28.01.2021 | 
Հասարակություն
«ՆՐԱՆՔ ՉԵՆ ՄԱՀԱՑԵԼ, ՆՐԱՆՔ ԱՆՄԱՀԱՑԵԼ ԵՆ»․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐ ՊԱՆԹԵՈՆ
«ՆՐԱՆՔ ՉԵՆ ՄԱՀԱՑԵԼ, ՆՐԱՆՔ ԱՆՄԱՀԱՑԵԼ ԵՆ»․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐ ՊԱՆԹԵՈՆ
Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակազմի ներկայացուցիչները, ուսանողները և շրջանավարտները, ուսումը կիսատ թողած՝ պատերազմում զոհվածների հարազատներն այսօր այցելել են Եռաբլուր պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հանուն հայրենիքի անմահացածներին։

2001 թվականից սկսած՝ հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ Հայոց բանակի օր։ Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը համալսարանականներն այցելում են Եռաբլուր, որտեղ ամփոփված են նաև համալսարանական զինծառայողները, ծաղիկներ խոնարհում շիրիմներին՝ խոստանալով վառ պահել նրանց հիշատակը։



Ըստ նախնական տվյալների՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհվել է Երևանի պետական համալսարանի 55 ուսանող, որոնցից մի քանիսի շիրիմներն ամփոփվել են Եռաբլուր պանթեոնում։



Համալսարանականներն ու նահատակվածների հարազատներն այսօր մոտեցել են շիրիմներին, ծաղիկներ խոնարհել, հարգանքի ու հպարտության խոսքեր ասել նրանց գերեզմանի մոտ։



Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը խորը ցավ հայտնեց ահռելի կորստի համար, նաև շնորհավորեց Հայոց բանակի տոնը։ Նա ասաց, որ զոհված տղաները դաստիարակվել են 90-ական թվականներին հաղթանակ կերտած սերնդի դասերով, և այսօր էլ ապագա սերունդը պետք է դասեր քաղի արիաբար մարտնչած հերոսների սխրանքներից։


Դեկանը նշեց, որ Երևանի պետական համալսարանում դաստիարակվում է այնպիսի սերունդ, որը պարտավոր է շարունակել պատերազմում զոհված տղաների գործը։

 


«Նրանք չեն մահացել, նրանք անմահացել են»,- եզրափակեց խոսքը Է․ Մինասյանը։


 

Մարինե Առաքելյան

Այլ նորություններ
ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվում են իրազեկող առցանց հանդիպումներ: Այսօր իրենց գործունեությունն են ներկայացրել ԵՊՀ 4 ֆակուլտետներ:
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԼՍԵԼՈՒ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՏԵԼՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
ԵՊՀ աստղադիտարանը դպրոցական և այլ խմբերի համար իրականացնում է վճարովի ծառայություններ՝ պատմելով տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների մասին, ինչպես նաև կազմակերպելով աստղադիտակով երկնային մարմինների ցուցադրություն: