11.10.2019 | 
ԵՊՀ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՀՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ԻՄՄՈՒՆՈՖԱՐՄ» ՍՊԸ-Ն
ԵՊՀ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՀՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ԻՄՄՈՒՆՈՖԱՐՄ» ՍՊԸ-Ն
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից իրականացվող «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոն» ծրագրի շրջանակում լաբորատոր կահույքի գնման համար անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել «Իմմունոֆարմ» ՍՊԸ-ն:

Ysu.am-ն ավելի վաղ անդրադարձել էր ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից ներկայացված Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի ստեղծման ու «Դեղերի որակի հետազոտման և մոնիտորինգի»՝ դեղագետ-վերլուծաբանների պատրաստման մագիստրոսական ծրագրին, որն արժանացել էր հավանության և ստացել 600.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում, որից 540.000 ԱՄՆ դոլարը տրամադրել է Համաշխարհային բանկը, իսկ 60.000-ը համաֆինանսավորել է ԵՊՀ-ն:

 

Նշենք, որ վերոնշյալ ծրագրի նպատակն է միջազգային չափորոշիչներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան (անալիտիկ) մասնագետների պատրաստումը, ինչը նախատեսում է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական լաբորատորիայի ստեղծում և դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների և դեղերի որակի հսկման ու գնահատման նոր մագիստրոսական ծրագրի բացում:

 

Խոսելով ծրագրի ընթացքի մասին՝ ծրագրի ղեկավար, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը տեղեկացրեց, որ լաբորատորիայի վերանորոգման աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ անհրաժեշտ կահույքի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Իմմունոֆարմ» ՍՊԸ-ն:

«Լաբորատոր կահույքի ձեռքբերման համար հայտարարված մրցույթն անցկացվել է երկու փուլով, որին մասնակցել է երեք ընկերություն: Մրցույթի արդյունքում ամենացածր գինն առաջարկել է «Իմմունոֆարմ» ՍՊԸ-ն՝ 5.088.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)»,- տեղեկացրեց Ա. Սաղյանը:

 

Վերջինս ընդգծեց, որ վերանորոգման աշխատանքներն ավարտելուն պես լաբորատորիան կհամալրվի անհրաժեշտ կահույքով: 

 

«Ծրագիրը նախատեսված է իրականացնել 18 ամսվա ընթացքում, այսինքն՝ լաբորատորիայի կազմավորման աշխատանքները կավարտվեն 2020 թվականի փետրվարին, այնուհետև կստեղծվի գիտաուսումնական կենտրոն, իսկ 2021 թվականից կգործի նոր մագիստրոսական ծրագիրը՝ «Դեղագետ-վերլուծաբան» մասնագիտացմամբ»,- պարզաբանեց Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը: 

 

Հարկ է նշել, որ  ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում նոր լաբորատորիայում կաշխատեն ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտաշխատողները, կպատրաստվեն դեղագետ-վերլուծաբաններ, որոնք կկարողանան ժամանակակից մեթոդների կիրառմամբ զբաղվել դեղերի որակի հետազոտմամբ, գնահատմամբ և մոնիտորինգի հիմնահարցերով, իսկ ապագայում նախատեսվում է համապատասխան արտոնագրի ստացում՝ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով:



Անգին Խաչատրյան