27.09.2019 | 
Գիտություն
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողով՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին:

Նախքան խորհրդաժողովի մեկնարկը ԵՊՀ-ի և գործընկեր 5 կառույցների միջև կնքվեցին համագործակցության պայմանագրեր:

 

Գիտակրթական և գործնական ոլորտներում ԵՊՀ-ի հետագա համագործակցությունն ամրագրվեց Բրազիլիայի Սան Պաուլոյի, Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանների, Ռուսաստանի ԳԱԱ Եվրոպայի ինստիտուտի, Մեքսիկայի քոլեջի ասիական և աֆրիկյան հետազոտությունների կենտրոնի հետ, ինչպես նաև վերակնքվեց Թբիլիսիի պետական համալսարանի հետ ունեցած համագործակցության հուշագիրը:

 

Կնքված պայմանագրերի համաձայն՝ կողմերն իրականացնելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական բնույթի, համատեղ նորարարական, դրամաշնորհային և փոխանակման ծրագրեր, կազմակերպելու են գիտաժողովներ, սեմինարներ, խորհրդակցություններ, փոխանակելու են գիտական, մասնագիտական գրականություն, մեթոդական ձեռնարկներ, աշխատություններ, պարբերականներ և այլ նյութեր:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ յուրաքանչյուր համագործակցություն ունենալու է  կոնկրետ ուղղվածություն և միտված է լինելու կրթության միջազգայնացմանն ու որակի բարելավմանը:

 

 

Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի ռեկտոր Վահան Հակոբյանի հավաստմամբ, յուրաքանչյուր համալսարանի զարգացման համար շատ կարևոր է միջազգային համագործակցությունը. «Ինձ համար շատ հաճելի է գտնվել Երևանում և մասնակցել համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին, միևնույն ժամանակ ստորագրել համաձայնագիր ԵՊՀ-ի և Սան Պաուլոյի համալսարանի միջև»:

 

Այսօր տեղի ունեցած խորհրդաժողովը նպատակ ուներ ներկայացնելու բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրները և փնտրելու դրանց լուծման եղանակները: Խորհրդաժողովին զեկուցումներով հանդես եկան միջազգային ճանաչում ունեցող բուհերի ռեկտորներ և ներկայացուցիչներ՝ քննարկման առարկա դարձնելով թեմաներ, որոնք այսօր արդիական են:

 

Ալեքսանդր Մարգարովի փոխանցմամբ, ներկայացված թեմաները ԵՊՀ-ի համար շատ կարևոր են, քանի որ այժմ նախապատրաստվում է ԵՊՀ զարգացման ռազմավարական նոր ծրագիրը, այդ տեսանկյունից ևս շատ կարևոր է գաղափարների և մտքերի փոխանակումը գործընկերների հետ:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանն ասաց, որ այսօր կրթության բնագավառում բազմաթիվ խնդիրներ կան. «Համընդհանուր խնդիրներից մեկը, որն ուզում եմ առանձնացնել, կրթության վերաիմաստավորումն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ կրթություն ստանալու հնարավորություններն այսօր շատ են, և այդ պայմաններում պետք է նոր բովանդակություն տալ համալսարանական կրթությանը»:

 

 

«Այսօր փոխվել է նաև գիտելիքի քանակի հետ կապված հարցը: Եթե նախկինում պետք էր մեծ քանակի գիտելիք ունենալ, ապա այսօր համացանցի միջոցով կարելի է շատ արագ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն պետք է հիմնական տեղեկություններ ունենալ՝ չմոլորվելու և չխճճվելու համար»,- ասաց Ռաֆայել Բարխուդարյանը:

 

Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի ռեկտոր Վահան Հակոբյանի կարծիքով, կրթության հիմնական խնդիրներից է ապացուցել, որ այդ ոլորտում ներդրումներ կատարելը միջոցների վատնում չէ. «Պետությունը չի կարող զարգացած լինել, եթե բարձրագույն կրթության մեջ ներդրումներ չկան: Ես շատ ուրախ եմ, որ այն տարիներին հայ առաջնորդները, չնայած պատերազմին, Ցեղասպանությանը, առաջին իսկ հնարավորության դեպքում հիմնադրեցին այս համալսարանը, ինչը կարևոր աջակցություն էր պետության համար»:

 

Մեզ հետ զրույցում Նովգորոդի պետական համալսարանի պրոռեկտոր Դանիիլ Կրապչունովն ասաց, որ արդի մարտահրավերներին զուգընթաց՝ այժմ իրենց համալսարանում սկսել են իրականացնել կրթական համակարգի համընդհանուր բարեփոխումներ. «Մեր համալսարանում գործում են տարբեր ուղղություններ ունեցող ինստիտուտներ՝ բժշկական, փիլիսոփայական, հոգեբանական և այլն: Այժմ մենք ընդհանուր դասախոսությունները կազմակերպում ենք այնպես, որ տարբեր ինստիտուտների ուսանողները լինեն նույն լսարանում»:

 

«Բացի դրանից՝ մենք առաջինկուրսեցիների շրջանում շուտով ստեղծելու ենք խմբեր, որոնց կազմում լինելու են ուսանողներ տարբեր ինստիտուտներից: Նրանք լուծելու են կոնկրետ առաջադրանքներ՝ բարելավելով ուսանողների և քաղաքի կյանքը: Մենք սկսել ենք հատուկ նախագիծ՝ քաղաք-համալսարան: Այսինքն՝ քաղաքը համալսարան է, իսկ համալսարանը՝ քաղաք: Հետևաբար խմբերի անդամները՝ որպես քաղաքացիներ, պետք է գտնեն լուծումներ, որոնք կհեշտացնեն իրենց կյանքը»,- ասաց Դանիիլ Կրապչունովը:

 

 

Նա նշեց նաև, որ իրենք կազմակերպում են հանդիպումներ քաղաքապետի հետ, որի ժամանակ ուսանողական խմբերը ծանոթանում են քաղաքի խնդիրների հետ և որոշում՝ ինչ կարելի է անել: Կիսամյակի ավարտին կազմակերպվում են այդ նախագծերի պաշտպանություններ:

 

«Այդ նախագծի միջոցով ուսանողները ձեռք են բերում իրավասություն, մասնակցում հատուկ դասընթացների՝ ձեռք բերելու այն գիտելիքները, որոնք իրենց պետք են խնդիրների լուծման համար: Այդկերպ նրանք ձեռք են բերում նաև համապատասխան հմտություններ և հետզհետե դառնում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետ»,- փաստեց Նովգորոդի պետական համալսարանի պրոռեկտորը:

 

Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր Մարտին Թամքեն, մեզ հետ խոսելով ժամանակակից կրթության մարտահրավերների մասին, նշեց, որ այս թեման շատ բազմաշերտ է, քանի որ մի կողմից՝ պետք է պահել այն չափանիշները, որոնք ապահովում են որակյալ  կրթություն, իսկ մյուս կողմից՝ ներկայիս մարտահրավերներն այնպիսինն են, որ յուրաքանչյուրը պետք է սովորի ոչ միօրինակ մտածել, հակառակ դեպքում այդ մարտահրավերների հաղթահարումը կձախողվի:

 

«Հայաստանի համար լավ կրթությունը հնարավորություն է՝ ճիշտ գնահատելու սեփական կարգավիճակն ու տարածաշրջանային մարտահրավերները: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը գտնվում է բավականին բարդ տարածաշրջանում, դրա համար շատ կարևոր է, որ հայերը սովորեն վերլուծել ստեղծված իրավիճակը, ազատորեն արտահայտել սեփական մտքերն ու երկրի առաջընթացին ուղղված քայլեր ձեռնարկեն»,- ասաց Մարտին Թամքեն:

 

Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց միմյանց հարցեր ուղղելու և քննարկելու բարձրաձայնված խնդիրները:

 

Քնար Միսակյան

 

 

Այլ նորություններ
«ԳԵՐՄԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ԱՄՐԱՊՆԴՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ՕՏԱՐԱԽՈՍ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆ
Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի գերմանագիտական ամբիոնի ցկյանս պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր, գերմանագետ և հայագետ Դորա Սաքայանը, ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ հրավիրվելով Հայաստան, առիթը բաց չի թողել մեկնելուց առաջ լինելու Մայր բուհում ու իր հրատարակած վերջին գիրքը՝ «2500 proverbes arméniens traduits en français» («2.500 հայկական առածներ՝ ֆրանսերեն թարգմանությամբ»), ինչպես նաև այդ գրքի նախապես լույս տեսած անգլերեն տարբերակը նվիրելու Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանին:
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») կողմից կազմակերպված Գլոբալ նորարական ֆորումի («GIF») շրջանակում ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են եկել ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովն ու Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը: