13.10.2017 | 
Գիտություն
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը:

Միջազգային գիտաժողովի նպատակն է մասնագիտական հանրությանն իրազեկել ժամանակակից հոգեբանության մարտահրավերները, ինչպես նաև նպաստել տարբեր երկրների հոգեբանական դպրոցների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակմանը, մասնագիտական կապերի հաստատմանն ու համագործակցության ընդլայնմանը: Գիտաժողովին մասնակցում են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների մասնագետներ:

 

Նախ հյուրերին և գործընկերներին ողջունեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, ով ռեկտորատի անունից արդյունավետ և բովանդակալից աշխատանքային օր մաղթեց գիտաժողովի մասնակիցներին:

 

Այնուհետև Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, գիտաժողովի կազմակերպիչ Հրանտ Ավանեսյանը ներկայացրեց պլենար նիստի մասնակիցներին, ովքեր էլ անդրադարձան իրենց հետազոտություններին ու տեսություններին:

 

Գիտաժողովի ընթացքում կանցկացվեն թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, որոնց կմասնակցեն ոչ միայն գիտաժողովի մասնակիցները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այլև ուսանողները:

 

Նախատեսվում է նաև «Ձեռներեցության մտորումներ», «Սուգգեստիվ տեխնիկաների համադրում. յոգա, մեդիտացիա, ինքնազարգացում», «Մոտիվացիոն հարցազրույցը հոգեթերապիայում», «Միջնորդության հոգեբանական ենթատեքստը (կոնֆլիկտների գնահատում և կանխարգելում)» և «Ուսանողների հոգեբանական անվտանգություն և հեքիաթ-թերապիա. կիրառական հոգեբանությունը բանասիրական կրթության համատեքստում» թեմաներով վարպետության դասեր:

 

 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերի ընթացքում: Տարբեր թեմատիկ բաժանմունքներում մասնագետները հանդես կգան կոնֆլիկտաբանությանը, տարիքային, սոցիալական, միջանձնային հոգեբանությանը, ընտանեկան դաստիարակությանը, հոգեկան առողջությանը և մի շարք այլ ճյուղերի կիրառական ու տեսական հիմնախնդիրներին վերաբերող զեկուցումներով:

 

Հավելենք, որ միջազգային գիտաժողովն անցկացնում է 2007 թ.-ից՝ մեկտեղելով 12-ից ավելի երկրների առաջատար մասնագետների և փորձագետների: Յուրաքանչյուր տարի գիտաժողովի թեմատիկան ընդգրկում է արդիական հիմնախնդիրներ՝ հոգեբանական կրթությունից մինչև լայնամասշտաբ հետազոտություններ և պրակտիկայի տարբեր ուղղություններ:

 

Այլ նորություններ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՓՈՐՁ. ՄԵԿՆԱՐԿԵՑ  «ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը, որի հիմնական նպատակն է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություները մասնագիտական վերլուծությունների շնորհիվ ակադեմիական դաշտ բերել, ինչպես նաև փորձել գիտական լեզվով բացատրել այն հանրային իրողությունները, որոնք ունենք հիմա:
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայոց լեզու. Մաշտոցից մինչև մեր օրերը» խորագրով միջոցառում, որի ընթացքում Համազգային հայ կրթական և մշակութային միության (ՀՀԿՄՄ) նախաձեռնությամբ լավագույն ուսանողներին Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակ հանձնվեց: