19.11.2021 | 
Հասարակություն
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է, ԵԹԵ ԿԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԿԱՆ ՍԵՐ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ». ԱՄԱԼԻԱ ԳԱԼՍՏՅԱՆ
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է, ԵԹԵ ԿԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԿԱՆ ՍԵՐ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ». ԱՄԱԼԻԱ ԳԱԼՍՏՅԱՆ
ԵՊՀ ընդհանուր բաժնի վարիչ Ամալիա Գալստյանն արդեն ավելի քան 30 տարի աշխատում է Մայր բուհում: Համալսարանին, գործին ու գործընկերներին նվիրված տիկին Գալստյանը երկար տարիների բազմավաստակ աշխատանքի համար 2019 թ. պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով: Նրա կարծիքով, յուրաքանչյուր գործի հիմքում պետք է սերը լինի, իսկ Մայր բուհի ջերմությունն էլ զգալու համար պետք է նվիրվել ու զգալ համալսարանական ոգին: Ա. Գալստյանի հետ զրուցել ենք համալսարանական գործունեության, ի հայտ եկած դժվարությունների, ընտանիքի և այլ թեմաների մասին:

- Տիկի՛ն Գալստյան, ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը

 

- Համալսարանական գործունեությունս սկսվել է 1990 թվականի փետրվարից: Ես սովորել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Ավարտելուց որոշ ժամանակ անց, երբ երեխաներս մանկապարտեզի ավագ խմբում էին, ընդունվեցի այստեղ աշխատանքի՝ որպես ավագ տեսուչ: Մի քանի տարի աշխատելուց հետո արդեն տեղափոխվեցի ու սկսեցի աշխատել որպես իրավաբան: Անկեղծ ասած՝ այդ շրջանում իրավական խնդիրներ գրեթե ի հայտ չէին գալիս, մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները դրսևորելու ու զարգացնելու հնարավորություններ չկային: Այն ժամանակ էլ, երբ իրավախորհրդատուն էի, պրոռեկտորից առաջարկ ստացա՝ ղեկավարելու ԵՊՀ ընդհանուր բաժինը: Համաձայնեցի: 2002 թվականից մինչ այսօր ԵՊՀ ընդհանուր բաժնի վարիչն եմ:

 

 - Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել աշխատանքային Ձեր գործունեության ընթացքում: Ո՞րն է եղել ամենադժվար ժամանակահատվածը:

 

- Ընդհանուր բաժնի ղեկավարի գործը ստանձնելուց հետո, իհարկե, դժվարություններ ի հայտ եկան: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ անցում էինք կատարում համակարգչային աշխատանքի: Հաղթահարեցինք նաև այդ մարտահրավերը, հարմարվեցինք ու էլ ավելի արդյունավետ դարձրինք մեր աշխատանքը: Այսինքն՝ բոլոր դժվարությունները հաղթահարելի են եղել, ես էլ երբեք չեմ խուսափել աշխատանքից:

 

- Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:

 

- Գիտեք, պատմություններ շատ կան, բայց հետաքրքիր է այն հանգամանքը, որ չնայած տարբեր ժամանակահատվածներում ի հայտ եկած խնդիրներին՝ մեր բաժնում ոչ ոք չի բացակայել: Նույնիսկ համաճարակային այս պայմաններում մեր բաժինը միշտ աշխատել է թե՛ առկա, թե՛ հեռավար:

 

 

- Տիկի՛ն Գալստյան, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:

 

- Ես շատ եմ սիրում երաժշտություն: Ցանկացած ոճի և ժանրի կատարում լսում եմ, եթե այն հաճելի է ականջին: Գործընկերներս էլ գիտեն, որ ես երաժշտության նկատմամբ առանձնահատուկ սեր եմ տածում: Բացի դրանից՝ շատ եմ սիրում պատրաստել: Խոհանոցն աննկարագրելի գեղեցկություն ու յուրահատկություն ունի ինձ համար: Ի դեպ, պատրաստում եմ ամեն ինչ:

 

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

 

- Ամուսինս աշխատել է Ոստիկանությունում, եղել է մարզային քննչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ, այժմ անցել է վաստակած հանգստի: Դուստրս ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այժմ ստանում է երկրորդ մասնագիտությունը՝ ուսանելով Իրավագիտության ֆակուլտետում: Նա նաև աշխատում է Արտաքին գործերի նախարարությունում: Տղաս նույնպես ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այժմ աշխատում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում: Ի դեպ, մենք ընտանիքով առանձնահատուկ ջերմությամբ ենք սիրում ԵՊՀ-ն:

 

- Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

 

- Կարծում եմ՝ յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելի է, եթե կա ցանկություն, եթե կան սեր ու նվիրում:

 

- Իսկ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

 

- Ոգեշնչման իմ աղբյուրը սերն է, որը պիտի լինի ամեն ինչի հիմքում:

 

- Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:

 

- Որպես այդպիսին՝ հատուկ կարգախոս չունեմ, որով առաջնորդվում եմ կյանքում: Միշտ արել եմ այն, ինչ ճիշտ եմ համարել: Պարզապես կարծում եմ, որ եթե հանձն ես առնում որևէ գործ անել, ապա պետք է այն լավագույնս կատարես, բարի աչքերով նայես բոլորին ու ամեն ինչին:

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են աշխատանքի անցնելու ԵՊՀ-ում:

 

- Պարզապես կասեմ, որ պետք է սիրել ԵՊՀ-ն, զգալ համալսարանական ոգին ու նվիրվել, այդ ժամանակ հաստատ կզգաք այն մեծ ջերմությունը, որն անմնացորդ տալիս է Մայր բուհը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ: