10.07.2014 | 
Քաղաքականություն
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ-ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ. ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ-ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ. ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդին կից ձեռնարկությունների հետ համագործակցությունն ապահովող մշտական հանձնաժողովի նիստը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նախագահությամբ նիստին ներկա էին պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, տարբեր ստորաբաժանումների և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ: Օրակարգային երկու առաջնային հարցերն առնչվում էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանի՝ բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր հարթակի (ձևաչափի) վերաբերյալ առաջարկության քննարկմանը:

 

Դեռևս մայիսի 27-ին կայացած բուհ-աշխատաշուկայի վերաբերյալ գիտաժողովի ընթացքում Հովսեփ Պողոսյանը ներկայացրել էր մի շարք առաջարկություններ, որոնց մանրամասն քննարկումը որոշվել էր անցկացնել համապատասխան հանձնաժողովի նիստում: Եվ ահա այսօր հյուրը մանրամասն ներկայացրեց իր առաջարկությունը, որի էությունն այն է, որ անհրաժեշտ է ստեղծել ուսանողին կամ շրջանավարտին գործնական հմտություններ և կարողություններ փոխանցելու հատուկ հարթակ, որը նա պայմանականորեն անվանեց «պրակտիկատուրա»:

 

«Ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրից դուրս մասնագիտական կրթության և աշխատաշուկայի պահանջների միջև գոյություն ունեն որոշակի պատնեշներ: Հայաստանում այս խնդիրը բավականին սրված է, և միևնույն ժամանակ աշխատանքային շուկան շատ արագ է փոփոխման ենթարկվում, քան մասնագիտական կրթությունը»,- ասաց Հովսեփ Պողոսյանը:

 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահի խորհրդականն առաջարկեց ստեղծել մի կառույց, որը վճարովի հիմունքներով (վճարը կատարվում է ուսանողի կամ գործատուի կողմից) կընձեռի վերապատրաստման և հիմնական գիտելիքների ձեռքբերման հնարավորություն: Այն կտա նաև հնարավորություն շատ արագ արձագանքելու աշխատաշուկայի պահանջներին:

 

Տեղի ունեցած քննարկումը ամփոփեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով, որ այն, ըստ էության, վերաբերում է հետբուհական կամ լրացուցիչ կրթության գործընթացին: Միաժամանակ ԵՊՀ ռեկտորը հավելեց,  որ համալսարան-ձեռնարկություն համագործակցությունն ունի ավելի լայն շրջանակներ, որի մասին բազմիցս է խոսվել «կորպորատիվ համալսարան» գաղափարի շրջանակներում («Սինոփսիս Արմենիայի» օրինակով):

 

«Մեր տեսլականն առավել ընդլայնված տեսք ունի, քանի որ մենք ցանկանում ենք ընդհանրապես գործարար աշխարհը բերել դեպի կրթություն՝ սկսած ուսանողական առաջին տարիներից, որպեսզի գործատուն ունենա հասարակական պատասխանատվություն բուհի հետ որակյալ շրջանավարտ ունենալու հարցում»,- ասաց ռեկտորը:

 

Այնուամենայնիվ, որոշվեց Հովսեփ Պողոսյանի առաջարկությունը քննարկել պրոռեկտորների ու Հետբուհական և լրացուցիչ կրթության վարչության հետ:  

 

Նիստի օրակարգում ներառված էր նաև ԵՊՀ ուսանողների լրացուցիչ պրակտիկայի կազմակերպման կանոնակարգի նախագծի քննարկումը: Կանոնակարգի վերաբերյալ մտքեր փոխանակելուց հետո որոշվեց առաջարկություններն ամփոփել մինչև հուլիսի 15-ը և նախագիծը ներկայացնել ԵՊՀ գիտխորհրդի իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության հանձնաժողովի քննարկմանը:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: