13.04.2020 | 
Հասարակություն
«ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՈԳ ՏԱՆԵԼ ՀՈՒԶԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԹՈԹԱՓՄԱՆ ԵՎ ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ». ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՈԳ ՏԱՆԵԼ ՀՈՒԶԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԹՈԹԱՓՄԱՆ ԵՎ ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ». ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Արտակարգ դրության պայմաններում հանրության շրջանում ի հայտ եկող հնարավոր հոգեբանական խնդիրների և դրանց լուծման մասին զրուցել ենք ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ և խմբավար Դավիթ Գևորգյանի հետ:

- Պարո՛ն Գևորգյան,հոգեբանական ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ հանրության շրջանում այս օրերին:

 

- Ներկայիս իրավիճակն արտակարգ է բոլոր իմաստներով՝ ինչպես վարակի հետ կապված հոգեկանին ներկայացվող նոր ու արտասովոր պահանջների, բազմատեսակ հոգեբանական արձագանքներն ինքնակարգավորելու, այնպես էլ առօրյայի կազմակերպման, տեղաշարժման սահմանափակման և սոցիալ-տնտեսական խնդիրների հետ գործ ունենալու տեսանկյունից։

Ցանկացած արտակարգ կամ սթրեսածին իրավիճակ առաջ է բերում մի շարք հոգեբանական արձագանքներ, որոնց ինտենսիվությունը և դինամիկան մեծապես կախված են թե՛ սթրես առաջացնող իրավիճակի բնույթից ու տևողությունից, թե՛ հենց անձի անհատական առանձնահատկություններից և սթրեսակայունության աստիճանից։

 

Որպես առավել հաճախ հանդիպող հոգեբանական դրսևորումներ կարելի է առանձնացնել լարվածության և տագնապի սրացումները, որոնք հիմնականում պայմանավորված են իրավիճակի անորոշության բարձր աստիճանի հետ։ Հոգեկան կայունությունը մեծապես կյանքը կանխատեսելու և վերահսկելու հնարավորության արդյունքն է։ Երբ մեծանում է անորոշությունն ապագայի վերաբերյալ, մարդը կորցնում է սեփական կյանքի նկատմամբ վերահսկողության զգացումը և դրան արձագանքում է տագնապով։ Տագնապը կարող է դրսևորվել որպես օրվա ընթացքում անընդհատ առկա անհարմարության ու լարվածության զգացում կամ արտահայտվել սուր վախերի ու ֆոբիաների տեսքով, հանգեցնել խուճապային գրոհների կամ ֆիզիկական ինքնազգացողության վատթարացման։ Ամեն դեպքում տագնապային վիճակներն ի զորու են էականորեն խաթարելու մարդու ինքնազգացողությունը և կյանքի որակը։

 

Նման տագնապները գործարկվում են որոշակի ահասարսուռ, կատաստրոֆիկ մտքերից, որոնք նշանակալիորեն ամրապնդվում են արտաքին աշխարհից՝ մեդիա դաշտից, այլ մարդկանցից եկող վախեցնող, հաճախ ոչ ճշգրիտ և չհիմնավորված տեղեկությունների հոսքով։ Մյուս կողմից նման հոգեվիճակում խախտվում է նաև օրգանիզմի բնականոն գործառնականությունը. կարող են ի հայտ գալ մարսողության խնդիրներ, սրտանոթային և նյարդաբանական ախտանիշներ, քնի խանգարումներ և այլն։

Այսինքն՝ սուր սթրեսային իրավիճակներում, ինչպիսին ներկայիս վիճակն է, որպես սթրեսին տրվող առավել հավանական արձագանք ի հայտ են գալիս հուզական, մտածական և մարմնական համալիր ախտանիշներ, որոնց հետ հաճախ անձը դժվարանում է գործ ունենալ և, ասես, հանձնվում է դրանց։

 

- Ինչպե՞ս կարելի է հաղթահարել առաջացած այդ խնդիրները:

 

- Որպես նման վիճակներում ինքնակարգավորման մեխանիզմ՝ կարևոր է իրականացնել որոշ ոչ շատ բարդ հոգեֆիզիկական հնարներ, որոնք կօգնեն հետ վերադառնալ ներքին կայունության զգացմանը և թուլացնել տագնապը։ Այդ հնարներից են, օրինակ, տարատեսակ շնչառական վարժությունները, որոնց հաճախ իրականացումն ինչպես հենց տագնապային սուր վիճակի, այնպես էլ առհասարակ  օրվա ընթացում թույլ կտա կարգավորել թթվածնային նյութափոխանակությունն օրգանիզմում (որը էապես խախտվում է տագնապային վիճակներում), հետ վերադարձնել սեփական օրգանիզմի նկատմամբ վերահսկողության և իրականության հետ կապի զգացումը, մեծապես իջեցնել տագնապի ու վախի զգացումները։

 

Բացի դրանից՝ չափազանց կարևոր է գիտակցել և ակտիվորեն վիճարկել սեփական տագնապահարույց մտքերը։ Սրա համար օգտակար է ուժեղ վախի կամ տագնապի պահին, ճիշտ շնչառությունը վերականգնելու հետ զուգահեռ, հարցնել ինքդ քեզ՝ «Ի՞նչ եմ ես հիմա մտածում» և դուրս բերված մտքերը գրի առնել։ Այնուհետև, պետք է տալ հարցեր, որոնք ուղղված կլինեն այդ մտքերի արժանահավատության ստուգմանը. ի՞նչ հիմք ունեմ այսպես մտածելու, որքանո՞վ արժանահավատ են իմ փաստարկները կամ տագնապ տարածող աղբյուրը, կա՞ արդյոք իրավիճակը մեկնաբանելու այլ, ավելի հավանական տարբերակ, ինչպե՞ս ես կարող եմ ստուգել այս մտքերի ճշմարտացիությունը և այլն։ Նման հարցադրումները թույլ են տալիս մեկ քայլ հետ անել սեփական տագանապահարույց մտքերից և քննել դրանց իրավացիությունը, հետազոտել ապացուցողական հիմքերը։ Նման աշխատանքը գրեթե միշտ հանգեցնում է առավել ռացիոնալ, հավասարակշռված և ոչ ծայրահեղացված մտքերի ձևավորմանը, ինչն իր հերթին իջեցնում է տագնապը։

 

Նաև չափազանց կարևոր է հոգ տանել հուզական վիճակի թոթափման և դրական լիցքերի ձեռքբերման մասին։ Այս նպատակին կարող են ծառայել տնային պայմաններում իրականանալի տարբեր գործողությունները. ակտիվ շարժումները, պարը, նկարելը, երաժշտությունը, ստեղծագործելը, մինչև անգամ՝ տուն մաքրելը։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է հույզերին արտահայտվել թույլ տալը. խոսելը մտերիմների հետ, լաց լինելը, ընդունելի ու անվնաս կերպով ագրեսիան դուրս հանելը՝ թուղթ պատռելով, բարձերին հարվածելով և այլն։

 

Նշված հոգեվիճակը և այն հաղթահարելու տարբերակներն արտակարգ իրավիճակում հնարավոր հոգեհուզական արձագանքների միայն մեկ օրինակ էր։

 

- Ձեր կենտրոնը նախաձեռնել է  «Արտակարգ իրավիճակում հոգեբանի հետ» խորագրով տեսաշարքը: Ինչպե՞ս առաջացավ այս նախաձեռնության գաղափարը, և ո՞րն է դրա նպատակը:

 

- Արտակարգ իրավիճակում մեր կենտրոնի հոգեբանները շարունակում են մատուցել առցանց հոգեբանական աջակցություն իրենց այցելուներին և ունեն հստակ պատկերացում՝ ինչպիսի փոփոխությունների և սրացումների է սկսել հանգեցնել այս իրավիճակը։ Բացի դրանից՝ համացանցային սոցիալական հարթակները հարուստ են մարդկանց տարատեսակ հոգեբանական խնդիրներն արտահայտող հրապարակումներով, ինչպես նաև անկառավարելի, իրարամերժ, հաճախ բացարձակապես չհիմնավորված ու խուճապ առաջացնող հոդվածներով կամ ելույթներով։ Այս քաոսային տեղեկատվական դաշտում և սթրեսային իրավիճակում մենք հասկացանք, որ անհրաժեշտ է լայն զանգվածներին մատչելի կերպով իրազեկել հնարավոր հոգեբանական և հուզական դրսևորումների և դրանց  հաղթահարման պարզունակ մեթոդների մասին։ Եվ մենք ընտրեցինք տեսահոլովակների շարքով հանդես գալու տարբերակը, որին տվեցինք «Արտակարգ իրավիճակում հոգեբանի հետ» խորագիրը։ Այս տեսաշարքում մեր կենտրոնի տարբեր մասնագետներ հանդես կգան 5-10 րոպեանոց փոքրիկ հոլովակներով, որոնցում պարզ լեզվով կներկայացնեն արտակարգ վիճակում գտնվելու հոգեբանական առանձնահատկությունները, հնարավոր անցանկալի հետևանքները և հուզական դրսևորումները, ինչպես նաև կանդրադառնան տնային պայմաններում ինքնակարգավորման հասանելի հնարներին։

 

- Ի՞նչ թեմաներ են արծարծվում տեսաշարքի շրջանակում, ինպե՞ս են դրանք ընտրվում:

 

- Թեմաների ընտրությունը ելնում է գործնական հոգեբանության մեջ վաղուց հայտնի սթրեսային հոգեվիճակներում մարդու արձագանքման մեխանիզմների մասին պատկերացումներից, ինչպես նաև մեր հանրության համար առանձնահատուկ՝ մշակույթային ու ազգային կենցաղավարման և փոխհարաբերման  յուրահատկություններից։

 

Մասնավորապես, թեմաներն ընդգրկում են սթրեսի մասին պատկերացումները և այն հաղթահարելու մեխանիզմները, վարակվելու վախը և մահվան տագնապը, խուճապային վիճակների կարգավորման ձևերը, հոգեբանական ինքնախնամքի եղանակները, երեխաների արձագանքն այս իրավիճակին և դրա հետ առնչության յուրահատկությունները, կարանտինում ընտանեկան փոխհարաբերությունների հնարավոր խնդիրները ու դրանց հաղթահարումը և այլն։

 

Կարևոր է նշել նաև, որ թեմաների ընտրությունը հենվելու է նաև մեզ դիտողների արդիական հետաքրքրությունների վրա, որոնք կարող են թողնել իրենց կարծիքներն ու առաջարկները մեկնաբանություններում։

 

- Ինչպե՞ս կարելի է ծանոթանալ ձեր նախաձեռնությանը և հետևել նոր թեմաներին:

 

- Տեսահոլովակները պարբերաբար զետեղվում են մեր կենտրոնի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/YSU.PsyCenter/, ինչպես նաև ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի յութուբյան ալիքում։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
ԵՊՀ աշխատողների, նրանց ընտանիքների և ուսանողների հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ից սկսվում է Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում սենյակների ամրագրման գործընթացը։
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ՝ համալսարանի աշխատողների հանգիստն առավել մատչելի դարձնելու համար: