05.10.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿԽՐԱԽՈՒՍՎԵՆ ՊԱՏՎԱՍՏՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԿԽՐԱԽՈՒՍՎԵՆ ՊԱՏՎԱՍՏՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրուցել ենք «ԵՊՀ-ի աշխատողներին պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին» հրամանի վերաբերյալ ի հայտ եկած հարցադրումների, դրա կիրարկման դժվարությունների և խնդիրների, ինչպես նաև ԵՊՀ-ում պատվաստման գործընթացի ցուցանիշների մասին:

- Պարո՛ն Հովհաննիսյան, երեկ հրապարակված Ձեր հրամանի համաձայն՝ ՊՇՌ յուրաքանչյուր հետազոտություն իրականացնելու համար նախատեսվում էր ԵՊՀ աշխատակիցներին ամսական երկու անգամ տրամադրել երեք հազար դրամ ֆինանսական փոխհատուցում: Այս որոշման վերաբերյալ աշխատակիցների կողմից ի հայտ են եկել բազմաթիվ հարցադրումներ: Ի՞նչ խնդիրներ կան՝ կապված որոշման հետ:

 

- Այո՛, հրամանի հրապարակումից հետո դրա կիրառման վերաբերյալ մենք բազմաթիվ հարցադրումներ ստացանք: ԵՊՀ-ն բավականին մեծ կառույց է, որն ունի շուրջ 2500 աշխատակից, հետևաբար օբյեկտիվորեն հրամանով նախատեսված փաստաթղթերի հավաքագրումը, ապա փոխհատուցման կազմակերպումը ժամանակատար ու աշխատատար են: Բացի դրանից, մասնագետների պնդմամբ, փոխհատուցման ընթացակարգը հարկային որոշակի պարտավորություններ է ի հայտ բերում, քանի որ այն դիտարկվում է իբրև եկամուտ: Կան նաև այլ դժվարություններ, որոնք, անկեղծ ասած, ի սկզբանե չէին գնահատվել: Հաշվի առնելով բոլոր հարցադրումներն ու ի հայտ եկած դժվարությունները՝ ես ուժը կորցրած եմ ճանաչել այս հրամանը՝ հնարավոր սխալներից, բացթողումներից և դժգոհություններից խուսափելու համար:

 

- Պարո՛ն Հովհաննիսյան, այսինքն՝ աշխատակիցներն ամբողջությամբ իրե՞նք են վճարելու Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության համար:

 

- Ես հանձնարարել եմ Հաշվապահությանը, որ քննարկեն և գտնեն լուծումներ, թե ինչ մեխանիզմով կարելի է որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել աշխատակիցներին՝ մեղմելու այս գործընթացի արդյունքում ի հայտ եկած ֆինանսական դժվարությունները:

 

- Իսկ այս պահի դրությամբ ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված ԵՊՀ-ում՝ կապված COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացի հետ:

 

- Երևանի պետական համալսարանում այս պահին էլ մեծ թափով շարունակվում է իրականացվել պատվաստման գործընթացը: Աշխատակիցների շուրջ 40 %-ն արդեն պատվաստվել է: Մենք խրախուսում ենք պատվաստվելը, քանի որ այն ուղղված է հանրային առողջության պահպանմանը: Նշեմ, որ պարգևատրման տարբեր միջոցներով քաջալերելու ենք պատվաստված բոլոր աշխատակիցներին: Առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր մեր այն աշխատակիցներին, որոնք չունեն հակացուցումներ, պատվաստվել և միահամուռ ուժերով պայքարել համավարակի դեմ:  

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում ՄՊՀ անդամ, Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի.գ.թ.Տիգրան Մարկոսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները:
«ՉՆԱՅԱԾ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՄԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ». ԱՆԱՀԻՏ ՕՐԲԵԼՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Օրբելյանը վստահ է, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի: Երիտասարդ համալսարանականն ունի իր տեսլականը պետության զարգացման համար, որի առանցքային տարրը երիտասարդն է՝ հայրենասեր ու նպատակասլաց: