15.12.2016 | 
Գիտություն
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Իրան-Հայաստան-Վրաստան. խաղաղ հարևանության և զարգացման տեսլականներ» խորագրով միջազգային գիտաժողովը:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի և «Հակամարտությունների և խաղաղության հետազոտման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովի հիմնական նպատակն է քննարկել տարածաշրջանային հիմնախնդիրները և դրանց ազդեցությունը ՀՀ արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև ամրապնդել հարևան պետությունների միջև առկա տնտեսական, ռազմաքաղաքական և մշակութային կապերը:

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը ողջունեց հյուրերին և ընդգծեց, որ գիտաժողովը թույլ կտա նախագծել երեք պետությունների հետագա զարգացման տեսլականները և ի մի բերել այն նվաճումներն ու ձեռքբերումները, որոնք կյանքի են կոչվել նշված տերությունների և ժողովուրդների հարաբերությունների արդյունքում վերջին քառորդ դարի ընթացքում:

 

«Վստահ եմ, որ այս գիտաժողովն իր տեղը կզբաղեցնի տարածաշրջանի երեք հինավուրց և բարձր մշակույթ ստեղծած ժողովուրդների դարավոր հարաբերությունների պատմության տարեգրության մեջ: Ժողովուրդներ, որոնք, այսօր թոթափելով անցյալի բեռը, վստահ հայացքով են նայում դեպի ապագան»,- նշեց դեկանը:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նույնպես կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը գիտական հարթակներում և նշեց, որ միայն այն փաստը, որ Հայաստանի արտաքին առևտրի 100 տոկոսն անցնում է Վրաստանի և Իրանի տարածքներով, ինքնին խոսում է այն մասին, որ տվյալ երկրների հետ կապերն ամենակարևորն են մեր պետության համար:

 

Ներածական խոսքերից հետո զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքին, ով անդրադարձավ քաղաքացիական հասարակության մեջ խաղաղ համակեցության վրա իսլամի մարգարեի և կրոնական առաջնորդների մոտեցումներին:

 

Հավելենք, որ գիտաժողովի ընթացքում զեկուցումներ ներկայացրին նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների և արևելագիտության ֆակուլտետների, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական, Թբիլիսիի պետական համալսարանների, Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի, ինչպես նաև «Ինտեգրացիա և զարգացում» ու Խաղաղության և վերաինտեգրման տարածաշրջային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 7-8-ը ԵՊՀ-ում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԱԿԱՆԱՎՈՐ ԼԵԶՎԱԲԱՆԻՆ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով հանրապետական գիտաժողովը: