16.12.2008 | 
Ուսանողական, Քաղաքականություն, Կրթություն
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
«Միջազգային կառույցները կոչված են միավորելու տարբեր պետություններ` առավել արդյունավետ լուծումներ գտնելու համընդհանուր խնդիրների համար»:

Դեկտեմբերի 15-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն: Նա, 1974 թվականին ավարտելով Փարիզի քաղաքագիտական դպրոցը, անցել է դիվանագիտական աշխատանքի: Որոշ ժամանակ անց Ֆրանսիայից տեղափոխվել է ՄԱԿ-ի գրասենյակ` որպես օգնական:

 

Տարիներ անց վերադարձել է Ֆրանսիա` աշխատելով տարբեր պաշտոնյաների հետ: Որոշ ժամանակ անց նշանակվել է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ: 2005 թվականին նշանակվում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար: 3 տարի անց` 2008 թ-ին, վերընտրվել է: Հյուրն ուսանողներին նախ եւ առաջ պատմեց ԵԱՀԿ-ի մասին` ինչ է այն, ինչպես է ստեղծվել:

 

«Նման կազմակերպություններն անընդհատ զարգացման փուլում են: Պետք է դիտարկել միջազգային կառույցները ոչ թե որպես ստատիկ, այլ դինամիկ կազմակերպություն»,- ասաց գլխավոր քարտուղարը` հավելելով, որ միջազգային կառույցներն, առհասարակ, ոչ միայն արձագանքում են կոնկրետ իրավիճակին, այլեւ ունենում են իրենց սեփական նախագծերը:

 

Ներկայացնելով կազմակերպության պատմությունը` Մարկ Պերեն դը Բրիշամբոն նշեց, որ 1970-ականներին Եվրոպան 2 հզոր հակամարտող բլոկի էր բաժանված: Այդ ժամանակաշրջանում բավականին հզոր, բայց չեզոք էր Ֆինլանդիան: Վերջինս էլ որոշեց երկխոսություն սկսել Եվրոպական անվտանգության վերաբերյալ:

 

1973 թվականին 35 երկրի ներկայացուցիչ հանդիպեցին Ֆինլանդիայում` ուրվագծելու համար, թե եվրոպական անվտանգությունն ինչ է իրենից ներկայացնելու: Այսօր ԵԱՀԿ-ն մի կառույց է, որին մտահոգում են քաղաքական, տնտեսական խնդիրները, շրջակա միջավայրի անվտանգությունը: Երբ ուսանողները հարցրին ԵԱՀԿ-ի եւ ՆԱՏՕ-ի դերերի նմանության մասին, պարոն դը Բրիշամբոն պատասխանեց. «ԵԱՀԿ-ն եւ ՆԱՏՕ-ն ունեն առանձին դեր ու նշանակություն: Տարբեր հարցերի փաթեթներ կան, որոնք այս կամ այն կառույցի գործունեությանն են վերաբերում:

 

Հարկավոր է գործունեության բնագավառում կոմպլեմենտար քաղաքականություն վարել»: Ապագա դիվանագետներին հատկապես հետաքրքրում էր Ղարաբաղյան հակամարտության լուծումը, այդ հարցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դերակատարությունը, Լեռնային Ղարաբաղում խաղարար ուժերի ներկայության հնարավորությունը:

 

«Տարածաշրջանում խաղաղարար ուժերի ներկայության հարցում կողմերը նախ համաձայնության պետք է գան, հետո էլ` պետք է խաղաղարարների հանդեպ վստահություն լինի, վստահություն, որ նրանք ամեն ինչ արդյունավետ կանեն»: ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը տեղեկացրեց, որ Մայր բուհը ԵԱՀԿ-ի հետ աշխատանքի հարուստ փորձ ունի: Հյուրը, հրաժեշտ տալով ուսանողներին, շնորհակալություն հայտնեց ցուրտ դահլիճում իր հետ հանդիպմանը մասնակցելու համար: Իսկ Հայաստանին մաղթեց խաղաղություն, առաջընթաց, հաջողություն:

Այլ նորություններ
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին:
 «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՐՈՇ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՈՒՍՈՒՄԸ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երևանի և Սան Խոսեի պետական համալսարանների 2019 թվականին ձեռք բերված համագործակցության շնորհիվ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ընտրական փուլը հաղթահարած 2-4 ուսանող 2020 թ. սեպտեմբերից կշարունակեն ուսումն ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի «Data Analytics» (MS) մագիստրոսական ծրագրում։ Համագործակցության, նպատակների ու հետագա գործունեության մասին ysu.am-ը զրուցել է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի և ընտրական փուլ հասած ուսանողներից մի քանիսի հետ։