03.04.2020 | 
Գիտություն, Հասարակություն
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ:

- Պարո՛ն Թռչունյան, ի՞նչ է կորոնավիրուսը: Ի՞նչ է հայտնի դրա վերաբերյալ:

 

- Կորոնավիրուսները, ինչպես մյուս վիրուսները, բնության մեջ շատ տարածված մասնիկներ են: Դրանք բաղկացած են հիմնականում սպիտակուցներից ու նուկլեինաթթուներից և բազմապատկվում են միայն կենդանի օրգանիզմների բջիջներում: 19-րդ դարի վերջին՝ վիրուսների հայտնաբերումից հետո, շատ ժամանակ է անցել, և կուտակվել է հսկայական գիտական տեղեկատվություն, որը վկայում է, որ վիրուսները եղել են, կան և կլինեն: Դրանք առաջացնում են մարդու լուրջ հիվանդություններ, և հետևաբար միշտ պետք է պատշաճ ուշադրություն դարձնել վիրուսների տարածումը սահմանափակելու վրա: Սխալ է կարծել, թե դրանք ինչ-որ տեղ կվերանան: Ո՛չ, դրանք միայն կփոփոխվեն՝ ենթարկվելով մուտացիայի։ ՌՆԹ պարունակող վիրուսները, ինչպիսիք են կորոնավիրուսները, մեծ հաճախականությամբ ձևափոխվում են և առաջացնում նոր վարակիչ հիվանդություններ: Գրիպի և շնչառական այլ վիրուսների ուսումնասիրության փորձը և դրանց դեմ պայքարը թույլ է տալիս միանշանակ խոսելու այդպիսի պնդման մասին: Կորոնավիրուսային հիվանդությամբ այսօր համեմատաբար քիչ ծանր դեպքեր կան, և մահացությունը դիտվում է հիմնականում ուղեկցող  հիվանդություններ ունեցող վարակակիրների շրջանում: Համոզված եմ, որ շուտով ամեն ինչ կանցնի, և մենք հաջողությամբ դուրս կգանք այս իրավիճակից:

 

- Ի՞նչ միջոցառումներ պետք է արվեն այս ընթացքում: Պարետատան կողմից իրականացվող սահմանափակումներն արդարացվա՞ծ են:

 

- Նախևառաջ անհրաժեշտ է դադարեցնել կորոնավիրուսային վարակի տարածմամբ և խիստ սահմանափակող միջոցառումների հետևանքով առաջացած խուճապը: Ես լիովին համաձայն եմ կառավարության հետ, որ անհրաժեշտ է բնակչությանը տեղեկացնել միայն պաշտոնական տվյալների և գիտականորեն հիմնավորված միջոցառումների մասին, քանի որ բնակչության մեծ մասը չի կարողանում ընկալել և վերլուծել տրամադրվող տարաբնույթ տեղեկատվությունը: Խիստ կարանտինն անհրաժեշտ է վիրուսի տարածումը սահմանափակելու համար, բայց սա ժամանակավոր միջոց է: Անհնար է ամեն ինչ երկար ժամանակով սահմանափակել: Ներկա իրավիճակից պետք է եզրակացնել, որ գլխավորը համալիր կանխարգելիչ միջոցառումներն են, որոնցից են հիգիենայի կանոնների պահպանումը, առողջ ապրելակերպի ապահովումը, կարանտինը, բնակչության պատվաստումը (համապատասխան պատվաստանյութի առկայության դեպքում), և որոնք, ինչպես ամբողջ աշխարհում, բավականաչափ արդյունավետ չեն իրականացվում:  Հետևանքը ստեղծված իրավիճակն է: Անհրաժեշտ է մանրէաբանության, վիրուսաբանության, վարակիչ հիվանդությունների և համաճարկաբանության բնագավառների ավելի շատ գիտնականներ և մասնագետներ ներգրավել՝ ոչ միայն բնակչությանը տեղեկացնելու և իրավասու միջոցառումներ մշակելու ու ձեռնարկելու, այլև կորոնավիրուսային վարակով ստեղծված իրավիճակի վերլուծության, վիրուսային և այլ վարակների դեմ պայքարի նոր ձևեր ու լուծումներ գտնելու նպատակով ՝ հաշվի առնելով այս վիրուսների հատկությունները և կենդանի օրգանիզմների հետ դրանց փոխազդեցության առանձնահատկությունները: Դժբախտաբար, սրա մասին քիչ է խոսվում:

 

- Ստեղծված իրավիճակից ի՞նչ եզրակացություն կարելի է անել:

 

- Այն, որ անիմաստ խոսակցությունները պատվաստանյութերի ցածր արդյունավետության մասին, շենքերի և շինությունների, տրանսպորտային միջոցների և փողոցների ոչ սանիտարական վիճակը, սննդամթերքի մանրէաբանական անվտանգության պատշաճ վերահսկողության բացակայությունը և այլն վաղ, թե ուշ տալիս են իրենց բացասական հետևանքները: Երկար տարիներ ոչ ոք չէր խոսում, օրինակ, ձեռքերը լվանալու մասին, և միայն հիմա սկսեցին նշել այն: Այնինչ անհրաժեշտ է մանկուց սովորեցնել երեխաներին․դեռ նախադպրոցական հաստատություններում և լրատվամիջոցների օգնությամբ: Այն, ինչ հիմա արվում է, միշտ պետք է արվի: Բացի դրանից՝ բնապահպանական միջոցառումների նկատմամբ ուշադրությունը պետք է կտրուկ բարձրացվի, հակառակ դեպքում հետևանքները շատ ավելի վատ կարող են լինել: Կարելի է ասել, որ բնությունը «պատասխան» է տալիս իր խնդիրներին անբավարար ուշադրություն դարձնելու համար: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես Նոբելյան դասախոսության ժամանակ նշել է ամերիկացի մանրէաբան Վաքսմանը, ավելի դաժան պատերազմ է սկսվելու միկրոօրգանիզմների և մարդկանց, վիրուսների և մարդկանց միջև: Եվ այդ պատերազմում ելքի համար մեծ պատասխանատվություն են կրելու կառավարությունները: Կանխարգելիչ միջոցառումների և բնապահպանական խնդիրների լուծման համար միջոցներ խնայել չի կարելի։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԻՍՊԱՆԱՑԻ ԳՐՈՂ, ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉԻ ԲԱՑ ՆԱՄԱԿՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ղարաբաղի Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Արայիկ Հարությունյանին
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱՐՇԱՎԻՆ՝ ՓՈԽԱՆՑԵԼՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 55 ՄԼՆ ԴՐԱՄ
ԵՊՀ-ն հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել է ևս 30 մլն դրամ, Իջևանի մասնաճյուղը՝ 5.5 մլն դրամ, իսկ աշխատակիցները՝ ավելի քան 20 մլն դրամ։