01.09.2017 | 
Հասարակություն
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ԴԺՎԱՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ԴԺՎԱՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ավանդույթի համաձայն՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այս տարի նույնպես կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված առաջին կուրսեցիներին:

Առաջին կուրսեցիներին դիմավորելու և նոր ուսումնական տարվա մեկնարկն ավելի տոնական ու գեղեցիկ դարձնելու համար կազմակերպված միջոցառմանը ներկա էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ֆակուլտետի ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

Նաղաշ Մարտիրոսյանը, շնորհավորելով և ողջունելով առաջին կուրսեցիներին, նրանց հաջողություն և նպատակասլացություն մաղթեց. «Այսօր դարձյալ տոն է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն իր ներկայությամբ, իր տրամադրությամբ, իր գեղեցիկ երազանքներով այս տոնն իսկապես տոն դարձնի, որը միշտ շարունակություն պիտի ունենա»:

 

Առաջին կուրսեցիներին շնորհավորելու էր եկել նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն, վաստակավոր լրագրող և ֆակուլտետի բարեկամ Մարկ Գրիգորյանը, ով նշեց, որ այս օրը խորհրդանշականորեն համընկնում է Հայաստանում առաջին անգամ հեռարձակված ռադիոթողարկման հետ. «Ես ձեզ մոտ եկա անմիջապես ուղիղ եթերի ավարտից հետո: Մենք հարևան շենքերում ենք գտնվում, և ես մեծ ցանկություն ունեմ, որ ձեր ուսման տարիներին և հետո այդ հարևան շենքը ձեզ համար տուն դառնա: Այսօր ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ ողջունել ձեզ ու ասել՝ հարգելի՛ գործընկերներ, բարի գալուստ մասնագիտություն»:

 

 

Իր ողջույնի խոսքն ասաց նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը, ով նույնպես շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ. «Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ձեր հայացքներում տեսնում եմ, որ պատրաստակամ եք մասնագիտական նոր գիտելիքներ ստանալ, մուտք գործել ժուռնալիստիկայի աշխարհ և այդ աշխարհում գտնել ձեր տեղը: Մենք պատրաստ ենք օգնել ձեզ և միշտ ձեր կողքին կլինենք»:

 

Միջոցառման ընթացքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները կազմակերպել էին նաև հարցազրույց ուսումնառությունն արդեն ավարտած հայտնի հեռուստադեմքերի՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» ծրագրի մեկնաբան Քրիստինե Ալագուլյանի, «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» «Օրակարգ» ծրագրի մեկնաբան Լարա Առաքելյանի, «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի և «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» ծրագրի հեղինակ և վարող Դավիթ Սարգսյանի հետ: 

 

Այլ նորություններ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉՈՐԱԹԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ԵՊՀ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Գաղտնիք չէ, որ սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ հայրենիքի պաշտպանության գործում կատարում են նույն դերը, ինչ սահմանին կանգնած զինվորը: Այնտեղ ապրող մարդն իր գոյությամբ ու կենսակերպով սահմանը դարձնում է կենսունակ ու շնչող:
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ  ՖՐԱՆԿՈՖՈՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԵՑ ԵՊՀ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Այսօր Մայր բուհի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ ակադեմիական նվաճումների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: