09.04.2020 | 
Ուսանողական
«ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԹԵ՛ ԲՈՒՀԸ, ԹԵ՛ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԿԼԻՆԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ԵՎ ՈՉ ՄԻ ՈՒՍԱՆՈՂ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՉՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՉԻ ՀԵՌԱՑՎԻ». ԴԱՎԻԹ ԱՓՈՅԱՆ
«ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԹԵ՛ ԲՈՒՀԸ, ԹԵ՛ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԿԼԻՆԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ԵՎ ՈՉ ՄԻ ՈՒՍԱՆՈՂ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՉՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՉԻ ՀԵՌԱՑՎԻ». ԴԱՎԻԹ ԱՓՈՅԱՆ
Արտակարգ դրության պայմաններում ԵՊՀ ՈԻԽ աշխատանքների իրականացման, ուսանողության շրջանում մտահոգիչ հարցերի և դրանց լուծման տարբերակների մասին զրուցել ենք ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանի հետ:

- Դավի՛թ, ինչպե՞ս է ՈԻԽ-ն իրականացնում իր աշխատանքներն արտակարգ դրության պայմաններում:

 

- Ինչպես կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները, և առհասարակ ինչպես կառավարման մարմիններն այսօր հանրապետությունում, ՈԻԽ-ն նույնպես իր աշխատանքներն իրականացնում է հեռավար: Առցանց հարթակների միջոցով կազմակերպում ենք հանդիպումներ, գումարում ենք նիստեր, անցկացնում քննարկումներ: Բացի դրանից՝ կազմակերպում ենք արտալսարանային դասախոսություններ, որոնց շրջանակում ձեռք ենք բերում պայմանավորվածություններ տարբեր ոլորտների մասնագետների հետ և առցանց հանդիպում իրականացնում:
Մեր քննարկումները հիմնականում վերաբերում են այն հարցերին, որոնք ուսանողներն անդամների, պատվիրակների, ֆակուլտետների կամ հանձնաժողովների նախագահների միջոցով ուղղում են Ուսանողական խորհրդին: Պետք է նշեմ, որ հնարավորությունների սահմանում, եթե ոչ լավ, ապա բավարար, կարծում եմ, կարողանում ենք պատասխանել այդ հարցերին:

 

- Ուսանողներին մտահոգող ի՞նչ հարցեր կան: Ի՞նչ հարցերով են ձեզ դիմել այս ընթացքում:

 

- Հարցերը, որոնք մեզ ուղղում են, տարաբնույթ են: Երբ հայտարարվեց արտակարգ դրություն, այդ ժամանակ մեզ ուղղեցին մոտ 150 հարց, և ի պատիվ մեր լրատվական հանձնաժողովի պատրաստակամ ուսանողների, ինչպես նաև ֆակուլտետային նախագահների՝ բոլոր հարցերին տրվել են պատասխաններ, ինչը նպաստել է, որ առաջացած շփոթությունը շուտ հաղթահարվի: Բացի դրանից՝ մեզ տրվում են հարցեր, որոնք առնչվում են քննությունների կարգին, ԵՊՀ ուսուցման կառավարման առցանց հարթակում ներդրված ծրագրերից օգտվելու ձևերին, լուծարքների կազմակերպմանը, գրադարանից օգտվելու կարգին, ավարտական աշխատանքների ներկայացման ժամանակացույցին ու դրանց հանձնման եղանակներին և այլն: Ամենաշատ մտահոգիչ հարցն ուսանողների շրջանում վերաբերում է ուսման վարձավճարներին: Հետաքրքրում է՝ ինչպե՞ս են վճարելու, արդյո՞ք ամբողջությամբ, ե՞րբ են վճարելու և այլն: Սա իսկապես խնդիր է, որովհետև ուսանողների մեծ մասը չի կարողանում վճարել ուսման վարձը, քանի որ կամ ծնողները, կամ հենց իրենք այս ընթացքում կորցրել են աշխատանքը:


- Դրանք լուծելուն ուղղված ի՞նչ քայլեր եք նախաձեռնել և ի՞նչ արդյունքներ եք գրանցել:

 

- Մասնավորապես ուսման վարձավճարների վերաբերյալ հարցը բազմիցս քննարկել ենք բուհի ղեկավարության հետ: ԵՊՀ-ն, ինչպես և մենք հայտարարություն տարածեցինք և նշեցինք, որ այդ ուսանողների հարցն առանձին կքննարկվի, և հնարավորության դեպքում կընդառաջեն նրանց: Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով համալսարանից դուրս չի մնա: Ես կարծում եմ՝ թե՛ բուհը, թե՛ լիազոր մարմինը հետևողական կլինեն վարչապետի հայտարարությանը, և ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով համալսարանից չի հեռացվի: Ինչ վերաբերում է ավարտական աշխատանքներին առնչվող հարցերին, ապա այստեղ չհստակեցված իրավիճակ կա: Ինձ տրված պատասխանում ասել են, որ հարցը միջգերատեսչական է, պետք է քննարկվի ՊՆ-ի հետ, քանի որ ավարտական աշխատանքների պաշտպանությունների հետաձգումը կարող է ուղղակիորեն ազդել զորակոչի գործընթացի վրա: Նշվել է, որ փոփոխությունների դեպքում հավելյալ կտեղեկացնեն, իսկ քանի դեռ դրանք չկան, ապա պաշտպանությունների գործընթացը կկազմակերպվի նախապես սահմանված ժամանակացույցով:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: