26.03.2013 | 
Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿ ԺԱՄ ՀՆՉՈՒՄ ԷՐ ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿ ԺԱՄ ՀՆՉՈՒՄ ԷՐ ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈ
Երևանի պետական համալսարանում այսօր ելույթ ունեցավ հայտնի «Կադանս» անսամբլը:

Երևանում անցկացվելիք տանգոյի միջազգային փառատոնի շրջանակում «Կադանս» անսամբլը նախատեսել է նախափառատոնյան համերգներ հայկական մի շարք բուհերում: Մեկնարկը տրվեց ԵՊՀ-ում:  

 
«Մենք շատ ենք ուզում, որ երիտասարդները ծանոթանան այս բարձր արվեստի հետ: Տանգո ներկայացնելն ինքնանպատակ չէ. դրանով լավ ճաշակ է ձևավորվում: Այսօր ինչ ասես լսում ենք. որպեսզի մարդկանց ականջները սովորեն բարձրորակ երաժշտությանը, պետք է լսեն նաև այսպիսի խմբերի»,- ասում է «Կադանս» կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը:  Փառատոնն անցկացվելու է ապրիլ ամսին:


Մինչ այդ անսամբլը պատրաստվում է համերգներով հանդես գալ նաև Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում և Հայաստանի պետական լեզվաբանական համալսարանում:  «Ես մեծ ուրախություն ապրեցի, երբ «Կադանս»-ից ստացանք այստեղ ելույթ ունենալու առաջարկը: Ես շատ ուրախացա, բայց դա կարճ տևեց, որովհետև բոլոր հնարավոր տարբերակներով հայտարարվել էր համերգի մասին, բայց քչերն արձագանքեցին»,- դժգոհում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:  


Այսօր համալսարանականները «Կադանս»-ի կատարմամբ լսեցին տանգոյի վարպետ Աստոր Պիացցոլայի և Ռիչարդ Գալիանոյի` վերջերս գրած ստեղծագործություններից, ինչպես նաև մի քանի հայկական երգեր, այդ թվում` Կոմիտաս: Նշենք, որ տանգոյի փառատոնը Երևանում հիմնադրվել է 2010 թ-ին: Ինչպես փաստում է «Կադանս» կենտրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր Նիկա Բաբայանը, դրա համար հիմք հանդիսացավ Հայաստանում տանգո շարժման զարգացումը: Այն ժամանակ փառատոնի առաջին հյուրն աշխարհահռչակ ակորդեոնահար, կոմպոզիտոր Ռիչարդ Գալիանոն էր: Այս տարվա հյուրերն են լինելու արգենտինացի ակորդեոնահար, բանդոնեոնահար Վալտեր Ռիոսն իր կնոջ` երգչուհի Մարիել Դյուպետիի հետ:


«Առաջին անգամ տանգոն կներկայացվի որպես երգ, որովհետև այն ի սկզբանե եղել է երգ, հետո է դարձել գործիքային երաժշտություն, այնուհետև՝ պար: Մենք կտեսնենք տանգոյի ակունքները»,- խոստանում է Նիկա Բաբայանը: Վալտեր Ռիոսի և Մարիել Դյուպետիի ելույթները «Կադանս»-ի հետ տեղի կունենան ապրիլի 18-ին եւ 20-ին. առաջինը՝ Գյումրիում, երկրորդը` Երևանում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։