19.11.2014 | 
Հասարակություն
ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԲՈՒՀԸ, ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԸ
ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԲՈՒՀԸ, ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԸ
Այսօր 100-ից ավելի ընկերություններ ԵՊՀ-ում փնտրում էին իրենց ապագա աշխատակիցներին:

Մայր բուհում անցկացվեց «Բուհից աշխատաշուկա՝ մեկ քայլ» խորագրով աշխատանքային տոնավաճառը: Անցկացման մասին որոշումը կայացվել էր դեռևս այս տարվա մայիսին, երբ հայաստանյան մի քանի խոշոր բուհերի` կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների միջև ԵՊՀ-ում ստորագրվեց համագործակցության հուշագիր: Դրա կետերից մեկի համաձայն՝ ամեն տարի բուհերից մեկը պետք է կազմակերպի աշխատանքի տոնավաճառ իր և գործընկեր բուհերի ուսանողների համար: Քանի որ այս տարի Մայր բուհը նշում էր հիմնադրման 95-ամյակը, որոշեց նաև տոնավաճառը հյուրընկալել իր հարկի ներքո: Միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը աջակցում էին ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

 

Տոնավաճառի կազմակերպիչ բուհերն էին Երևանի պետական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի ամերիկյան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանները: 

 

«Մենք բազում տարիներ խոսում ենք այն մասին, որ բուհը և գործարար աշխարհը պետք է իրար հետ կապված լինեն սերտ կապերով, քանզի առանց դրա հնարավոր չէ ոչ միայն նորավարտ մասնագետներին աշխատանքով ապահովել, այլև մասնագետ պատրաստել: 21-րդ դարում համալսարաններն առանց աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելու չեն կարող լիարժեք մասնագետներ պատրաստել»,- ընդգծելով տոնավաճառի կարևորությունը՝ նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

Այսպիսի խոշոր ընդգրկմամբ առաջին անգամ անցկացվող տոնավաճառի բացմանը ներկա էին մասնակից բոլոր բուհերի ղեկավարները, գործարար աշխարհի ներկայացուցիչներ և հարյուրավոր ուսանողներ, ովքեր հենց տեղում կարող էին թողնել իրենց CV-ները կամ մասնակցել գործատուների կողմից անցկացվող հարցազրույցներին: Ի դեպ, ընկերությունների մասնակցության կարևոր նախապայմաններից մեկն այն էր, որ ոչ թե պետք է պարզապես ներկայացնեին իրենց կազմակերպությունը, այլ առաջարկեին թափուր աշխատատեղեր:

 

«Աշխատանքի տոնավաճառներն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը զբաղվածության համապատասխան կառույցների բոլոր կողմերին՝ բուհեր, գործատուներ, զբաղվածության պետական ծառայություն և աշխատանք փնտրողներ: Այս 4 կողմերի համագործակցությունը կբերի տնտեսության զարգացման և մեր պետության համար կարևոր խնդիրների լուծման, այդ թվում՝ արտագաղթի կանխման»,- կարծում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը, ով ևս ներկա էր տոնավաճառի բացմանը:

 

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերն ու գրադարանի մասնաշենքի առաջին հարկը զբաղեցրած 100-ից ավելի տաղավարներում ներկայացված էին տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսավարկային, զբոսաշրջային, հեռահաղորդակցության, գիտակրթական, դեղագործության և այլ ոլորտներում գործող կազմակերպություններ: Ի դեպ, նրանցից մի քանիսը նշեցին, որ իրենց աշխատակիցների մի զգալի հատվածն իրենց մոտ աշխատանքի է անցել բուհերի կարիերայի կենտրոնների հետ համագործակցության արդյունքում:

 

ԵՊՀ շրջանավարտների, ուսանողերի և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ, կարևորելով նախաձեռնությունը, նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ ԵՊՀ-ն հետևողական քաղաքականություն է վարում աշխատաշուկան բուհին մոտեցնելու ուղղությամբ:

 

«Յուրաքանչյուր բուհ հրավիրել է իր գործընկեր կազմակերպություններին, ինչի շնորհիվ այսօրվա աշխատաշուկան բավականին լայն է ներկայացված: Մենք ցուցահանդեսին հրավիրել ենք մեր գործընկեր կազմակերպություններից 35-ին, որոնց հետ աշխատում ենք ամբողջ տարին ու շատ ակտիվ: Այն ներառում է դասընթացների, թրեյնինգների կազմակերպումը, թափուր աշխատատեղերի մասին ինֆորմացիայի տարածումը մեր ուսանողների շրջանում և այլն»,- ասում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը և հավելում, որ տոնավաճառի ավարտից հետո իրենք նաև կոնկրետ թվերով կհստակեցնեն, թե ինչ արդյունք տվեց աշխատաշուկայի և աշխատանք փնտրողների հանդիպումը: 

 

Նշենք, որ տոնավաճառի շրջանակներում անցկացվեց նաև «ՀՀ կրթական համակարգ և աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր» խորագրով հանրապետական սեմինար-քննարկումը

Այլ նորություններ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել հանդիպում «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Քնար Ծատուրյանի հետ։ Վերջինս ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը և առաջարկած երիտասարդական նախագծերը, որոնք ուղղված են կարիերա ստեղծելուն ու զարգացնելուն: