05.11.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ մեկնաբանում են հայկական հեռուստաեթերի հեղինակային հաղորդումների որակը:

Նոյեմբերի 5-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում անցկացվեց «Հեղինակային հաղորդումները ՀՀ հեռուստաեթերում» խորագիրը կրող գիտաժողով: Այն նվիրված էր ֆակուլտետի 10-ամյակին եւ երջանկահիշատակ Գառնիկ Անանյանի ծննդյան 75-ամյակին: Զեկույցներով հանդես եկան բակալավրիատի 4-րդ ու մագիստրատուրայի 1-ին եւ 2-րդ կուրսերի ուսանողները:

 

«Քանի որ հեղինակային հաղորդումների թեման քիչ է ուսումնասիրված, եւ եթերում հայտնվել են նոր հաղորդումներ, որոնք թեկուզ մեկնաբանվելու կարիք ունեն, ուստի որոշեցինք դրանց մոտենալ գիտական տեսանկյունից: Ուսումնասիրությունների իրականացումն հանձնարարվել է միայն բարձր կուրսերի ուսանողներին, որպեսզի ավելի հասուն ու խորը մոտեցում ցուցաբերվի»,- տեղեկացրեց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Վարդիթեր Ղազարյանը: Գիտաժողովի բացմանը ներկա էին ֆակուլտետի ղեկավարությունը, ուսանողներ, դասախոսներ, ինչպես նաեւ հյուրեր այլ ֆակուլտետներից:

 

«Ե՛վ գիտաժողովի թեման է արդիական, ե՛ւ զեկույցների հեղինակների մոտեցումները: Այնուամենայնիվ, դեռ կան խնդիրներ, որոնք չեն ընդգրկվել գիտաժողովի օրակարգում: Ես կարծում եմ, որ մենք որոշ ժամանակ անց կկազմակերպենք եւս մեկ այսպիսի գիտաժողով, որից այդ թեմաները դուրս չեն մնա: Հուսով եմ, որ այդ ժամանակ խնդիրներին կմոտենաք ավելի «խնամքով» ու կհաղորդեք ավելի մեծ գիտականություն` նախապատրաստվելով ապագա գիտական գործունեությանը»,- ասաց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

 

4-րդ կուրսի ուսանող Վրույր Թադեւոսյանը ընտրել է «Զրույցը տեղեկատվական- ժամանցային հեղինակային հաղորդումներում» թեման եւ փորձել է իր աշխատանքում ցույց տալ այսօրվա եթերում դրա կիրառության թերի եւ դրական կողմերը: «Զրույցի ժանրը ունի շատ մեծ առանձնահատկություն, իսկ հեղինակային հաղորդումներում այն այլ կարեւորություն է ստանում, հաղորդմանը առավելություն է տալիս, եթե, իհարկե, կատարվում է վարպետորեն: Իմ նպատակն էր ուսումնասիրության միջոցով պարզել, թե ինչ չափով են պահպանվում կանոնները եւ ինչպես են հետեւում դրանց:

 

Հաճախ հաղորդումն անհաջող է ստացվում այն պարզ պատճառով, որ զրույցը վարողը լրագրող չէ, այլ մեկը, ով ուղղակի ընտրվել է լրատվամիջոցի ղեկավարության կողմից»,- ասում է նա: Գիատաժողովի մասնակիցները, իբրեւ նվեր, գրքեր ստացան, որոնք վերաբերում են ոչ միայն ժուռնալիստիկային, այլեւ հոգեբանությանը, փիլիսոփայությանը, հռետորիկային եւ այլն: Կազմակերպիչներն ընտրել են այնպիսի գրքեր, որոնք զուտ ուսուցողական լինելուց բացի, նաեւ բարձրացնում են մարդու ընդհանուր զարգացվածության մակարդակը: Լավագույն զեկույցները կտպագրվեն ֆակուլտետում լույս տեսնող «Քայլ» ժողովածուի մեջ:

 

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Կառլեն Խաչատրյանն էլ նշեց, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն վերջին ժամանակահատվածում բավական ակտիվացրել է իր գործունեությունը: Եվ կոչ արեց բոլորին մասնակցելու այսպիսի միջոցառումների, որովհետեւ այստեղ է ի հայտ գալիս գիտական ներուժը, իսկ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ըստ նրա, բավական մեծ ներուժ ունի:

Այլ նորություններ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. ՍԻՍԱԿՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ամենամյա գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: