14.03.2018 | 
Կրթություն
ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
ԵՊՀ-ի և Գերմանիայի Դյուսբուրգ Էսսեն համալսարանի միջև համագործակցության շրջանակում գերմանացի ուսանողները պրոֆեսոր Ռուդոլֆ Ժուչելկայի հետ այցելել են պետհամալսարան:

Գերմանացի գործընկերներին հյուրընկալել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Թրահել Վարդանյանը:

 

«Այս ծրագիրն ընդգրկում է ոլորտի գրեթե բոլոր՝ տնտեսական, աշխարհագրական, գիտական, ուսանողական, բնապահպանական և այլ բաղադրիչները»,- ասաց Թրահել Վարդանյանը և հավելեց, որ համագործակցության հիմնական նպատակն է կապեր հաստատել գերմանացի և հայ ուսանողների միջև:

 

Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD) ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային համակարգեր և տնտեսական տրանսֆորմացիան Հարավային Կովկասում» նախագծի շրջանակում հայ ու գերմանացի ուսանողները Երևանում և Գյումրիում հարցումների միջոցով կիրականացնեն դաշտային գիտափորձնական հետազոտություններ:

 

Մասնավորապես այսօր հայ ու գերմանացի ուսանողներից կազմված փոքր խմբերը նախատեսում են շրջել քաղաքում՝ բլից հարցազրույցների միջոցով պարզելու, թե ինչպիսին է Հայաստանը քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար: Հարցումներից հետո ուսանողները միասին կվերլուծեն ստացված արդյունքները՝ ներկայացնելով իրենց մասնագիտական դիտողություններն ու եզրահանգումները:

 

 

«Հայաստանը գեղեցիկ երկիր է, իսկ երևանցիները շատ ջերմ են և հյուրընկալ: Հույս ունենք, որ առաջիկայում հայ ուսանողները նույնպես կունենան Գերմանիա և մասնավորապես մեր բուհ այցելելու հնարավորություն: Մենք կարևորում ենք հայ գործընկերների հետ կապերի ընդլայնումը գիտական և ուսանողական շփումների մակարդակում»,- նշեց Ռուդոլֆ Ժուչելկա:

 

Դյուսբուրգ Էսսեն համալսարանի հետ ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի համագործակցությունը տարիների պատմություն ունի:

 

«Փոխգործակցությունը սկզբում միայն գիտական շրջանակում էր, սակայն այն տեղափոխվեց ավելի գործնական հարթակ, որտեղ ներգրավված են նաև ուսանողները: Այս օրերի ընթացքում ուսանողների կողմից իրականացվող հետազոտությունների արդյունքները հետագայում հիմք կհանդիսանան նոր ծրագրերի մշակման ու իրագործման համար»,- ամփոփեց ամբիոնի վարիչը:

Այլ նորություններ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵԼՈՎ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնում ներդրվել է «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» նոր մագիստրոսական ծրագիր, որը միտված է ուսանողներին ռադիոֆիզիկական խնդիր¬ների համակարգչային մոդելավորման և նախագծման սկզբունքների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիք և հմտություններ տրամադրելուն:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊՐԱԿՏԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների համար «Ֆինանսական իրավունք» առարկայի շրջանակում կազմակերպվել էր հանդիպում-դասախոսություն «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի խորհրդական Արտակ Մարտիրոսյանի հետ: