20.12.2021 | 
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) չափանիշների վերաբերյալ («HELP») մագիստրոսական դասընթացներին մասնակցած ուսանողների հավաստագրերի հանձնման արարողությունը:

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում կազմակերպված միջոցառմանը ներկա էին կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ԵԽ երևանյան գրասենյակի նախագծերի ավագ մասնագետ Դիանա Ղազարյանը, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հրավիրյալ դասախոս Սերգեյ Ղազինյանը, ծրագրի շրջանավարտները, առցանց մասնակցում էր նաև «HELP» միության ղեկավարի տեղակալ Աննա Մեդարսկա-Լազովան:

 

Համալսարանական կենտրոնի գործունեությունը նախ ներկայացրեց կենտրոնի Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում մագիստրոսական ծրագրի համակարգող Քրիստինե Գևորգյանը. «Մենք ուրախ ենք, որ մեզ հնարավորություն է ընձեռվել ԵՄ «HELP» համայնքի մասնիկը դառնալու: Մեր ուսանողները հաջողությամբ են մասնակցել և ավարտել դասընթացը: Շնորհակալ ենք ԵՄ գրասենյակի ղեկավարությանը մեզ աջակցելու համար»:

 

 

Միջոցառման մասնակիցներին ողջունեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը. «Ողջունում ենք ձեզ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: Դասընթացի մասնակիցները, իրապես, անհրաժեշտ հմտություններ են ձեռք բերել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչն էլ կարևոր դեր է խաղալու մասնակիցների մասնագիտական աճի գործում: Մագիստրոսական այս ծրագիրն իրականացվել է ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում: Մենք մեր դասընթացներում նախատեսում ենք նաև ներառել «HELP»-ի մյուս ծրագրերն ու նյութերը»:

 

 

«Ուրախ եմ, որ ԵՊՀ-ում եմ և մասնակցում եմ այս կարևոր ծրագրի հավաստագրերի հանձնման արարողությանը: Հաճելի է, որ մեր համագործակցությունը զարգացում է և հեռահար նպատակներ ունի: Շնորհակալ եմ արդյունավետ աշխատանքի ու փոխգործակցության համար»,- նշեց Մարտինա Շմիդտը՝ անդրադառնալով ԵԽ գործունեությանն ու կրթական ծրագրերի կարևորությանն ու հիմնական նպատակներին, որոնք, ի դեպ, նախատեսված են ոչ միայն ուսանողների, այլև մասնագետների համար:

 

 

Աննա Մեդարսկա-Լազովան ողջունեց մագիստրոսներին և տեսապատկերների միջոցով ներկայացրեց ծրագրի ստեղծման պատմությունը, հիմնական նպատակները և առաքելությունը:

Ողջույնի խոսքերից հետո Վ. Մարտիրոսյանն ու Մ. Շմիդտն  հավաստագրեր հանձնեցին ծրագրի՝ տարբեր երկրներ (Հայաստան, Վրաստան, Բելառուս, Պորտուգալիա, Բրազիլիա, Եգիպտոս, Ռուսաստան, Ղրղզստան, Տաջիկստան և այլն) ներկայացնող շրջանավարտներին:

 

 

Հավելենք, որ «HELP» համայնքը միակ ապակենտրոնացված, համաեվրոպական, մարդու իրավունքների ոլորտում գործող ուսումնական համայնքն է, որը բաղկացած է  Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների դատավորների և դատախազների ազգային ուսումնական հաստատությունների (ԱՈՒՀ), ինչպես նաև փաստաբանների միությունների (ՓՄ) ներկայացուցիչներից:

 

Համայնքի առաքելությունն է նպաստել իրավական ոլորտի մասնագետների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման զարգացմանը ՄԻԵԿ սկզբունքներին համահունչ, ինչպես դրանք մեկնաբանված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից, փոխանցել լավագույն փորձը և տրամադրել խորհրդատվություն իրավունքի ոլորտի մասնագետների ուսուցման ծրագրերի, ուսումնական նյութերի և ուսուցման մեթոդոլոգիայի վերաբերյալ, խթանել իրավական ոլորտի մասնագետների ուսուցման միջազգային և ազգային հաստատությունների ուսումնական նախաձեռնությունների համակարգումը և այլն: