18.06.2020 | 
Հասարակություն
«ՈՐԵՎԷ ԲԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ, ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ. ԴԱՐՁՆԵԼ ԱՅՆ ՍԻՐԵԼԻ». ՎԱՐՈՒԺԱՆ ԱԹԱԲԵԿՅԱՆ
«ՈՐԵՎԷ ԲԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ, ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ. ԴԱՐՁՆԵԼ ԱՅՆ ՍԻՐԵԼԻ». ՎԱՐՈՒԺԱՆ ԱԹԱԲԵԿՅԱՆ
Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ Վարուժան Աթաբեկյանը ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի ֆիզիկամաթեմատիկական անվանակարգի հաղթողներից մեկն է: Պարոն Աթաբեկյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մաթեմատիկայի կիրառության և այլ հարցերի շուրջ:

- Պարո՛ն Աթաբեկյան, ե՞րբ և ինչպե՞ս Ձեզ գրավեց մաթեմատիկան։ Ինչո՞ւ որոշեցիք հենց այս մասնագիտությունը ձեռք բերել։

- Երբեք այդ մասին չեմ մտածել։ Բայց հիմա հետադարձ հայացք նետելով՝ մտաբերում եմ իմ ուսուցիչների ոգևորիչ խոսքերը, մտաբերում եմ Գարդների «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա» գրքի երկհատորյակը, որի հետ ցածր դասարաններում երկար «ժամանակ եմ անցկացրել»։ Թերևս մաթեմատիկայի գրավչությունն էապես մեծացավ, երբ հայրս ինձ պատմեց ֆրանսիացի Էվարիստ Գալուա անունով հանճարեղ, ցավոք վաղամեռիկ, պատանի մաթեմատիկոսի մասին, որի կյանքին նվիրված Ինֆելդի գիրքը նույնպես ազդեցություն է ունեցել իմ նախասիրությունների վրա։ Ի դեպ, այդ գիրքը տպավորիչ վերնագիր ունի. «Ում սիրում են Աստվածները. Էվարիստ Գալուայի կյանքը»։ 

 

- ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը (այն ժամանակ՝ Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ) ավարտելուց հետո ընդունվել եք Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրա։ Ի՞նչ հեռահար նպատակներ ունեիք այդ ժամանակ։ Մտածե՞լ էիք դասախոս դառնալու մասին։

- Իմ ուսանողական տարիներին համալսարանի պատերի ներքո խորը հարգանք և պատկառանք էր թևածում գիտության, դասախոսների, դասախոսական աշխատանքի նկատմամբ։ Ես երազում էի աշխատել այդ միջավայրում։ Եվ թեև Մոսկվայում արագորեն հաջողության հասա, օրինակ՝ ճանաչվեցի Մոսկվայի պետական համալսարանի երիտասարդ գիտնականների մրցույթի հաղթող, կարող էի նաև մնալ և աշխատել այնտեղ, բայց վերադարձա հայրենիք՝ երազանքիս հետքերով։

 

- Ե՞րբ եք գրել գիտական Ձեր առաջին աշխատանքը։ Հիշո՞ւմ եք՝ որն էր ուսումնասիրության թեման։

 

- Առաջին գիտական հոդվածը գրել եմ ասպիրանտուրայի առաջին կուրսի վերջում։ Այն համատեղ աշխատանք է, և համահեղինակը, որն իմ տարեկիցն է, այժմ Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր է։ Աշխատանքը նվիրված էր, այսպես կոչված, Տարսկու «հրեշների» կառուցմանը (դրանք նոր ստեղծվող բավականին բարդ մաթեմատիկական օբյեկտներ էին)։

 

- Ո՞րն է Ձեզ համար գիտական ամենակարևոր հայտնագործությունը։

 

- Իմ աշխարհայացքի վրա մեծ ազդեցություն են գործել հարաբերականության տեսությունը, Ռոբինսոնի ոչ ստանդարտ անալիզի տեսությունը, պարբերական խմբերի «արտասովոր» տեսությունը, ԴՆԹ-ի կառուցվածքի բացահայտումը… կարելի է երկար թվարկել։ Բայց, այնուամենայնիվ, վստահ եմ՝ ամենակարևոր հայտնագործություններն առջևում են։ 

 

- Ի՞նչ է Ձեզ համար մաթեմատիկան. Դուք ինչպե՞ս կսահմանեք այն։

- Մաթեմատիկան մտածողություն է, որը բոլոր գործողություններն ու դատողությունները, արարքներն ու մտքերը վերածում, ենթարկում է տրամաբանական ալգորիթմների։

 

- Պարո՛ն Աթաբեկյան, այսօր էլ դեռ շատ աշակերտների և նույնիսկ ուսանողների շրջանում շրջանառվում է հարցը, թե կիրառական ի՞նչ նշանակություն ունի մաթեմատիկան։ Դուք ի՞նչ կպատասխանեիք նրանց։

- Մաթեմատիկան արվեստների շարքում է՝ գրականության, կինոյի, կերպարվեստի… և շատ առաջ է անցել անմիջական կիրառությունից։ Մյուս կողմից՝ նայեք ձեր շուրջը և կտեսնեք, որ այն ամենուր է՝ շինություններ, սարքավորումներ, համակարգիչներ…

 

- Կա՞ հատուկ մեթոդ, որը կարելի է կիրառել մաթեմատիկայի ուսուցումն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը։

- Որևէ բան, այդ թվում՝ մաթեմատիկան, սովորեցնելու մի ճանապարհ կա. դարձնել այն սիրելի։

 

- Ձեր խորհուրդը Ձեր ուսանողներին։

- Սարոյանն ասել է. «Փնտրիր բարին ամենուրեք և երբ գտնես, դուրս բեր թաքստոցից, և թող նա լինի ազատ ու աներկյուղ»։ Սա վերաբերում է բոլորիս։ Իսկ հաջողության հասնելու համար նվիրվեք ձեր ընտրությանը։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի փակման արարողությունը։
ՀՀ- ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն այսօր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար հանդես է եկել հեռավար դասախոսությամբ։