15.12.2016 | 
Գիտություն
ԹՎԱՑՅԱԼ ՀԱՅՏՆԻ, ԲԱՅՑ ԱՆՀԱՅՏ ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ
ԹՎԱՑՅԱԼ ՀԱՅՏՆԻ, ԲԱՅՑ ԱՆՀԱՅՏ ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ
Պատմությանը հայտնի, գրականությանը անհայտ Ավետիս Ահարոնյանին բացահայտելու ճանապարհը միավորել էր ՀՀ Սփյուռքի նախարարությանը, ԵՊՀ-ին ու Համազգային հայ կրթական և մշակութային միությանը:

Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Ավետիս Ահարոնյան» միջազգային գիտաժողովը, որի խնդիրն է քննության առնել ոչ միայն Ավետիս Ահարոնյան քաղաքական գործչին, այլև գրողին, հրապարակախոսին ու ազգային գործչին: Խորհրդային համակարգն ամենայն ջանասիրությամբ փորձել է ջնջել նրա գրական գործունեությունը, և ընթերցողների լայն շրջանակներին դրանք չեն հասել, բայց Հայաստանի անկախացումից հետո տեղացի և սփյուռքահայ մասնագետները ձեռնամուխ են եղել դրանց երկրորդ կյանք տալուն:

 

Հենց այդ նպատակին միտված գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Սփյուռքի և ԿԳՆ ներկայացուցիչներ, Սփյուռքից ժամանած բազմաթիվ հյուրեր ու գիտնականներ: Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի համոզմամբ՝ ինչպես իր ժամանակի շատ գործիչներ, Ահարոնյանը ևս կարող էր դասական գրող կամ դասական պատմաբան դառնալ, բայց իր ապրած ժամանակը թույլ չտվեց:

 

«Ավետիս Ահարոնյանը որքան էլ մերժված ու փակի տակ մնաց խորհրդային տարիներին, հանրահայտ չէ նաև այսօր: Այս գիտաժողովը մի տեսակ երախտիքի արտահայտում է Ահարոնյան մեծ գործչին, ով իր գիտակից ողջ կյանքը, ֆիզիկական ու հոգևոր բոլոր հնարավորությունները նվիրաբերեց իր ժողովրդին ու կանգնեց պետականության կերտման ակունքներում: Միջազգային չափազանց աննպաստ իրողությունների պատճառով իրականություն չդարձան Սևրն ու Վիլսոնյան Հայաստանը, այն հանգրվանները, որոնց նվիրվել էր Ահարոնյանը, բայց 1920 թ.-ի օգոստոսի 10-ը նա հայտարարել էր իր կյանքի ամենաերջանիկ օրը»,- ելույթում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

Գիտաժողովին թեպետ անձամբ չէին կարողացել ներկայանալ, բայց ողջույնի ուղերձներ էին հղել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Քննադատաբար ասվում է, որ Համազգայինը Հայաստանում անդրադառնում է բացառապես Սփյուռքում գործած մտավորականներին: Դա ճիշտ է, դրա պատճառն էլ՝ պարզ: Նիկոլ Աղբալյանի, Լևոն Շանթի, Համաստեղի և Հակոբ Օշականի նման հեղինակները քաղաքական պատճառներով երկար ժամանակ հայրենիք մտնելու «մուտքի արտոնագիր» չունեին: Ազգային գործիչ-մտավորականն իր կյանքի ընթացքում, իբրև մտքի առաջնորդ, անհրաժեշտ էր իր հասարակությանը, իսկ մահից հետո, իբրև օրինակելի տիպար՝ երիտասարդության համար: Նորագույն անկախությունից քառորդ դար հետո այս մասով թերացել ենք: Առաջին հանրապետության գործիչները ո՞ր դասագրքերում են պահված»,- իր վրդովմունքն է հայտնում Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը:

 

Շուրջ երկու տասնյակի հասնող զեկուցումներում հեղինակները խոսում են Ավետիս Ահարոնյան մարդու, քաղաքացու ու գրողի, դիվանագիտական գործունեության մասին, ընդգծում նրա գործերի, ինքնակենսագրական պատումի գեղարվեստական արժեքը, գեղարվեստական արձակի առանձնահատկությունները: Բացի առանձին ստեղծագործությունների վերլուծությունից՝ առանձին ուշադրության են արժանացել նաև նրա՝ բարբառների և փոխառությունների կիրառումը, թեմատիկան և այլն: Պատմական տեսանկյունից էլ ներկայացվում են նրա ինչպես կենսագրական, այնպես էլ քաղաքական դեռևս քիչ բացահայտված մանրամասներ:

 

Գիտաժողովն ընթանում է 3 նիստերով, իսկ առաջիկայում նախատեսվում է զեկուցումներն ամբողջությամբ հրատարակել առանձին գրքի տեսքով:

Այլ նորություններ
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՅՈԹ ՀԱՏՈՐՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու-2016» յոթ հատորների շնորհանդեսը:
ԵՊՀ-ԱԿԱՆՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շահառուների շուրջ ¼-ը ԵՊՀ մասնագետներն են, իսկ համակարգողների մեծ մասը՝ ԵՊՀ շրջանավարտներ: