21.02.2020 | 
Հասարակություն
«ԱՅՍ ՕՐԸ ՀՐԱՇԱԼԻ ԱՌԻԹ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ, ՈՐ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱ՝ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ, ԳԵՂԵՑԻԿ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԽՈՍԵԼԸ ՆՈՐԱՈՃ Է». ԱՅՍՕՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
«ԱՅՍ ՕՐԸ ՀՐԱՇԱԼԻ ԱՌԻԹ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ, ՈՐ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱ՝ ԳՐԱԿԱՆ  ՀԱՅԵՐԵՆՈՎ, ԳԵՂԵՑԻԿ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԽՈՍԵԼԸ ՆՈՐԱՈՃ Է». ԱՅՍՕՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Մայրենի լեզվի միջազգային օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբերին, և 2000 թվականից սկսած՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:

Փետրվարի 21-ը՝ որպես Մայրենի լեզվի միջազգային օր, պատահական չի ընտրվել. ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Դաքքա քաղաքում 1952 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած իրադարձությունների, երբ ոստիկանական գնդակներից զոհվել էին իրենց մայրենի լեզվի՝ բենգալիի պաշտպանության համար ցույցի դուրս եկած ուսանողները։ Նրանք պահանջում էին բենգալին երկրի պետական լեզուներից մեկը ճանաչել։ Պայքարն ի վերջո հաղթական ավարտ է ունենում և ազգային ինքնագիտակցության զարթոնքի սկիզբ դառնում Արևելյան Պակիստանի ժողովրդի համար:

 

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզու կորստի մատնվելու եզրին է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար «ստիպում են» մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից:

Ysu.am-ը հայերենի արդի վիճակի, մարտահրավերների ու զարգացման միտումների մասին խոսել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի հետ:

 

Ըստ դոցենտի՝ հայերենը, ինչպես աշխարհի շատ փոքր պետությունների լեզուներ, հավերժական պայքարի մեջ է. պայքար՝ մաքուր մնալու, զարգանալու և հարստանալու համար. «Մեր առջև մշտապես դրված է խնդիր՝ չկորցնել այն ամենը, ինչ մենք ժառանգել ենք գրաբարից, բայց միևնույն ժամանակ գնալ առաջ և համապատասխանել ժամանակի խնդիրներին: 21-րդ դարում ինքնուրույն պետությունների և նրանց պետական լեզուների առջև լուրջ մարտահրավերներ են կանգնած, քանի որ համաշխարհայնացման հետևանքով գերտերությունների օտար լեզուներն անընդհատ մուտք են գործում ոչ միայն մեր, այլև ուրիշ լեզուներ՝ մեծ ավերածություններ կատարելով, բայց կարծում եմ՝ մեր պայքարը միշտ ունի իր առաջամարտիկները, և մենք միշտ պահում ենք հավասարակշռությունը»:

 

 

Նարինե Դիլբարյանի կարծիքով, հայերենը միշտ օտար լեզուների ազդեցությունների տակ է եղել, բայց ամեն անգամ, երբ խաչաձևվել են հայերենի ու որևէ օտար լեզվի սրերը, հայերը միշտ սուրը փառքով են դրել պատյան, որովհետև հայերենի բառակազմական և բառապաշարային իրողությունները թույլ են տալիս արտահայտել յուրաքանչյուր հասկացություն և յուրաքանչյուր հասկացության համար գտնել հայերեն համարժեք փոխարինող:

 

Մասնագետը գտնում է, որ Մայրենի լեզվի օրը թույլ է տալիս մի պահ սթափվել և հասկանալ, որ լեզվի հանդեպ շփոթ վերաբերմունք չպետք է ցուցաբերել, քանի որ մեզնից շատերը, իրոք, ունեն այդ վերաբերմունքը, ուստի այս օրը հրաշալի առիթ պետք է դառնա, որ մեր երիտասարդությունը հասկանա՝ գրական հայերենով, գեղեցիկ հայերենով ու հայկական հայերենով խոսելը նորաոճ է. «Հենց այս օրը մենք պետք է հասկանանք, որ ժամանակակից, արդիական հայ քաղաքացու լավագույն հատկանիշը գրական ու գեղեցիկ հայերենով խոսելն է և այդ հայերենը նոր մակարդակի բարձրացնելը: Կարծում եմ՝ հայերենով լավ խոսողների և հայ հրաշալի քաղաքացիների հիմնական զենքը պետք է դառնա մեր գեղեցիկ հայերենի համար նախանձախնդիր և պահանջատեր լինելը»:

 

Լինելով գրաբարի մասնագետ և գրաբար սովորեցնելով նաև օտարերկրացիներին՝ ԵՊՀ դոցենտը փաստում է, որ հայերենի մեղեդայնությունը, հարստությունը և քերականական կառույցներն իսկապես հետաքրքրում և ոգևորում են նրանց. «Մենք շատ բան պետք է անենք, որ մեր լեզուն աշխարհին ներկայացնենք, և դա ոչ թե գովազդ կլինի, այլ առաջմղում»:

 

Լեզվի զարգացման միտումների մասին խոսելիս Ն. Դիլբարյանը շեշտում է, որ հայերենը հարստացման գործընթացում է. այդ հարստացումը և մարտահրավերները գալիս են նոր գիտակարգերի առաջացումից ու արագ զարգացումից, ինչպիսիք են թվային և բարձր տեխնոլոգիաներին վերաբերող գիտակարգերը, կիբերանվտանգությունը, ծրագրավորման տարբեր լեզուները, որոնք բավական արագ են փոխվում, ուստի հայերենը պետք է շատ արագ արձագանքի այդ բոլոր փոփոխություններին. «Կարծում եմ՝ 21-րդ դարում մասնագիտական հայերենի զարգացման փուլն է սկսվել»:

 

Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ և ռադիոյով հնչող խոսքին, ապա ԵՊՀ դոցենտի կարծիքով՝ պատկերը մտահոգիչ է. «Դպրոցների, տարբեր կրթական օղակների, ինչպես նաև բուհերի լեզվի դասավանդման թերություններն առավել ակնառու են դառնում հենց հեռուստատեսության և ռադիոյի լեզվում, որը, ցավոք սրտի, լսում են միլիոնավոր մարդիկ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: Բազմաթիվ սփյուռքահայ քաղաքացիներ, ցանկանալով լսել գեղեցիկ հայերեն, հաճախ բախվում են լեզվական ցածր մշակույթի»:

 

Խնդրի լուծումը, ըստ տիկին Դիլբարյանի, համապատասխան լիազորություններով և պատշաճ ներուժով օժտված կառույց ստեղծելն է, որն իսկապես կզբաղվի ծագող խնդիրներով. լեզուն նույնպես, ինչպես մարդը, զարգացող ու ինքնակատարելագործվող համակարգ է, ուստի անընդհատ անհրաժեշտություն է առաջանում դուրս մղելու որոշ քերականական կառույցներ, մյուս կառույցներն ամրակայելու, ցույց տալու, թե որ թարգմանությունները և բառակազմական կառույցներն են առավել գործունակ ու կիրառելի, իսկ որոնք պետք է դուրս մղել և այլն:

 

Հասմիկ Ասլանյան

 

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ՝ ԱՐԴԵՆ ՏՊԱԳԻՐ․ ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
Լույս են տեսել «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (31), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (32) համարները։
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ․ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ կազմակերպվել և մեկնարկել է իրավունքի աշնանային դպրոցների շարք, որին մասնակցում են ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ։