13.09.2019 | 
Գիտություն
«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ
«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ
«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը ԵՊՀ-ի և Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հետ համատեղ Ստեփանակերտում կազմակերպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին:

Սեպտեմբերի 12-15-ը տեղի ունեցող «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի նպատակն է քննարկել հայոց պետականության հետ կապված արդիական հիմնախնդիրներ, խթանել ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների գիտական գործունեությունը, նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև Արցախը դարձնել գիտական հիմնախնդիրների քննարկման տարածաշրջանային և միջազգային կենտրոն:

 

Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և օտարերկրյա բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտներ, հայցորդներ, երիտասարդ գիտնականներ ու մասնագետներ:

 

Մեզ հետ զրույցում «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Հարությունյանն ասաց, որ այս տարվա գիտաժողովին մասնակցության հայտ է ներկայացրել աշխարհի 8 երկրի ավելի քան 120 մասնակից (Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հարավային Օսեթիա, Հայաստան և Արցախ). «Գիտաժողովին մասնակցում են այնպիսի անվանի գիտնականներ, որոնց զեկուցումները լսելն արդեն մեծ պատիվ ու հաջողություն է»:

 

Գիտաժողովի ընթացքում քննարկվում են պետականության ամրապնդման տեսական և գործնական հիմնահարցերը, Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխհարաբերությունները և համահայկական հիմնախնդիրները, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման արդի մարտահրավերները, Արցախի Հանրապետության ինքնորոշման, կազմավորման և միջազգային ճանաչման հիմնահարցերը, Ղարաբաղյան հակամարտության ծագումն ու կարգավորման գործընթացը, Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի իրավական պատասխանատվությունը, հետխորհրդային տարածաշրջանի ճանաչված ու չճանաչված երկրների հասարակական-քաղաքական զարգացումներն ու հիմնախնդիրները, սահմանադրականության հաստատման հիմնախնդիրները ճանաչված և չճանաչված պետություններում, ինչպես նաև հայ մեծերի ժառանգության մերօրյա ընկալումն ու իմաստավորումը:

 

Ավետիք Հարությունյանը փաստեց, որ գիտաժողովի լավագույն աշխատանքները  տպագրվելու են ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունելի  հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականում:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը: