12.12.2014 | 
ՀԱՍԱՆ ՋԵՄԱԼ. «ԵՍ ՊԱՏՄԱԲԱՆ ՉԵՄ, ՓԱՍՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻՃԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»
ՀԱՍԱՆ ՋԵՄԱԼ. «ԵՍ ՊԱՏՄԱԲԱՆ ՉԵՄ, ՓԱՍՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻՃԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»
ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դասախոսներն ու ուսանողներն այսօր հանդիպել են Հասան Ջեմալի հետ, ով Հայոց ցեղասպանությունը ծրագրած երեք ոճրագործներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռն է:

Լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը հեղինակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որով, ըստ էության, անձամբ ընդունում է Հայոց ցեղասպանությունն ու ներողություն խնդրում դրա համար: Գիրքը թարգմանվել է նաև հայերեն, սակայն Հայաստանում թուրք հեղինակին և նրա առաջ քաշած գաղափարներն այնքան էլ միանշանակ չընդունեցին:

 

«Գիրքը թարգմանվել է Թյուրքագիտության ամբիոնի դասախոսների կողմից, սակայն տպագրության ընթացքում կատարվել են տեքստային խեղաթյուրումներ, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է «Հրանտ Դինք» հիմնադրամը,- ասում է թուրքագետ, Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանն ու հավելում,- թեպետ նա Ցեղասպանությունն ընդունել ու ներողություն է խնդրել, բայց ցանկալի կլիներ լսել նրա գնահատականները Հայոց ցեղասպանության իրավական, հատուցման խնդիրների մասին»:

 

Գրքում տեղ են գտել Հասան Ջեմալի՝ տարբեր տարիներին գրած հոդվածները, հանդիպումների մասին պատմող դրվագները, պատմում է նաև Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհվելու մասին: Ռուբեն Մելքոնյանի խոսքերով՝ գիրքը նաև ցույց է տալիս ցեղասպանության փաստի չընդունումից մինչև ընդունում ընկած էվոլյուցիան, երբ մարդը ժխտող է, հետզհետե դառնում է դրանով հետաքրքրվող, այնուհետև ճանաչող:

 

Համալսարանականների հետ հանդիպումը Հասան Ջեմալը սկսեց գրքի մասին պատմող փոքրիկ նախաբանով, որին հաջորդեցին ուսանողների հարցերը: Գրքում տեղ են գտել նաև կարծիքներ, որոնց հետ հայ ժողովուրդը համաձայն չէ, քանի որ դրանք հակասում են պատմական իրականությանը: Մասնավորապես հայ վրիժառուներին անվանում է «ավազակախումբ», իսկ Արցախի մասին գրում է, որ 1992-1993 թթ. հայերը «օկուպացրել են» Ադրբեջանի տարածքի 10%-ը:

 

Երկու ժամից ավելի տևած հանդիպման ընթացքում բավականին լարված մթնոլորտում ուսանողները նրան հարցեր էին տալիս՝ միևնույն ժամանակ պատմական փաստերով հերքում և հակադարձում նրա կարծիքը:

 

«Ես պատմաբան չեմ, Ղարաբաղի պատմությունը խորությամբ չեմ ուսումնասիրել և չեմ կարող վիճել պատմական փաստերի շուրջ, բայց տեսնում եմ, որ այս թեմայի նկատմամբ շատ զգայուն եք»,- նշեց թուրք հրապարակախոսը և կոնկրետ պատասխանից խուսափելու համար սկսեց խոսել նաև աշխարհում գոյություն ունեցող կոնֆլիկտային այլ գոտիների և հասարակությունների՝ դրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:

 

Երբ ուսանողների հարցերը սկսեցին ավելի քաղաքագիտական բնույթ կրել, Հասան Ջեմալը խնդրեց խոսել միայն գրքի մասին, քանի որ ինքը ո՛չ պետական պաշտոնյա է, ո՛չ  էլ Թուրքիայի պետական դիրքորոշումն է ներկայացնում: Միայն որպես թուրք հասարակության ներկայացուցիչ՝ կարծում է, որ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունն ու ներողություն խնդրի հայերից:

 

Նրա խոսքերով՝ գիրքը գրվել է, որպեսզի երկխոսության հարթակ դառնա հայ և թուրք հասարակությունների միջև՝ առանց ազգայնամոլական գաղափարների, և դրա համար անհրաժեշտ է հաղթահարել անցյալն ու նայել առաջ: Ի պատասխան՝ ուսանողներից մեկը հյուրին խնդրեց չխառնել հայրենասիրությունը ազգայնամոլության հետ, իսկ ինչ վերաբերում է անցյալին, հայերը պետք է ապագան կառուցեն հենց անցյալի պատմության վրա:

 

Ի դեպ, ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էր նաև հայ վրիժառուներից մեկի՝ «Նեմեսիս» գործողության մասնակից Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանը: