Այս հարցի քննարկումը սկսվել է դեռևս մեկ տարի առաջ, երբ մեկնարկեց Վիշեգրադյան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Միջազգայնացման համացանց» (Internationali Network) ծրագիրը: Դրա նպատակն է բարելավել ոչ ԵՄ անդամ երկրների բուհերի միջազգայնացման մակարդակը և վերապատրաստել այն մասնագետներին, ովքեր անմիջականորեն վարում են այդ գործընթացը:
Անցած մեկ տարվա ընթացքում իրականացվել են վերապատրաստման ծրագրեր, որոնց մասնակցել են ծրագրի մասնակից բոլոր երկրները, այդ թվում՝ հայաստանյան 3 բուհեր (ԵՊՀ, ՀԱՊՀ, ՀՊՏՀ): Վերապատրաստումն անցած մասնագետները պետք է վերադառնային իրենց բուհեր և ձեռք բերած հմտությունները փոխանցեին իրենց բուհերի ցածր ու միջին օղակի աշխատակազմին:
Իսկ այսօր մեկնարկեց ամփոփիչ գիտաժողովը, որտեղ եվրոպացի մասնագետները պետք է փորձեին տալ ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչպե՞ս խթանել միջազգայնացումը ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պարագայում:
«Համալսարանում ևս այդպիսի վերապատրաստում իրականացվել է, որն ընդգրկեց բավականին մեծ լսարան՝ 400-500 հոգի: Վերապատրաստումների արդյունքում շատ խնդիրներ ի հայտ եկան: Դրանք կապված են թերի ենթակառուցվածքների (օրինակ՝ հանրակացարանային ֆոնդ), մոտիվացիոն մեխանիզմների բացակայության հետ և այլն: Աշխատակիցները պարզապես հետաքրքրված չեն միջազգայնացման գործընթացներում ներգրավմամբ»,- ասում է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության դրամաշնորհների բաժնի ղեկավարի տեղակալ Մարիամ Եղյանը:
Հայաստանից բացի՝ ծրագրին մասնակցում էին նաև Վրաստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Հունգարիայի բուհերը: Միջազգայնացման գործընթացը ներառում է բուհերի բրենդինգը և վարկանիշավորումը, համատեղ մագիստրոսական ու կրկնակի դիպլոմների ծրագրերը և այլն: Ծրագրի մասնակիցները հիմնականում այս ուղղություններով էին աշխատում:
«Եթե կան ֆինանսներ, դժվար չէ դրանց օգտագործելը, բայց մեր նման շատ երկրներ կան, որոնք չունեն բավարար միջոցներ: Մեր գործընկերներից ուզում ենք ստանալ խորհրդատվություն, թե ինչ մեթոդներ կիրառենք դասախոսներին մոտիվացնելու համար, որպեսզի նրանք ցանկանան ընդգրկվել միջազգայնացման գործընթացներում»,- հավելում է Մարիամ Եղյանը:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվելու են զեկուցումներ, անցկացվելու են քննարկումներ ու փորձի փոխանակում, որից հետո զեկուցումները հակիրճ տարբերակով տեղադրվելու են ինչպես ծրագրի, այնպես էլ դրա մասնակից բուհերի կայքերում: