24.01.2007 | 
Հասարակություն
ՍՊԱՆԵՑԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՅ Է
ՍՊԱՆԵՑԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՅ Է
Երեւանի պետական համալսարանի ուսանողները դատապարտում են Թուրքիայի հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը:

Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանի գրողների միությունը, մի շարք հասարակական կազմակերպություններ բոլոր բուհերի ուսանողների մասնակցությամբ հունվարի 24-ին հանրահավաք էին կազմակերպել Երեւանի Շահումյանի անվան հրապարակում: Դրանից հետո սգո երթը շարժվեց դեպի կորստի ու միասնության խորհրդանիշ դարձած Ծիծեռնակաբերդ:

Մայր բուհի առջեւ հավաքված 100-ավոր ուսանողները, չնայած քննական շրջանին, եկել էին մասնակցելու Հրանտ Դինքի հիշատակի խնկարկմանը: «Սա առաջին հերթին թուրքահայ մտավորականի հիշատակի հարգման արարողություն է: Համալսարանը` որպես պետական հաստատություն, իր վրդովմունքն ու բողոքի ձայնն է բարձրացնում այս կարգի երեւույթների դեմ»,- ասաց ԵՊՀ պրոռեկտոր Արսեն Քարամյանը:

Ըստ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Համլետ Մանուկյանի` կարեւոր չէ, թե որ բուհից քանի ուսանող ներկա կլինի հանրահավաքին: «Կարեւորը բոլորիս միասնականությունն է»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գառնիկ Անանյանն ասաց. «Մեր միլիոնավոր զոհերի հիշատակը բոլորիս պարտադրում է այսօր մեկ անգամ եւս բողոքի ձայն բարձրացնել, որ Եղեռնի շարունակությունը դադարի: Կճանաչեն, չեն ճանաչի, գլուխները քարը. բայց եղեռնն այդ երկրում չպետք է շարունակվի»:

«Ցավալին այն է, որ բոլորս տեղյակ էինք Հրանտ Դինքի հասցեով եկող սպառնալիքների փաստին, իսկ գուցե պետք է ավելի շո՞ւտ պայքարեինք, որ հայ լրագրողի կյանքը նման ողբերգական ավարտ չունենար»,- կարծում է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Զարուհի Սարիբեկյանը:

Իրավագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Տարոն Սիմոնյանը Դինքի սպանությունը երկու կողմից է դիտարկում: «Նախ` սա ոտնձգություն է ազատ արտահայտվելու իրավունքի դեմ (վերջինս պաշտպանվում է մոտ 20 միջազգային կոնվենցիաներով), եւ երկրորդ` ամեն մի նման հանցագործության ետեւում կանգնած են քաղաքական ուժեր»:

Գառնիկ Անանյանը կարեւորում է միջազգային հանրության դերը. «Մենք մեր ուժերով չենք կարող կասեցնել արյունոտ ձեռքերի հանցագործությունը: Իսկապես ժողովրդավարական երկրները պետք է իրենց ձայնը բարձրացնեն այս երեւույթի դեմ, այլապես պիտի կոչվեն «մեծ փարիսեցիներ»: Ամոթ աշխարհին, եթե նման բաները կհանդուրժի»:

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԻԱԿ ԿԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանի ծննդյան 90-ամյակը:
«ԵՍ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՄԱՆ ԽԵԼԱՑԻ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՂ, ԾԱՅՐԱՀԵՂ ՀՈԳԱԾՈՒ ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մակարյանի ու կնոջ՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի N 2 ամբիոնի դոցենտ Հայկանուշ Շարուրյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն: