07.12.2017 | 
Կրթություն
ԵՊՀ ԹԻՄԸ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԵՎ ՃԱՆԱՉՎԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵՊՀ ԹԻՄԸ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԵՎ ՃԱՆԱՉՎԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 2-3-ը ԵՊՀ թիմերը Թբիլիսիում մասնակցել են «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի կիսաեզրափակիչ փուլին:

ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող աշխարհում հայտնի ամենամյա մրցույթի հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանային մրցույթն այս տարի տեղի է ունեցել դեկտեմբերի 2-3-ը և միաժամանակ անցկացվել է Սանկտ Պետերբուրգում, Բարնաուլում, Ալմա Աթայում և Թբիլիսում, որտեղ էլ որոշվել են այդ տարածաշրջանի եզրափակիչ փուլի մասնակիցները:

 

ԵՊՀ թիմերը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի համալսարանները ներկայացնող մյուս թիմերի հետ մրցել են Թբիլիսիում, որտեղ «ԵՊՀ 1-ին» թիմը բարձր միավորներ է հավաքել, բայց, ցավոք, չի կարողացել նվաճել եզրափակչի ուղեգիր: 

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի դեկան և մրցույթի հայաստանյան տնօրեն Վահրամ Դումանյանը փաստեց, որ թիմը մեծ գնահատանքի է արժանի. «Թիմը դեռ երիտասարդ է և առաջին անգամ է մասնակցում մրցույթին: Պետք է ասեմ, որ շատ քիչ միավոր էր պակասում, որ նվաճեինք եզրափակչի ուղեգիրը, բայց հույս ունեմ, որ հաջորդ անգամ  կհասնենք ցանկալի արդյունքի»:

 

Վահրամ Դումանյանը հավելեց նաև, որ «ԵՊՀ 1-ին» թիմն այս տարի դարձել է մրցույթի հայաստանյան չեմպիոն: Հիշեցնենք, որ այս տարի հեղինակավոր օլիմպիադային ԵՊՀ-ն և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը ներկայացել էին 5-ական թիմերով, Հայաստանի ամերիկյան համալասարանը՝ 3:

 

Թիմային պայքարից բացի՝  մրցույթի շրջանակում Թբիլիսիում անցկացվել է նաև Հարավային Կովկասի անհատական բաց առաջնությունը, որին մասնակցել են 74 ուսանողներ, այդ թվում՝ ԵՊՀ ներկայացուցիչներ:

 

Անհատական պայքարի արդյունքում 1-ին և 2-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ Ալբերտ Սահակյանը և Հրայր Հարությունյանը, իսկ նույն ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Մամիկոնյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

 

 

Վահրամ Դումանյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ նմանօրինակ մրցույթները ենթադրում են նաև հովանավորություն. «Ինչպես անցած բոլոր տարիներին, այս տարի նույնպես բոլոր ծախսերը հոգացել է ԵՊՀ-ն, որը շատ կարևորում է այս գործընթացը: Հաճելիորեն ուզում եմ նշել նաև, որ արդեն երկրորդ անգամ մեզ որոշակի չափով աջակցել է «Հայկական ծրագրեր» ընկերությունը, ինչի համար ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել»:

 

Վահրամ Դումանյանը հաստատեց նաև, որ ԵՊՀ-ն հետագայում ևս շարունակելու է մասնակցել հեղինակավոր մրցույթին:

Այլ նորություններ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ  ՆՊԱՍՏՈՂ ԴԱՍԸՆԹԱՑ
Այսօր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում դասախոսների համար կազմակերպել էր դասընթաց, որի նպատակն է նպաստել համալսարանի միջազգայնացման քաղաքականությանը: Նշենք, որ դասընթացների ավարտից հետո մասնակիցներին կտրվի մեկ կրեդիտ։
«ԶՈՀԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄԱԳԻՍՏՐԱՆՏ ՆԵԼԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Հայոց ցեղասպանության առջև օրեցօր ծառացող մարտահրավերներն առավել պահանջված են դարձնում հարցին տիրապետող, բանիմաց երիտասարդ մասնագետներին: