25.11.2021 | 
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՑ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՆ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՑ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՆ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը և ISTC կենտրոնի ղեկավար Արեգ Գևորգյանը: Գիտաժողովին առցանց միացել էին նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և հաղորդակցության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Կորկոնոսենկոն, Ուեյնի պետական համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Հայկ Օշականը, Բրյուսելի ազատ համալսարանի (Բելգիա) հետազոտող Ջոնաթան Հենդրիքսը:  

 

 

«Ավանդույթի համաձայն՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպվում է միջազգային գիտաժողով, որն այս անգամ նվիրվում է Հայաստանի, ավելի ճիշտ, Հայոց առաջին և ամենամեծ հեռուտաընկերության 65 և Հայոց առաջին ու ամենամեծ ռադիոընկերության 95-ամյակներին: Լրատվամիջոցներ, որոնք ոչ միայն հարուստ կենսագրություն, այլև լուրջ կշիռ ունեն մեր լրատվադաշտում: Թեև տեղեկատվական 5-րդ հեղափոխությունն ապրող արդի աշխարհում մեր մասնագիտությունը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, սակայն պետք է համաձայնել նաև, որ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացմամբ պայմանավորված ժուռնալիստիկան ապրում է իր ոսկեդարը»,- ասաց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը և ընդգծեց, որ գիտաժողովի բոլոր նյութերը հրապարակվելու են ֆակուլտետի «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» գիտական ժողովածուի հերթական համարում:

 

 

«Համավարակի պատճառով շատերը գիտաժողովին առցանց են մասնակցում, սակայն հարկ է նշել, որ զեկուցողների կազմը բավականին ներկայացուցչական է և բազմաբովանդակ: Իրապես, մեդիան աշխարհում շատ արագ զարգացող այն հարթակներից մեկն է, որը պարտավոր է օբյեկտիվ լրատվություն մատուցել հանրությանը: Ցավոք, այսօր ոչ միշտ ենք հանդիպում օբյեկտիվ լրատվության, հիմնականում վերնագրային լրագրություն է, որը սովորաբար որևէ կապ չունի նյութի բովանդակության և ճշգրիտ փաստերի ներկայացման հետ: Այդպիսի լրագրողները, որպես կանոն, որևէ կապ չունեն Մայր բուհի և համալսարանական կրթության հետ: Ուրախ եմ, որ մեր ուսանողները Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հիմնարար կրթություն են ստանում և մեդիադաշտ մտնում որպես որակյալ մասնագետներ»,- իր ողջույնի խոսքում նշեց Հովհաննես Հովհաննիսյանը և հավելեց, որ չորրորդ իշխանության ներկայացուցիչները պետք է միշտ հիշեն, որ մեծ ազդեցություն ունեն հասարակության վրա:

 

 

Գարեգին Խումարյանը, հույս հայտնելով, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային ռադիոընկերության համագործակցությունն էլ ավելի է ընդլայնվելու, նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մայր բուհին ոչ միայն նմանօրինակ կարևոր գիտաժողով կազմակերպելու, այլև տասնյակ տարիներ մեր լրատվական կառույցներին որակյալ կադրեր տալու կապակցությամբ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հանրային ռադիոընկերության աշխատակիցների մեծամասնությունը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներ են: Այո՛, դա փաստ է, որ այս շենքից դուրս եկող կադրերն առավելություն ունեն և, միանշանակ, մրցունակ են»:

 

 

«Մենք, հիրավի, շատ ենք կարևորում ու գնահատում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությունը: Այսօր ֆակուլտետում սովորողների մեծ մասը դառնալու է մեր գործընկերը, ուստի պետական կառույցներն ու մասնավոր հատվածը պետք է ամուր պահեն կապը բուհի հետ»,- իր տեսաուղերձում նշեց Հովհաննես Մովսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավարությանը բազմաբովանդակ և օգտակար գիտաժողով կազմակերպելու համար:

 

 

ISTC կենտրոնի ղեկավար Արեգ Գևորգյանը նույնպես ընդգծեց գիտաժողովում արծարծվող հարցերի արդիականությունն ու կարևորությունը. «Բարձր տեխնոլոգիաներն ու լրատվական դաշտն ուղղակիորեն կապակցված են: Ուստի այս երկու ոլորտների համաժամանակյա զարգացումն ապահովելու համար երկարատև ու հեռանկարային համագործակցություն է պետք: Վերջին տարիներին մեդիայի ազդեցությունը հասարակության տարբեր շերտերի վարքի ու ոլորտների զարգացման վրա բավականին մեծացել է: Լրագրությունն այսօր բազմաշերտ է, սակայն հասարակությունն ակադեմիական հիմքով լրատվության պակաս ունի»:

 

 

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և հաղորդակցության բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի տեսության և զանգվածային հաղորդակցության ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Կորկոնոսենկոն իր տեսաուղերձում շնորհակալություն հայտնեց իրեն գիտաժողովին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար և արդյունավետ աշխատանքային օր մաղթեց հանդիպման մասնակիցներին: 

 

Երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալու ոչ միայն ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, այլև հայաստանյան այլ բուհերի (ՀՊՄՀ, ԲՊՀ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Դոյչե Վելլե ակադեմիա (Գերմանիա)) պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու երիտասարդ հետազոտողները, որոնցից շատերը գործնական լրագրության ոլորտում երկարամյա փորձ ունեն:  

 

 

Ողջույնի խոսքերից հետո կարճ զեկուցումներով հանդես եկան Ուեյնի պետական համալսարանի պրոֆեսոր Հայկ Օշականը, Բրյուսելի ազատ համալսարանի (Բելգիա) հետազոտող Ջոնաթան Հենդրիքսը: Հայազգի պրոֆեսորը ներկայացրեց էթնիկ փոքրամասնությունների մեդիայի ամերիկյան փորձը, իսկ երիտասարդ հետազոտող Ջոնաթան Հենդրիքսի զեկուցումը վերաբերում էր լրագրության արդի միտումներին և զարգացմանը Բելգիայում ու արտերկրում:

 

 

«Ժամանակակից լրագրության հիմնախնդիրներն արծարծող այս գիտաժողովը, անկասկած, ուշագրավ է ու կարևոր: Մեզ պետք է ոչ միայն արդի զարգացումները հասկանալ, այլև արձանագրել ու պահպանել այս տարիների ընթացքում կուտակված ահռելի փորձը, որի ուսումնասիրությունն օգտակար կլինի վաղը: Այս առումով երկու կարծիք լինել չի կարող. մեր հեռուստառադիոաշխարհի ամբարած փորձն ու թողած ժառանգությունն այսօր էլ օգտակար են ժամանակակից լրագրության համար»,- ասաց ՀՊՄՀ հեռուստառադիոլրագրության ամբիոնի պրոֆեսոր Սերգո Երիցյանը:

 

Հավելենք, որ միջազգային գիտաժողովն իր աշխատանքներն ամփոփելու է վաղը:

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՆ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ ԵՆ ՈՒՌՈՒՑՔԻ ԱՃԸ
ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայի անդամները ներկայացրել են «Հակաքաղցկեղային ալկիլացնող դեղերի համակցված ներգործությունը ԴՆԹ-ի կառուցվածքը և փաթեթավորումը կարգավորող ֆերմենտների ակտիվության վրա» գիտական թեման:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ Է ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ՍՆՆԴԱՅԻՆ ՇՂԹԱՅԻ ՎՐԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Պեստիցիդների կուտակումը և դրանց ազդեցությունը լեռնատափաստանային էկոհամակարգերի կենսաբազմազանության վրա» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը: