07.10.2021 | 
Գիտություն
ԲԱՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ. ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
ԲԱՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ. ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և բաց գիտության կարողությունների զարգացում (MINERVA)» նախագծի շրջանակում իրականացվող միջազգային երկօրյա աշխատաժողովը:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին մասնակցում էին Հայաստանի ու Մոլդովայի, ինչպես նաև ԵՄ մի շարք այլ երկրների կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

 

Հյուրերին ողջունեց Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, որը հակիրճ ներկայացրեց «ERASMUS+»-ի շրջանակում իրականացվող կրթական նախագծերի կարևորությունն ու հիմնական նպատակները:

 

«Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Մայր բուհում, որը տարածաշրջանի լավագույն բուհերից և գիտական կենտրոններից մեկն է: Այսօրվա հանդիպման թեման որակյալ կրթության մատուցման ծառայությունների բարելավումն է: ԵՊՀ-ի առաջնահերթություններից են որակյալ կրթությունը, դասավանդումն ու կրթական միջավայրը, ինչպես նաև բուհի գիտահետազոտական ոլորտն ու միջազգայնացման գործընթացները: Մենք ընդգծված քաղաքականություն ենք վարում միջազգային կրթական ու գիտահետազոտական կառույցների հետ»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը և ավելացրեց, որ «MINERVA» նախագծի արդյունքների հիման վրա նախատեսվում է մշակել կամ վերամշակել հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը, ինչը թույլ կտա պատրաստել գիտնականներ աշխատաշուկայի և հասարակության համար՝ պայմաններ ստեղծելով նրանց կարիերայի առաջխաղացման, հետագայում էլ գործնական դասընթացների միջոցով կարողությունների մակարդակի բարձրացման համար:

 

 

Բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում «ERASMUS+» ծրագրերի համակարգող Լանա Կարլովան. «Շատ հաճելի է, որ համաճարակային այս մթնոլորտում, այնուամենայնիվ, «MINERVA» նախագիծը համախմբեց մեզ Երևանում, մասնավորապես ԵՊՀ-ում: Հարկ է նշել, որ այս ծրագիրն ամենաարդյունավետ և օգտակար նախագծերից մեկն է, որը բուհերի և գիտական կենտրոնների միջև խթանում է գիտահետազոտական ներուժի զարգացումը: Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության մշակում և բաց աղբյուրների հետ տարվող աշխատանք: Գիտության հասանելիությունը, անկասկած, նպաստում է բուհի միջազգայնացմանը, ինչպես նաև հետազոտողների հեղինակության բարձրացմանը և ստացված գիտական արդյունքների տարածմանը»:

 

 

«MINERVA» նախագծի առաջնահերթությունները, ինչպես նաև ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներն ու արդեն իսկ գրանցված արդյունքները ներկայացրեց Մոլդովայի միջազգային հարաբերությունների և եվրոպական նախագծերի տնտեսական հետազոտությունների ակադեմիայի պրոռեկտոր Օլեսյա Սիրբուն:  

 

«Մեզ համար շատ կարևոր է հայկական փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում իրականացված միջոցառումների արդյունքների համեմատությունը: Սա ռազմավարական ու կառուցողական նախագիծ է կրթական ոլորտի համար, ուստի մենք աշխատանքներում ներգրավում ենք նաև պետական կառույցների ներկայացուցիչներին՝ չբավարարվելով միայն մոնիտորինգի արդյունքներն ու խորհուրդները ներկայացնելով»,- նշեց Մոլդովայի ներկայացուցիչը և հավելեց, որ ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի ու Մոլդովայի բուհերում զարգացնել բաց գիտության (open science) իրականացման համար անհրաժեշտ պայմանները և հիմնական սկզբունքները:

 

 

Վալենսիայի համալսարանի ճարտարագիտության դպրոցի պրոֆեսոր Ալֆրեդո Ռոսադոյի զեկուցումը վերաբերում էր ազգային և բուհերի բաց գիտության քաղաքականությունների համատեղ մշակմանն ու իրականացմանը:

 

Հավելենք, որ երկօրյա աշխատաժողովին առցանց մասնակցելու են նաև Միլանի, Մոնպելիեի, ինչպես նաև Մոլդովայի կրթական տարբեր հաստատությունների մասնագետներ:

 

Թեմատիկ զեկուցումներով հանդես են գալու Երևանի պետական, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական և Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանների, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչները:

 

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՑ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՆ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին:
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱՊՀ) ԵՐԿՐՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Հոկտեմբերին Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվել է ավանդական դարձած «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների լեզվական քաղաքականությունը» խորագրով II միջազգային կոնգրեսը։