06.04.2010 | 
Ուսանողական, Հասարակություն
ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼԸ ԶԵՐԾ Է ՊԱՀՈՒՄ ԹՐԱՖԻՔԻՆԳԻՑ
ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼԸ ԶԵՐԾ Է ՊԱՀՈՒՄ ԹՐԱՖԻՔԻՆԳԻՑ
Ուսանողները տեղեկատվություն ստացան թրաֆիքինգի հետեւանքով առաջացած վտանգների եւ դրանցից խուսափելու վերաբերյալ:

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը, «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունն ու «Միավորված մեթոդիստների օգնության կոմիտեն» կազմակերպել էին «Թրաֆիքինգի գործոնը` որպես կարիերայի զարգացման խոչընդոտ» խորագրով սեմինար-դասընթաց:

 

«Դեմոկրատիան այսօր» հ/կ-ի` թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի ղեկավար Հասմիկ Էդիլյանն ուսանողներին մանրամասն ներկայացրեց, թե ինչպես պետք է խուսափել թրաֆիքինգի վտանգներից: Աշխատանքի առաջարկից բացի, թրաֆիքինգի դեպքեր են հանդիպում արտերկրում ուսումը շարունակելու կամ օտարերկրացու հետ ամուսնանալու պարագայում: Տիկին Էդիլյանն ուսանողներին խորհուրդ տվեց կյանքն արտասահմանցու հետ կապելուց առաջ ուշադրությամբ ուսումնասիրել տվյալ երկրի օրենդրությունը: Արտերկիր մեկնելուց առաջ պետք է ունենալ տվյալ երկրում գործող միջազգային կազմակերպությունների, Հայաստանի հյուպատոսարանների ու հայկական եկեղեցիների կոնտակտային տվյալները: «Հաճախ երիտասարդները ոգեւորվում են լավ աշխատանք ունենալու գայթակղությունից եւ անիրազեկվածության պատճառով փաստի առջեւ են կանգնում»,- նշում են ոլորտի փորձագետները եւ ուսանողներին հորդորում նման դեպքերում զգույշ գործել:

 

«Միավորված մեթոդիստների օգնության կոմիտեի» կոորդինատոր Վիկտորիա Ավակովան ասում է, որ թրաֆիքինգի ենթարկված հայերի մեծ մասը երիտասարդներ են, եւ մեր երկրում հանդիպում են նաեւ ներքին թրաֆիքինգի դեպքեր, երբ մարզերից գալիս են մայրաքաղաք աշխատելու: ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը եւս փաստում է, որ թրաֆիքինգի թեման արդիական է հատկապես երիտասարդների համար:

 

«Աշխատանք փնտրող երիտասարդները հաճախ են ընկնում մոլորության մեջ, ուստի նմանօրինակ դասընթացները նպաստում են, որպեսզի ուսանողներն աշխատանք ընտրելուց առաջ ճիշտ կողմնորոշվեն»,- ասում է Կարինե Նազարյանը: Նշենք, որ այս խորագրերով սեմինարներ ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը պարբերաբար է կազմակերպում, եւ հաշվի առնելով ուսանողների հետաքրքրվածությունը` անհրաժեշտություն առաջացավ եւս մեկ անգամ սեմինար կազմակերպելու:

 

Ուսանողներին բաժանվեցին գրքույկներ ու բուկլետներ, որոնցում նշված էին թրաֆիքինգից խուսափելու մեթոդներն ու թեժ գծի հեռախոսահամարը, որով կարելի է զրուցել մասնագետների հետ եւ խորհուրդներ ստանալ: Վերջում ցուցադրվեց իրական պատմությունների հիման վրա նկարահանված ֆիլմ:

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԼՍԵԼՈՒ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՏԵԼՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
ԵՊՀ աստղադիտարանը դպրոցական և այլ խմբերի համար իրականացնում է վճարովի ծառայություններ՝ պատմելով տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների մասին, ինչպես նաև կազմակերպելով աստղադիտակով երկնային մարմինների ցուցադրություն:
ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին: