18.06.2020 | 
Հասարակություն
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԼՍԱՐԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂ ԻՐԵՆ ԲՆՈՐՈՇ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԼՍԱՐԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂ ԻՐԵՆ ԲՆՈՐՈՇ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյանը «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բնագիտական անվանակարգի հաղթողներից է։ Պարոն Մովսիսյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մանկավարժական գործունեության և աշխատանքային հիմնահարցերի մասին:

- Պարո՛ն Մովսիսյան, բուհում սովորելիս որպես մասնագիտացում՝ ընտրել եք օգտակար հանածոների հանքավայրերի որոնումը և հետախուզումը: Ինչպե՞ս է Ձեզ գրավել այդ մասնագիտությունը:

 

 - Նախ բուն «Երկրաբանություն» մասնագիտության ընտրությունս, կարելի է ասել, պատահական էր, քանի որ ի սկզբանե ոչինչ չգիտեի երկրաբանության մասին, իսկ միակ պատկերացումս այն էր, որ պետք է կապված լինի բնության և լեռների հետ, ինչն էլ ինձ առավել շատ գրավեց այդ պահին: Այնուհետև` ուսման ընթացքում, երբ 2-րդ կուրսի ավարտին եկավ ժամանակը մասնագիտացման ընտրության, արդեն, կարելի է ասել, հստակ պատկերացումներ ունեի թե՛ մասնագիտության և թե՛ ընտրվող մասնագիտացումների վերաբերյալ, և եղած մասնագիտացումների (թվով 5-ն էին) ցանկից ընտրեցի հանքավայրերի որոնման և հետախուզման հետ կապված ուղղությունը, որն անմիջապես կապված էր հանքավայրերի հայտնաբերման, հետախուզման, պաշարների հաշվարկման և երկրաբանատնտեսագիտական գնահատման հետ: Սա մի մեծ և բավականին հետաքրքիր ուղղություն էր ինձ համար, որն իր մեջ ընդգրկում է երկրաբանության և հարակից մի շարք մասնագիտությունների լայն սպեկտր` երկրաբանությունն իր ամբողջ համալիրով (քանի որ առանց դրա հնարավոր չէ ճիշտ կատարել երկրաբանական կառուցվածքի վերլուծություն ու հանքայնացման հայտնաբերման ուղղված արդյունավետ կանխատեսումներ) և, իհարկե ,հանքավայրի շահագործման, արդյունաբերական նշանակության գնահատման տնտեսագիտական և այլ բազմաթիվ հարցեր: Մասնագիտացման ընտրությանը նպաստեցին ինչպես իմ դասախոսները, որոնք այսօր ավագ գործընկերներ են, բարձր կուրսերի ուսանողների հետ մասնագիտացումների, դրանց հետաքրքիր կողմերի, առավելությունների և այլ հարցերի քննարկումները, այնպես էլ 2-րդ կուրսում ուսումնական պրակտիկայի անցկացման ժամանակ ընձեռված հնարավորությունները՝ այցելելու շահագործվող հանքավայր: Մասնագիտության գրավիչ կարևոր կողմերից մեկն էր նաև առաջին կուրսի հենց առաջին կիսամյակում «Ընդհանուր երկրաբանություն» դասընթացի և այն կարդացող դասախոսի կողմից մասնագիտության մեկնաբանման, դասավանդման և ներկայացման առանձնահատուկ, իրեն բնորոշ յուրովի մոտեցումը:

 

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք երկրաբան դառնալու համար: Ի՞նչ պիտի իմանա ուսանողը՝նախքան այս մասնագիտությունն ընտրելը:

 

- Երկրաբան դառնալու համար առաջին հերթին անհրաժեշտ է սեր դեպի ընտրած մասնագիտությունը (կարծում եմ՝ սա պարտադիր է բոլոր մասնագիտությունների համար), մեծ պատրաստակամություն և պատասխանատվություն, նվիրում մասնագիտությանը և աշխատանքին: Բացի նշված ընդհանուր պահանջներից, կարծում եմ, շատ կարևոր է երկրաբանի համար մտքում երևույթները, մարմինները, գործընթացները, կառուցվածքները  պատկերացնելու (այդ թվում՝ ծավալային, եռաչափ), տեղանքում կողմնորոշվելու կարողությունները: Եթե մարդն ունակ չլինի մտքում հստակ պատկերացնելու այն, ինչի մասին մտածում է կամ խոսում, ապա դժվար կլինի նրա համար երկրաբանություն մասնագիտությունը:

  

Երկրաբանական գործընթացները տեղի են ունենում հիմնականում երկրի ընդերքում (երկրի մակերևույթին նույնպես տեղի են ունենում, բայց դրանք որոշակի կերպով ավելի պարզ են և հստակ, չնայած այստեղ էլ կան խնդրահարույց հարցեր), և շատ գործընթացներ տեղի են ունեցել երկրաբանական անհիշելի անցյալում, որը ոչ թե մեկ կամ մի քանի հազար տարի է, այլ ասենք, օրինակ, 4.5 մլրդ տարի: Երկրաբանը պետք է կարողանա մտովի ներթափանցել երկրի (մոլորակի) խորքը, խորը հորիզոնները, մտովի գնալ պատմական անցյալ և վերականգնել տեղի ունեցող գործընթացները:

 

Իսկ ինչ վերաբերում է գիտելիքների իմացությանը, ասեմ, որ շատ բան հարկավոր չէ, միայն հանրակրթական գիտելիքներ, ցանկալի է, իհարկե, գիտելիքներ բնագիտական և ֆիզիկամաթեմատիկական ոլորտներից, սակայն երբեմն լավ երկրաբաններ են դառնում նաև լրիվ այլ ոլորտներից իրազեկ մարդիկ: Պարզապես պետք է իմանալ և հիշել, որ երկրաբանությունը շատ հետաքրքիր մասնագիտություն է, որն ուսումնասիրում է երկրագնդի (նույնիսկ տիեզերքի) ծագումնաբանական հարցերից մինչև երկրի մակերևույթին տեղի ունեցող պարզ (միևնույն ժամանակ բարդ) հողմահարման գործընթացներ, հանքավայրերի առաջացման, դրանց հայտնաբերման և շահագործման արդյունաբերական (տնտեսական) հարցեր, հիդրոերկրաբանություն, ճարտարագիտական երկրաբանություն, սեյսմիկ ռիսկի և հրաբուխների հետազոտություն:

 

- Ի՞նչ վառ հիշողություններ ունեք Ձեր մասնագիտական գործունեությունից:

 

- Բախտ է վիճակվել ուսման տարիներին անցնելու շատ լավ ու հետաքրքիր ուսումնական և արտադրական պրակտիկաներ, մասնակցելու բազմաթիվ երկրաբանական արշավների, ինչպես նաև աշխատելու և գործնական կարողություններ զարգացնելու արտադրական (երկրաբանահետախուզական աշխատանքների) գործընթացում: Լավ հիշողությունները շատ են, բայց դրանց մեջ ինձ համար բացի մասնագիտական նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու հնարավորություններից՝ կարևորվել է աշխատանքային կոլեկտիվը, որի հետ հաճելի է եղել աշխատելը, ավագ գործընկերներից ինչ-որ նոր բան սովորելը և այլն:

 

 

- Պարո՛ն Մովսիսյան, հանքերի շահագործման վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում: Որպես մասնագետ՝ կարո՞ղ եք ասել՝ հնարավո՞ր է շահագործել հանքեր՝ առանց շրջակա միջավայրն աղտոտելու:

 

- Ցավոք, այո՛, Հայաստանում (աշխարհում նույնպես, բայց ոչ համատարած) կա այդ խնդիրը: Այո՛, հանքավայրի շահագործումը բարդ գործ է և պահանջում է մեծ պատասխանատվություն, մեծ ներդրումներ և մեծ ռիսկեր: Առկա բացասական վերաբերմունքը, կարծում եմ, պատճառ է կուտակված դառը փորձի: Քանի դեռ Հայաստանում չենք տեսել պատասխանատու մոտեցում հանքավայրերի շահագործման ոլորտում, ոլորտի և գործունեության վերաբերյալ բացասական կարծիքը լինելու է:

 

Հանքավայրերի շահագործումը Հայաստանում եղել է շատ վաղուց: Սկզբում շատ փոքր ծավալներով, այնուհետև՝ ծավալների կտրուկ ավելացմամբ, որակի կտրուկ նվազմամբ և հանքաքարերի հարստացման տեխնոլոգիաների պարտադիր կիրառմամբ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության խնդիրների մասին, որը նոր հազարամյակի մարտահրավերներից է, կես դար առաջ կամ չեն մտածել, կամ չեն խոսել:

 

Հանքավայրի շահագործումն ինքնանպատակ գործ չէ, օգտակար հանածոն, որը հանվում է ընդերքից, պահանջված է տնտեսության կողմից, դրա համար էլ արդյունահանվում է, և այդ գործընթացը շարունակվելու է այնքան, քանի դեռ այդ պահանջարկը կա, իսկ տնտեսական պայմանները բավարարում են հանքավայրի շահագործմանը: Այն բնականաբար չի կարող ազդեցություն չունենալ շրջակա միջավայրի վրա, սակայն միշտ էլ կարելի է միջոցառումներ ձեռնարկել այդ ազդեցությունը նվազագույնի հասցնելու կամ ազդեցության հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ, ինչը, կարծում եմ, քաղաքակիրթ շահագործման և պատասխանատու մոտեցման արդյունքում լիովին հնարավոր է:

 

- Բացի մասնագիտական գործունեությունից՝ իրականացնում եք նաև մանկավարժական ու գիտահետազոտական աշխատանք: Սրանք իրար փոխլրացնո՞ւմ են:

 

- Իրականում հենց առաջին հերթին իրականացնում եմ (իրականացնում էի մինչ այս պահը. ուսումնական նոր տարվա համար ինձ ժամեր չեն հատկացրել) մանկավարժական գործունեություն, որն ինքնին բարդ և պատասխանատու աշխատանք է: Սակայն չնայելով ժամանակային սահմանափակումներին և դժվարություններին՝ փորձել եմ այն համատեղել մասնագիտական գործունեության և գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու հնարավորության հետ: Ճիշտ է, նշվածներից յուրաքանչյուրն իր խնդիրներն ու պահանջներն ունի, սակայն դրանք մեկը մյուսին փոխլրացնում են և օգնում մանկավարժական գործունեության դեպքում, քանի որ կարողանում ես գործնականը բերել լսարան, և ուսանողին, որն ապագա մասնագետ է դառնալու, ներկայացնել (բացի տեսական կարևոր գիտելիքներից) այն, ինչն այսօր կատարվում է արտաքին աշխարհում (մասնագիտական բնագավառում): Համատեղ գործունեությունը թույլ չի տալիս նաև դասախոսին լճանալու և հնարավորություն է տալիս միայն զարգանալու և կատարելագործվելու:

 

- Ունե՞ք հատուկ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք դասախոսություններ կարդալիս: Ի՞նչ մեթոդներ եք կիրառում դրանք առավել արդյունավետ կազմակերպելու համար:

 

- Դրանք ձևավորվում են տարիների ընթացքում, սակայն կայուն լինել չեն կարող (բացի օրենքով սահմանված հատուկ պահանջների պահպանումից և կատարումից): Երևի թե հատուկ կարելի է նշել այն, որ յուրաքանչյուր լսարան և ուսանող իրեն բնորոշ անհատական մոտեցումն է պահանջում՝ դասավանդման մեթոդների ընտրության և աշխատանքների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից: Ճիշտ է, դասընթացն ունի պարտադիր գրված ծրագիր, վերջնարդյունքներ և այլն, սակայն այդ պարտադիր բաղադրիչներից բացի՝ դասախոսը պետք է կարողանա լսարանում հասկանալ՝ դրա որ մասն է այդ խմբի համար առավել պարտադիր, ինչպես կարելի է այն ձևափոխել, որ առավել մատչելի և արդյունավետ հասցնի ուսանողին, և ամենակարևորը՝ ուսանողի մոտ ձևավորի գիտելիքը ստանալու ցանկություն, որի բացակայության դեպքում ցանկացած ջանք ապարդյուն կլինի: Կարևորում եմ միշտ տեսականի և գործնականի միջև զուգահեռների անցկացումը, ուսանողի հետ հարցուպատասխանը և ժամանակակից մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառությունը:

 

Կարևոր սկզբունքներ են պատասխանատվության պահպանումը և պատասխանատու մոտեցումն աշխատանքի նկատմամբ, ստանձնած պարտավորությունները և մանկավարժի գործը բարձր որակով և արդյունավետությամբ իրագործելը, որպեսզի քո «պատրաստած» մասնագետն ապագայում կարողանա ազատ իր տեղը գտնել աշխատաշուկայում, և դու միայն ուրախանաս նրա հաջողություններով:

 

- Ձեր խորհուրդը Ձեր ուսանողներին:

 

- Սովորել և համալսարանից, ամեն մի դասախոսից (ուսումնառության տարիներից) վերցնել առավելագույնը: Ժամանակն ամենաթանկն է, որը հետ բերել հնարավոր չէ։ Միշտ էլ կարելի է սովորել, և սովորում ենք բոլորս, սակայն այսօրվա ժամանակը վաղը չենք ունենա: Երկրաբանությունը հետաքրքիր մասնագիտություն է, և լավ մասնագետը հաստատ կգտնի իր տեղը և դերն այս բնագավառում:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊՈՂՈՍՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կենդանաբանության լաբորատորիայի գիտաշխատող Սարգիս Աղայանը սեպտեմբերի 22-ին ստացել է Պողոսյան մրցանակ (նախկինում՝ Նախագահի մրցանակ) բնական գիտությունների զարգացման ոլորտում:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ARMDOCT» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԵՊՀ աշխատանքային խումբն այսօր քննարկել է «Erasmus +» ծրագրի շրջանակում մեկնարկած «Armdoct» եռամյա նախագծի աշխատանքները: