16.04.2012 | 
Ուսանողական
ՀԱՄԱՐՁԱԿ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
ՀԱՄԱՐՁԱԿ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
Միջազգային հարաբերությունները շարունակում են մնալ ոլորտի ապագա մասնագետների ուշադրության կենտրոնում:

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր «Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով գիտահանրամատչելի սեմինար-քննարկում: Մասնակցում էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողներ:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ժաննա Հարությունյանը, ով նաեւ ներկայացրեց փոքրիկ զեկույց նշված թեմայով: Մասնակիցներից յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնեց քննարկվող թեմայի վերաբերյալ, եղան նաեւ հակասական, անգամ վիճելի տեսակետներ:

 

Արծարծվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ֆրանսիայի քաղաքականությունը Եվրամիության շրջանակներում եւ դրանից դուրս, Ֆրանսիայի հարաբերությունները Հարավային Կովկասի հետ եւ նրա դերը տարածաշրջանի համար, Մինսկի խմբի ստեղծումը, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմամբ, անդրադարձ եղավ Ֆրանսիայի նախագահի այցին տարածաշրջանի երկրներ, Եվրամիության առաջատար երկրի դիրքորոշմանը մեր պետության նկատմամբ:

 

Խոսվեց նաեւ Մինսկի խմբի աշխատանքների նկատմամբ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված մոտեցումների, վրաց-աբխազական պատերազմի մասին Թուրքիայի դիրքորոշման մասին: Ներկաները միանշանակ հավատացած էին, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամական հարաբերությունները պետք է շարունակվեն, իսկ Հայաստանը շարունակելու է մնալ տարածաշրջանում Ֆրանսիայի ամենամտերիմ դաշնակիցը: Ուսանողները համակարծիք էին նաեւ այն հարցի շուրջ, որ Ֆրանսիան չի կարող զիջել իր դիրքերը Հարավային Կովկասում, քանի որ դրա հետեւանքով կմեծանա ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում, ինչն անթույլատրելի է Ֆրանսիայի եւ Եվրամիության համար:

 

Մասնակիցները հակասական տեսակետներ ունեին Ֆրանսիայի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ: Մեծ մասը պնդում էր, որ պետք չէ այդքան ոգեւորվել վերոնշյալ փաստից, քանի որ դա հարցի լուծում չէ: Կային ուսանողներ էլ, որոնց կարծիքով` հարցն ընդհանրապես պետք է հանել ՀՀ-ի արտաքին քաղաքականության գերակայությունների շարքից եւ այլեւս չշահարկել, քանի որ դրանից մենք ոչինչ չենք շահում:

 

Բոլոր տեսակետները լսելուց հետո ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ Հայկ Աբրահամյանը նշեց, որ նախատեսված էր հանդիպումն անցկացնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ ակտիվ քննարկման պայմաններում, սակայն նրանք ինչ-ինչ պատճառներով չէին ներկայացել, բայց հույս հայտնեց, որ այդ հանդիպումն ու բանավեճը առաջիկայում կկայանան: Միջոցառման ավարտին ՈՒԳԸ նախագահը մասնակիցներին սեմինարին մասնակցելու համար հավաստագրեր բաժանեց:

Այլ նորություններ
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր Նուբարաշենի զորամասի հրաձգարանում մասնակցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքի:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ մասնակցել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվող տեսական պարապմունքների շարային և կրակային պատրաստություններից: