13.12.2017 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԿԳՆ-ի և ԵՊՀ-ի համատեղ նախաձեռնությամբ իրականացված հանդիպման առանցքում նոր օրենքի նախագծի քննարկումն էր, որը պայմանավորված է բարձրագույն կրթության բնագավառում կրթության կազմակերպման իրավակազմակերպական, ֆինանսական հարաբերությունների հստակեցման, բուհերի ակադեմիական կառավարման, ֆինանսական հարաբերությունների ընդհանուր սկզբունքների, պայմանների և պահանջների հստակ սահմանման ու ապահովման անհրաժեշտությամբ:

 

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:

 

Լրագրողների հետ ունեցած զրույցում ԿԳ նախարարը փաստեց, որ քննարկումներ արդեն եղել են և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերի ռեկտորների խորհուրդներում. «Կլինեն նաև հասարակական կազմակերպությունների հետ քննարկումներ, ինչպես նաև հանրային քննարկում: Քննարկումներից հետո կամփոփենք և նախագիծն արդեն կներկայացնենք կառավարությանը»:

 

Նախարարի պնդմամբ՝ օրենքը պարունակում է լուրջ հիմնադրույթներ, որոնցով սահմանվում կամ լիովին վերանայվում են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ. «Կենտրոնում ուսանողն է, ով իր կրթությունը կստանա ազատ շրջագայության միջոցով: Բակալավրիատում 250 միավոր հավաքելու համար ուսանողին տրվում է ընտրություն՝ այն հավաքելու կա՛մ երկարաժամկետ, կա՛մ կարճաժամկետ հատվածում»:

 

 

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ուսանողներին ներկայացրեց նոր օրենքի նախագծի հիմնական դրույթները:

 

Ըստ նոր օրենքի՝ ներդրվելու են ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքներ և պայմաններ, որոնցից են, օրինակ, կրթության եռաստիճան համակարգը, բարձրագույն կրթության կարճ շրջափուլը՝ նախաբակալավրի որակավորումը, մասնագիտության դոկտորի աստիճանը (գիտությունների թեկնածու՝ PhD) և այլն:

 

Ներդրվելու են բուհերի ֆինանսավորման սկզբունքներ և պայմաններ, դրանց ինստիտուցիոնալ ինքնավարության և հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության ապահովման ընդունված պահանջներ և մեխանիզմներ:

Նոր օրենքով հստակեցվելու են նաև բուհերի ուսանողական մարմինների դերը և բուհի կողմից տրամադրվող ֆինանսավորման ֆիքսված չափը:

 

Հանդիպման ընթացքում ուսանողները տվեցին իրենց հուզող հարցերը և հանդես եկան առաջարկներով:

Մասնավորապես ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանն առաջարկեց «Օրենքի նախագծի հասկացություններ» բաժնում ներառել և սահմանել նաև «ուսանողական խորհուրդ» և «ուսանողական ինքնակառավարում» հասկացությունները: Արմեն Խաչիկյանն անդրադարձավ նաև բուհի կառավարման մարմիններում ուսանողների ներգրավվածությանը. «Հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված փոփոխությունը, և ըստ էության, մենք պետք է հիմնվենք ուսանողակենտրոն մոտեցման վրա: Կարծում եմ՝ պետք է պահպանել 25% ներգրավվածությունը»:

 

Նախարարը պատասխանեց, որ փորձ է արվել հավասարակշռելու բուհի կառավարման մարմինները. «Երբ դիտարկում ենք արտասահմանյան բուհերի փորձը, ապա տեսնում ենք, որ այնտեղ խորհուրդները շատ փոքր են և շատ գործնական: Նման օրինակ ունենք նաև Հայաստանում՝ Ամերիկյան համալսարանի օրինակով»:

 

Նախարարը ուսանողներին հորդորեց գրավոր ներկայացնել առաջարկները և խոստացավ, որ դրանց անպայման կտրվեն պատասխաններ:

Այլ նորություններ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ  ՆՊԱՍՏՈՂ ԴԱՍԸՆԹԱՑ
Այսօր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում դասախոսների համար կազմակերպել էր դասընթաց, որի նպատակն է նպաստել համալսարանի միջազգայնացման քաղաքականությանը: Նշենք, որ դասընթացների ավարտից հետո մասնակիցներին կտրվի մեկ կրեդիտ։
«ԶՈՀԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄԱԳԻՍՏՐԱՆՏ ՆԵԼԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Հայոց ցեղասպանության առջև օրեցօր ծառացող մարտահրավերներն առավել պահանջված են դարձնում հարցին տիրապետող, բանիմաց երիտասարդ մասնագետներին: