20.10.2006 | 
Մշակույթ
«ՀԱՅՖԵՍՏԻՆ» ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ ԵՊՀ-Ն
«ՀԱՅՖԵՍՏԻՆ» ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ ԵՊՀ-Ն
Հոկտեմբերի 4-ից 14-ը Երեւանում անցկացվեց «Հայֆեստ» 4-րդ միջազգային թատերական փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակիցներն անհամեմատ շատ էին` 31 երկրից 75 ներկայացում:

ԵՊՀ «Համալսարանական» թատրոն-ստուդիան առաջին անգամ ներկայացավ փառատոնին այն էլ ոչ թե մեկ, այլ միանգամից երկու բեմադրությամբ` «Հեյ, ով կա,- պատասխանում է Ջիմ Դենդին» (ըստ Վ. Սարոյանի ստեղծագործությունների) եւ «Քաջ Նազար» (ըստ Դ. Դեմիրճյանի համանուն պիեսի) երաժշտական ներկայացումները: «Կարծում եմ` կազմակերպիչներին դուր է եկել մեր թատրոն-ստուդիայի ոչ թե սիրողական մակարդակը, այլ պրոֆեսիոնալ մոտեցումը: Երեւի թե մեր բեմադրությունները համապատասխանել են ինչ-ինչ չափանիշների, ու մենք հունիսի 26-ին պաշտոնական հրավեր ենք ստացել»,- ասաց «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կարինե Դավթյանը:

«Հայֆեստի» տնօրենն էլ բացատրեց, որ փառատոնը նպատակ ունի քաջալերելու երիտասարդական-ուսանողական թատերական խմբերին. «Հիմա նրանց ներկայանալու ժամանակն է, մեր փառատոնն էլ հատուկ ուսանողական «Ֆրինչ» ծրագիր ուներ, ուր ընգրկված էին Մակեդոնիայի, Էստոնիայի, Խորվաթիայի, Վրաստանի եւ այլ երկրների երիտասարդական թատերական խմբեր»,- ասաց նա:

«Համալսարանական»-ի երկու ներկայացումներն էլ բեմադրվեցին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Կեցցեն, ահռելի գումարներ ծախսեցին, չզլացան»,- հիացած է Արթուր Ղուկասյանը: Իսկ Կարինե Դավթյանը անսահման շնորհակալ է ԵՊՀ ղեկավարությանը` ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին, պրոռեկտոր Արսեն Քարամյանին եւ բոլորին, այս ամենը կարեւորելու, ըմբռնումի, աջակցության եւ ֆինանսավորման համար:

Դատելով հանդիսատեսի արձագանքներից` կարելի է եզրակացնել, որ ներկայացումները բավական հաջող անցան: «Այնքան հաճելի է, որ նման փառատոնին մասնակցում է մեր համալսարանը: Սա ինչ-որ տեղ մեր պատիվն է, որ այդքան շնորհալի ուսանողներ ունենք, ովքեր կարող են համալսարանը ներկայացնել միջազգային փառատոնին,- ասաց ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Նարեկ Ասատրյանը: - Ամեն ինչ կատարյալ լինել չէր կարող, բայց մինչեւ մի երեւույթի մեջ վատ բան չլինի, լավը չի գնահատվի»:

«Հայֆեստին» մասնակցելը հեռանկարներ է բացել մեր համալսարանի համար: Կարինե Դավթյանը տեղեկացրեց, որ փառատոնի կազմակերպիչների հետ համագործակցության ծրագրեր են նախատեսվում: Արթուր Ղուկասյանն էլ մանրամասնեց. «Համագործակցության երկու ոլորտ կա. մեկը համալսարանների մշակութային բաժինների միջեւ, երբ կարող են կապեր հաստատվել մեր եւ արտասահմանյան բուհերի հետ (ես դասավանդում եմ արտերկրի մի քանի համալսարաններում), մյուսն էլ առնչվում է երիտասարդական թատերական խմբակների առաջընթացին, նրանց սատարելուն»:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին։