18.06.2015 | 
Գիտություն
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ ՏԱՐԲԵՐ ԿՈՂՄԵՐԻՑ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ ՏԱՐԲԵՐ ԿՈՂՄԵՐԻՑ
ԵՊՀ-ում այսօր անցկացվեց «Հայոց ցեղասպանության պատմական, միջազգային, իրավական, մշակութային և արվեստի հիմնահարցերը» խորագրով գիտաժողով:

Նախաձեռնողը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն էր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ: Սրանով ամփոփվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված ներհամալսարանական գիտական նստաշրջանը, որը բաղկացած էր 3 նիստից:

 

«Մենք այսպիսի գիտաժողովներ անցկացրել ենք դեռևս տարվա սկզբից, և բոլորն էլ արդյունավետ, իսկ սա շատ կարևոր շարունակություն է: Հարցը իրավաքաղաքական հարթություն տեղափոխելու, մշակութային եղեռնը ներկայացնելու լավ առիթ է»,- գիտաժողովի բացման ժամանակ նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

 

Գիտաժողովում ներկայացված շուրջ 2 տասնյակ զեկուցումների թեմաները բազմազան էին՝ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին միջազգային իրավունքում ցեղասպանության արգելման նորմերի վերաբերյալ վերլուծություն, պետական մակարդակով ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերի համեմատական վերլուծություն, թուրքական իշխանությունների քաղաքականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ցեղասպանության անդրադարձները հայկական, ֆրանսիական և ամերիկյան մամուլներում, հայկական մշակույթի բռնայուրացման ադրբեջանական քաղաքականությունը և այլն:

 

«Հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության, ձևավորման, մշակման և որդեգրման համար կարևոր ու թերևս հիմնական սկզբնակետ կարելի է համարել 1965 թ.-ը՝ Ցեղասպանության 50-ամյակը: Այդ ժամանակ Խորհրդային Հայաստանում և Հայկական սփյուռքում տեղի ունեցող գործողությունները՝ կապված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, ստիպեցին Թուրքիային որոշ հակաքայլեր ձեռնարկել: Կարճ ժամանակ անց դրանք դարձան թուրքական ժխտողական քաղաքականության ու հակահայկական քարոզչության հիմքերը»,- փաստում է թուրքագետ, Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:

 

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ 5 ֆակուլտետների (Արևելագիտության, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Պատմության և Ժուռնալիստիկայի) ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը խնդիրը ներկայացրեց իր մասնագիտական տեսանկյունից: Քանի որ ներկաները այս կամ այն ոլորտի մասնագետներ էին, յուրաքանչյուր զեկուցումից հետո ծավալվում էր քննարկում կամ հարց ու պատասխան:

 

«ԵՊՀ ռեկտորի որոշմամբ` այս զեկուցումները տպագրելու ենք ոչ թե պարզապես ժողովածուի տեսքով, այլ լավագույն աշխատանքները հոդվածի տեսքով կընդգրկվեն ամսագրում, որը հաստատված է ԲՈՀ-ի կողմից»,- հավելեց ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

 

Նշենք, որ ԵՊՀ-ն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ պատրաստվում է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային խոշոր գիտաժողով անցկացնել նաև այս տարվա հոկտեմբերին:

Այլ նորություններ
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 2-7-ը ԵՊՀ առաջատար գիտաշխատող Արմեն Ներսեսյանի ջանքերով Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում կանցկացվի տեսական ֆիզիկայի ամառային դպրոց («2018 JOINT FAR/ANSEF-ICTP and RDP-VW summer school in theoretical physics»):
«ԱՐԴԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Արդի հոգեբանություն» գիտական հանդեսի շնորհանդեսը, որին ներկա էին հանդեսի խորհրդի անդամները, դասախոսներ և ուսանողներ: