11.10.2018 | 
Գիտություն
ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«Իրանական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»-ը անց է կացվում հոկտեմբերի 11-13-ը Երևանի պետական համալսարանում:

Իրանական լեզվաբանության միջազգային գիտաժողովը (ICIL) միտված է լեզվաբաններին ու բանասերներին աշխարհի բոլոր ծայրերից համախմբել իրանագիտության շուրջ: Նախորդ տարիներին այն անցկացվել է Ռուսաստանում (2017) և Վրաստանում (2016): Այս տարի այն անց է կացվում Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում:

Գիտաժողովին մասնակցում են բազմաթիվ գիտնականներ Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Հվ. Կորեայից և մի շարք այլ երկրներից:




ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ իրանական լեզվաբանությանը նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և շնորհակալական խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ով նշեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից, և առանց «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի աջակցության՝ գիտաժողովը հնարավոր չէր լինի կազմակերպել:



Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ սիրով և ուրախությամբ է ողջունում «Իրանական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»-ը, որը տեղի է ունենում Երևանի պետական համալսարանում:

«Այս գիտաժողովի անցկացումը ԵՊՀ-ում և հատկապես Իրանագիտության ամբիոնում վկայում է այն բանի մասին, որ այն համաշխարհային իրանագիտության կենտրոններից մեկն է, և տարիներ շարունակ իրականացված աշխատանքները համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին»,- ասաց պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանում և հայ ժողովրդի մոտ իրանագիտության հանդեպ հետաքրքրությունն ունի դարերի պատմություն, ինչը հիմնված է ոչ միայն Իրանի հետ բարեկամական հարաբերությունների, այլ նաև գիտական լայն շրջանակի նկատմամբ հետաքրքրության վրա:



«Ես ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում համաշխարհային կարևորության 2 միջոցառում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և գիտական ասպարեզում դրան համարժեք այս գիտաժողովը»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը:

Գիտաժողովին մաղթելով արդյունավետ աշխատանք և քննարկումներ՝ նա հույս հայտնեց, որ համաժողովը ևս մի կարևոր քայլ է լինելու՝ նպաստելու համաշխարհային իրանագիտության զարգացմանը:

Ըստ պրոֆեսոր Մելքոնյանի՝ Հայաստանն ունի իրանագիտական շատ յուրահատուկ դպրոց, որի թե՛ տաղանդավոր երիտասարդ կադրերը, թե՛ իրանագիտության ասպարեզում անվերապահ հեղինակություն վայելող Գուրգեն Մելիքյանը լուրջ քայլերով առաջ են տանում իրանագիտության հայկական դպրոցը:

Ողջույնի խոսքերից հետո տարբեր երկրներից մասնագետները ներկայացրին իրենց զեկույցները իրանական լեզվաբանության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ միջազգային գիտաժողովը շարունակվելու է հոկտեմբերի 12-ին և 13-ին՝ ժամը 09:00-ից, ԵՊՀ Արևելագիտության մասնաշենքի՝ համապատասխանաբար Երկանյանների և Ֆիրդուսիի անվան դահլիճներում:

 

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏ․ ՊԱՅՔԱՐ ԲՆՈՒԹՅԱՆ ԴԵ՞Մ
21-րդ դարում արհեստական ինտելեկտը հեղեղել է աշխարհը․ խելացի սարքավորումներ, մեքենաներ, տներ, մարդիկ։ Ի՞նչ կարելի է սպասել այս տեմպով զարգացող տեխնոլոգիաներից։ Հարցի մասին զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Սամսոն Դավոյանի հետ։
«ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ». ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ» 6-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը: