17.01.2020 | 
Ուսանողական
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին:

- Մերի, շնորհավորում ենք ՈՒԳԸ նախագահ դառնալու կապակցությամբ: Կպատմե՞ք այս կառույցում Ձեր անցած ճանապարհի մասին:

 

- ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործող ուսանողական գիտական ընկերությունը բավականին երկար ժամանակ դադարեցրել էր իր գործունեությունը: Կառույցը չէր գործում, չկային պատրաստակամ ուսանողներ՝ իրականացնելու դրա գործառույթները: 2016 թվականին, երբ ես սովորում էի երկրորդ կուրսում,  ընկերներիցս մեկի հետ որոշեցինք վերսկսել ՈՒԳԸ-ի գործունեությունը: Մեծ ոգևորությամբ համաձայնեցի դառնալ ֆակուլտետային ՈՒԳԸ քարտուղարը: Ձևավորեցինք ֆակուլտետային ՈՒԳԸ թիմ և կարճ ժամանակ անց՝ արդեն 2017 թվականին, ընտրվեցի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ: Մինչ այդ ֆակուլտետի շատ ուսանողներ ՈՒԳԸ-ի մասին նույնիսկ չէին լսել, իսկ նրանք, ովքեր լսել էին, այն շփոթում էին ուսանողական այլ կառույցների հետ: Վստահաբար կարող եմ նշել, որ իմ պաշտոնավարման 2 տարիների ընթացքում իմ և իմ թիմակիցների նվիրված աշխատանքի արդյունքում կառույցը ոչ միայն կայացավ, այլև աչքի ընկավ որակյալ և հիշարժան միջոցառումների կազմակերպմամբ: 2019 թ. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հաստատմամբ նշանակվեցի ԵՊՀ ՈՒԳԸ քարտուղար, իսկ հետո` դեկտեմբերի 19-ին,  գիտխորհրդի հաստատմամբ ՈՒԳԸ նախագահ:

 

- Ինչպե՞ս կսահմանեք կառույցի հիմնական գործառույթները և ըստ Ձեզ՝ դրանք վերանայելու կարիք կա՞:

 

- ՈՒԳԸ գործունեության հիմնական նպատակն է նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը` սատարելով գիտական և կրթական ոլորտներում ուսանողության նախաձեռնությունների՝ ուսանողական գիտաժողովների, սեմինար-քննարկումների, գիտակրթական բնույթ ունեցող ինչպես համալսարանական, այնպես էլ արտահամալսարանական այլ միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը: Կարծում եմ` գործառույթները հստակ են և կարիք չունեն վերանայման:

 

- Որպես նորընտիր նախագահ՝ ծրագրային ի՞նչ քայլեր եք պատրաստվում իրականացնել:

 

- Նախատեսվող ծրագրային քայլերը շատ են: Մասնավորապես կնշեմ, որ նոր ռազմավարությամբ ընդլայնելու ենք համագործակցային շրջանակը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, միջազգային գիտական նստաշրջանների ընթացքում բաժանմունքներում ռեսուրսների պատշաճ ապահովման և ՈՒԳԸ հանձնաժողովների (Արտաքին կապերի, Թարգմանական հարցերի, Ընդհանուր հարցերի, Տեղեկատվական) աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար դրանք համալրելու ենք նոր ներկայացուցիչներով:

 

- Ցանկալի արդյունքների հասնելու համար կառուցվածքային այլ փոփոխություններ ու նոր նշանակումներ նախատեսո՞ւմ եք:

 

- Առաջիկայում նախատեսվում են ՈՒԳԸ նախագահի տեղակալի և քարտուղարի նոր նշանակումներ, որոշ ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախագահների նոր ընտրություններ, ինչպես նաև ՈՒԳԸ  արտաքին կապերի և տեղեկատվական հանձնաժողովների նախագահների ընտրություններ:

 

- Ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվելու առաջիկայում:

 

- Առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի 1.3 (29) և 1.4 (30) համարների շնորհանդեսը, սկսել «IBM SPSS» վիճակագրական ծրագրի մեկամսյա դասընթացաշարը`նախատեսված ՈՒԳԸ գիտական խորհրդի անդամների համար, ինչպես նաև հայաստանյան այլ բուհերի հետ համագործակցության շրջանակում իրականացնել դասախոսությունների շարք, կազմակերպել Արաբական լիգա և ՄԱԿ-ի մոդել միջոցառումները, անցկացնել ֆիզիկային և մաթեմատիկային նվիրված օլիմպիադան և այլն:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Հաշվի առնելով արտահերթ արձակուրդը` մարտի 3-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Moodle» համակարգի միջոցով իրականացվում է հեռավար դասավանդում:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մտավախություն ունենալով, որ այն կարող է շարունակվել, որոշել է իրականացնել հեռավար ուսուցում։