24.10.2019 | 
Հասարակություն
«ՌՈՒՍԵՐԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԳԱՆՁԱՐԱՆՈՒՄ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՑԱԾ ԼԵԶՈՒ Է». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
«ՌՈՒՍԵՐԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԳԱՆՁԱՐԱՆՈՒՄ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՑԱԾ ԼԵԶՈՒ Է». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Ռուսագիտությունը XXI դարում. զարգացման միտումները և ուղղությունները» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը: Գիտաժողովի կազմակերպիչներն էին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը և Երևանում Ռուսաստանի գիտության և կրթության կենտրոնը:

«Ռուսագիտությունը XXI դարում. զարգացման միտումները և ուղղությունները» խորագրով միջազգային գիտաժողովը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100 և Հայաստանում ռուսագիտության զարգացման 80-ամյակներին: Գիտաժողովի մասնակիցներն են գիտության ոլորտի 150-ից ավելի ներկայացուցիչներ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Բելգիայի, Հնդկաստանի,Ղազախստանի և ԱՊՀ այլ երկրների առաջատար համալսարաններից և գիտաուսումնական կենտրոններից:

Միջոցառմանը սկզբում բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պ. Բալայանը։ Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին գիտաժողովին մասնակցելու համար, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Կոպիրկինին և ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գ. Գևորգյանին:

«Տիկնայք և պարոնայք, գործընկերներ և ուսանողներ, վերջին 20 տարիների ընթացքում սա ամենաընդգրկուն գիտաժողովն է մեր ֆակուլտետում և Հայաստանում, որը նվիրված է ռուսագիտության, ռուսերենի, ռուս գրականության դասավանդման  խնդիրների բացահայտմանը»,- նշեց դեկան Պ. Բալայանը։



 «Մենք  այսօր նշում ենք երկու առիթ՝ Երևանի պետական համալսարանի 100 և Ռուս բանասիրության ֆակուլտետի 80-ամյակները։ Մեր համալսարանը Հայաստանի առաջատար ամենամեծ բուհն է, որը միավորում է տարբեր համալսարանների լավագույն ավանդույթները»,- փաստեց Պ․ Բալայանը։

Նա խոսեց ֆակուլտետում ուսանած ամենահայտնի գիտնականների մասին և նշեց, որ այսօր էլ ֆակուլտետում տաղանդավոր ու բանիմաց դասախոսներ են դասավանդում։

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանը ելույթի վերջում շնորհակալություն հայտնեց Երևանում Ռուսաստանի գիտության և կրթության կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին, ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար և ներկաներին մաղթեց արդյունավետ աշխատանք։

«Ռուսագիտությունը XXI դարում. զարգացման միտումները և ուղղությունները» խորագրով միջազգային գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը՝ նշելով, որ գիտաժողովն անցկացվում է Երևանի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։



 Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը խոսեց ԵՊՀ-ի հիմնադրման մասին՝ ասելով, որ այդ որոշումը Հայաստանի կառավարության համար շատ կարևոր, քաջ ու նշանակալի քայլ էր։

Գ․Գևորգյանը ԵՊՀ ոսկե մեդալ հանձնեց Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի ընդհանուր և ռուս լեզվաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Դենիսենկոյին:

«Մաղթում եմ ձեզ այս գիտաժողովում համատեղել օգտակարը հաճելիի հետ»,- իր խոսքը եզրափակեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նույնպես ողջունեց ներկաներին և շնորհավորեց Հայաստանի հիմնական բարձրագույն կրթական հաստատության 100-ամյակը, շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը և Ռուս բանասիրության ֆակուլտետին այն ջանքերի համար, որոնք նրանք ներդնում են ռուսաց լեզվի պահպանման և տարածման գործում։



«Երևի սխալ կլինի այս լսարանում քարոզել ռուսերեն, բայց այո, սա փառահեղ գրականության, վեհ մշակույթի և Հայաստանի ազգային հոգևոր ու ինտելեկտուալ գանձարանում իր ներդրումն ունեցած լեզու է»,- նշեց Ս․ Կոպիրկինը։

Նա ասաց, որ ռուսաց լեզվի ուսումնասիրությունը միշտ էլ պահանջված է եղել, և ռուսագիտության համար ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում բացվում են նոր հորիզոններ․ «Այսօր Ռուսաստանն ու Հայաստանը մեկ պետություն չեն, բայց ունեն շատ սերտ կապեր ու հարաբերություններ ամենատարբեր ոլորտներում»։

«Այս գիտաժողովը մի կողմից միավորում է մարդկանց, որոնք հարստացնում են լեզուն, տարածում ու ուսումնասիրում այն, մյուս կողմից հզոր ազդակ է մեր հարաբերությունների զարգացման և փոխըմբռնման, մեր մշակութային կապերի ամրապնդման համար»,- նշեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

 

 Նշենք, որ գիտաժողովը տևելու է 2 օր, որի ընթացքում ելույթ են ունենալու տարբեր երկրների առաջատար համալսարանների և գիտաուսումնական կենտրոնների ներկայացուցիչներ։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 13 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: