27.10.2017 | 
Գիտություն
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԵՎ ԳԻՏԱՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԵՎ ԳԻՏԱՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր Մայր բուհում անցկացվող «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնի շրջանակում տեղի ունեցան նաև դասախոսություններ:

«Հետաքրքրաշարժ գիտություն» խորագրով ինտերակտիվ դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հայկ Իշխանյանը: Ցուցադրվեցին հեղուկ ազոտով ուշագրավ փորձեր, ինչպես նաև որոշ փորձեր ֆիզիկայի այլ բնագավառներից: Փորձարկումներին, որոնք իրականացվում էին տեղում, հնարավորություն ունեին մասնակցելու ներկա գտնվող աշակերտները և ուսանողները:

 

«Ընդհանրապես գիտական փորձերը շատ ուշագրավ ու տպավորիչ են լինում անգամ մասնագետների համար: Դրանք երբեմն զարմացնում են նույնիսկ ֆիզիկոսներին: Այս անգամ փորձերի ականատեսները այնպիսի մարդիկ են, ովքեր առաջին անգամ են տեսնում այս ամենը»,- ասաց Հայկ Իշխանյանը և հավելեց, որ ցուցադրության համար ընտրվել են այնպիսի փորձեր, որոնք հնարավոր կլինեն ցուցադրել մեծ մասշտաբով՝ բեմից տեսանելի և հասկանալի լինելու համար:

 

Հայկ Իշխանյանը կարևորեց նաև նմանօրինակ փառատոներն ու միջոցառումները, որոնք մարդկանց մղում են շրջակա աշխարհի հանդեպ հետաքրքրության, օգնում հետագա ճանաչողությանն ու ուսումնասիրության զարգացմանը:

 

Երկրորդ գիտահանրամատչելի դասախոսությունը կրում էր «Գալիքի բժշկությունը» խորագիրը: Գիտական բժշկության ոլորտի լրագրող, բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Վոդովոզովը ներկաներին պատմեց գիտական նորարարությունների մասին, ներկայացրեց գիտնականների կողմից վերջերս իրականացված գիտափորձերի օրինակներ:

 

 

«Մեծ հաշվով բժշկության մեջ այսօր ստեղծվել և ստեղծվում են մեծ հեռանկարներ: Այս ոլորտում հիմա անհրաժեշտ են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ մաթեմատիկոսներ, հումանիտար գիտությունների մասնագետներ, գիտնականներ և այլն: Բժշկությունը կտրուկ զարգացում է ապրում, ուստի շատ կարևոր է նաև բժշկական էթիկայի մասնագետների դերը»,- նշեց Ալեքսեյ Վոդովոզովը:

 

Ներկա գտնվողները ուղղեցին հարցեր գիտության հետագա զարգացման և բժշկության ոլորտում նորարարությունների վերաբերյալ: Այն հարցին, թե հնարավոր է, որ մարդիկ ուղևորվեն դեպի Մարս մոլորակ և առանց կենսական նշանակություն ունեցող օրգանների աշխատանքի խաթարման ոտք դնեն մոլորակ, բանախոսը պատասխանեց. «Մարդկանց այժմյան զարգացվածության մակարդակը և ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները թույլ են տալիս հասնել Մարս մոլորակ: Սակայն այլ հարց է, թե արդյոք ի վիճակի կլինեն մարդիկ գործել մոլորակի մակերևույթի վրա: Կան ազդեցություններ, որոնք բացասաբար կազդեն: Բացի այդ՝ Մարս մեկնելու մասին մտածելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տիեզերագնացները, որոնք տիեզերքում մնում են ավելի քան 1 տարի, վերականգնողական երկար շրջան են անցնում»,- հավելեց բանախոսը:

 

Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակներում «Մարդու միկրոբիոտան» թեմայով գիտահանրամատչելի դասախոսությամբ հանդես կգա Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում գործող մանրէաբանական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Անդրեյ Շեստակովը:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ ՈՒԳԸ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը:
«ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ. ԸՆՏՐԵԼ ԵՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻ ՃՅՈՒՂ, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ԷԼ ԱՎԵԼԻ ԶԱՐԳԱՑՆԵԼ». ԵՊՀ ԿՐՏՍԵՐ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ
Հայաստանում գործող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակում ԵՊՀ կրտսեր գիտաշխատող, ԵԳԱԾ ղեկավար կազմի նորանշանակ անդամ Հայկ Զաքարյանը վերապատրաստվել է Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի լաբորատորիայում: