01.03.2018 | 
Ուսանողական
«ՔԱՅԼՈՂ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ», ԱՊԱԳԱ ՓԻԼԻՍՈՓԱՆ ՈՒ ԱԿՏԻՎ ՈՒՍԱՆՈՂԸ…
 «ՔԱՅԼՈՂ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ», ԱՊԱԳԱ ՓԻԼԻՍՈՓԱՆ ՈՒ ԱԿՏԻՎ ՈՒՍԱՆՈՂԸ…
Դավիթ Աքելյանը սովորում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի 3-րդ կուրսում: Ընկերների շրջանում հայտնի «քայլող հանրագիտարանն» իր վրա առաքելություն է վերցրել մարդկանց ապահովելու հետաքրքիր տեղեկատվությամբ: Բացի այդ՝ Դավիթը ակտիվ ներհամալսարանական գործունեություն է իրականացնում: Զբաղվում է նաև նկարչությամբ և պատրաստվում է իր նկարները ցուցադրել համալսարանում:

- Դավի՛թ, ինչպե՞ս ընտրեցիք ձեր մասնագիտությունը:

 

- Մասնագիտության ընտրության հարցում սկզբում շատ էի տատանվում, քանի որ հետաքրքրություններիս շրջանակը շատ լայն էր. վերջնարդյունքում ընտրեցի փիլիսոփայությունը, որովհետև այս մասնագիտությունը համապարփակ ձևով իր մեջ ներառում է գրեթե յուրաքանչյուր բնագավառ:

 

- Ինչպե՞ս է անցնում ձեր ուսանողական կյանքը, բացի դասերից՝ ինչ գործունեություն եք այստեղ ծավալում:

 

- Ներհամալսարանական կյանքս հենց առաջին օրվանից բուռն և հետաքրքիր է անցնում: Այժմ Ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի փոխնախագահն եմ և ֆակուլտետային ՈՒԽ-ի քարտուղարը: Անդամակցում եմ նաև ՈՒԳԸ-ին, մասնակցում տարբեր միջոցառումների, գրում եմ գիտական հոդվածներ ու փորձում զարգացնել հմտություններս այս բնագավառում:

 

- Ի՞նչ հետաքրքրություն ունեք համալսարանից դուրս, ո՞ր զբաղմունքին եք երկար ժամանակ տրամադրում:

 

- Շատերը հավանաբար ինձ ճանաչում են «Facebook» սոցիալական ցանցի շնորհիվ, որտեղ նույնպես ակտիվ գործունեություն եմ իրականացնում: Այս հարթակը մեծ հնարավորություններ է տալիս: Երբ նոր էի գրանցվել այս կայքում, փորձում էի հետաքրքիր տեղեկատվություն գտնել, հետո հասկացա, որ ոչ բոլոր հրապարակումներն են հավաստի ու վստահելի աղբյուրներն այնքան էլ շատ չեն: Որոշեցի այդ առաքելությունն ինձ վրա վերցնել ու մարդկանց հետաքրքիր տեղեկատվությամբ ապահովել: Արդեն երկու տարի է, որ ակտիվ զբաղվում եմ այս գործով: Բացի այդ՝ զբաղվում  են նաև սպորտով և նկարում եմ: Ի դեպ, պատրաստվում եմ առաջիկայում ցուցահանդես ունենալ հենց համալսարանում ու իմ աշխատանքները ներկայացնել: Նկարում եմ հիմնականում մատիտով, գրաֆիտով և ածուխով: Դիմանկարներ դեռ շատ չեմ նկարում, հիմնականում հեռանկարներ, գծանկարներ ու երկրաչափական պատկերներ:

 

 

- Դավի՛թ, ո՞վ է Ձեր ամենասիրելի փիլիսոփան:

 

- Փիլիսոփայական յուրաքանչյուր ոլորտից կարող եմ առանձնացնել մեկին, բայց այժմ կառանձնացնեմ Արիստոտելին, ում մասին էլ գրում եմ կուրսային աշխատանքս: Հենց նա է հաստատել ժամանակակից գիտությունների հիմքը: Նրա դասակարգումից են առաջացել այսօրվա գիտությունները ու տևական ժամանակ հենց նրա գիտական կարգն է հաստատված եղել:

 

- Իսկ եթե Ձեզ հնարավորություն տրվեր հանդիպելու որևէ փիլիսոփայի, ո՞ւմ կընտրեիք և ի՞նչ հարց կքննարկեիք նրա հետ:

 

- Կընտրեի Նիցշեին, ով բավականին հետաքրքիր կյանք է ունեցել՝ բուռն ու հակասական: Նրա մասին պատմությունները շատ հետաքրքիր են, մեկնաբանություններն էլ՝ տարբեր բևեռներից: Կընտրեի հենց նրան ու կփորձեի հասկանալ, թե իրականում ով է եղել:

 

- Կա՞ որևէ պատմական փաստ, որին կուզենայիք ականատես լինեիք:

 

- Եթե լիներ պատմական հնարավոր փաստ, կուզենայի ականատեսը լինել Մարսի գաղութացմանը: Կցանկանայի տեսնել, թե ինչպես է իրականանում այդ գործընթացը, և ինչպես է փոխվում աշխարհի զարգացման հեռանկարը:

 

- Ո՞րն է այն գիրքը, որը մեծապես ազդել է Ձեզ վրա և խորը հետք թողել:

 

- Որպես այդպիսին՝ կնշեմ կարդացածս վերջին գիրքը՝ Մեթ Հեյմի «Մարդիկ և ես» ստեղծագործությունը, որում նկարագրված է, թե ինչպես են այլմոլորակայինները գալիս երկիր, և թե ինչպես նրանցից մեկը չի վերադառնում ու փորձում է հարմարվել մարդկային կյանքին: Գրքում խոսվում է մարդկային փոխհարաբերությունների մասին, որը շատ անսովոր է: Արիստոտելի «Մետաֆիզիկա» աշխատությունն էլ պիտի նշեմ, որը շատ դժվարությամբ տրվեց ինձ:

 

- Որպես փիլիսոփա՝ ինչպե՞ս կսահմանեք՝ ո՞րն է կյանքի իմաստը:

 

- Պատկերացնենք, թե աշխարհում գոյություն ունեցող մարդիկ մի պահ վերանան: Այդ ժամանակ աշխարհի մասին ոչ ոք ո՛չ կխոսի, ո՛չ էլ կորոնի կյանքի իմաստը: Այսինքն՝ ամեն ինչ մարդու հետ է կապված, ու ըստ իս՝ յուրաքանչյուր մարդ ինքը պիտի գտնի իր կյանքի իմաստը: Պետք է ասեմ, որ կյանքի իմաստի փնտրտուքն ինքնին անիմաստ զբաղմունք եմ համարում: Պարզապես կարելի է մի հետաքրքիր իմաստ փնտրել, այն վերագրել կյանքին ու այդ կյանքով էլ ապրել:

 

- Ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունեք:

 

- Շատ կուզենայի, որ ԵՊՀ- ն հայտնվեր գիտական առաջատար կենտրոնների շարքում, պատրաստեր շատ լավ մասնագետներ աշխարհի համար ու համընթաց քայլեր ժամանակի հետ: Շատ եմ ցանկանում նաև, որ Հայաստանում զարգանա գիտական լրագրությունը, որի բացն այսօր ակնհայտ է:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՖՐԱՆԿՈՖՈՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ Է ԳՈՐԾԵԼՈՒ
Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ոնեցավ միջոցառում, որը նվիրված էր ԵՊՀ ֆրանկոֆոնների ակումբի պաշտոնական բացմանը:
«ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ  ԼԻԴԵՐՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ՈւԽ նախագահության, ՈՒԳԸ ղեկավար կազմի, ինչպես նաև ուսանողական այլ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների հիմնական նպատակն է համալսարանի ղեկավարի հետ քննարկել ուսանողությանն անհանգստացնող խնդիրները, ներկայացնել առաջարկներ ու տալ համապատասխան լուծումներ: