20.02.2017 | 
Ուսանողական
ԳՐՔԻՑ ԴԵՊԻ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ. ՏՈՆԸ «ԳՐՔՈՏ» ԷՐ
ԳՐՔԻՑ ԴԵՊԻ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ. ՏՈՆԸ «ԳՐՔՈՏ» ԷՐ
ԵՊՀ ուսանողները Գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպել էին մի շարք միջոցառումներ:

Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է որպես Գիրք նվիրելու օր՝ ի հիշատակ մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի: Տոնն էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով փետրվարի 19-ին հաջորդող աշխատանքային շաբաթվա առաջին օրը ԵՊՀ ուսանողները նվիրեցին գրքի և գրողների հետ շփմանը։ Նրանք նախ հյուրընկալեցին գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանին, ապա լուսանկարիչ, գրող Էդգար Հարությունյանին։

 

Հանդիպումների կազմակերպիչն ու համակարգողը ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն էր:

 

Հովիկ Չարխչյանը  սևակագիտական մի շարք աշխատությունների հեղինակ է։ Օրն էլ նպաստեց, որ երիտասարդներին ծանոթացնի գրականագիտական որոշ հարցերի: Ըստ նրա՝ գրականությունը սիրում է լուռ անդրադարձ: Տարիների հետ են գրական կերպարները դառնում ընկալելի. «Գրողը չի գնահատվում գրաքննադատի կողմից, գրողի դիմագիծը ժողովրդի կողմից ընդունված ու սիրված լինելով է դառնում հաստատուն»:

 

Հովիկ Չարխչյանը գիրքն ու գրականությունը համարում է մարդուն տրված գործիք, իսկ  դրական կամ բացասական ընկալումները անհատի ընտրությունն է: Գեղարվեստի մեջ մերժվում են գռեհիկ արտահայտությունները, քանի որ գեղեցիկ արվեստի մասին խոսելիս տգեղը մերժվում է:

 

Մի փոքր հիասթափությամբ գրողը նշեց, որ մեր իրականության մեջ գրականության ակտուալությունը ձևավորում են գրավաճառները:

Հանդիպման ընթացքում հետաքրքիր կենցաղային օրինակներից մինչև գրականության վեհ գաղափարների համեմատականներն օգնում էին ավելի ընկալելի դարձնել  գրականության կարևորությունը ուսանողների համար:

 

 

Ուսանողների հաջորդ հյուրը «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» և «Չգտնված երիցուկներ» գրքի հեղինակ Էդգար Հարությունյանն էր: Ի սկզբանե հյուրը հրաժարվեց  գրքի և իր անձնականի համեմատական քննարկումներից՝ ակնկալելով ավելի կարևոր հարցեր:

 

Էդգար Հարությունյանն իրեն գրող չի համարում. կարծում է, որ գիրք տպագրելը մեր օրերում գրպանի ծանրության հարց է: «Գրողին  դատում է ընթերցողը, պահանջարկի մասին էլ խոսում է գրքերի տպաքանակը»,- ասում է նա ու ցավով հավելում, որ մարդիկ  մեր օրերում գրում են անձնական պատմություններ ու ժամանակ կամ տրամադրություն չունեն երևակայելու:  

 

Հանդիպման ընթացքում, քննարկումներից բացի, անցկացվեց նաև խաղ, որի հաղթողի մրցանակը «Չգտնված երիցուկներ» գրքի տեսքով էր, այն էլ՝ հեղինակի մակագրությամբ: 

 

Այս հանդիպումներից հետո ուսանողությանը սպասվում էր ևս մեկ նվեր՝ Հերման Հեսսե «Ներսը և դուրսը» գրքի քննարկումը։ Այս դեպքում էլ ուսանողները փորձում էին հասկանալ գրողի անձնական կյանքի և գրվածքի միջև կապը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: