑԻԿ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԽՈՍԵԼԸ ՆՈՐԱՈՃ Է». ԱՅՍՕՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Մայրենի լեզվի միջազգային օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբերին, և 2000 թվականից սկսած՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում: