11.03.2021 | 
Կրթություն
«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄ ԵՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄ ԵՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներն այսօր «Zoom» հարթակում «Սոցիալական բիզնեսի առանձնահատկություններն ու ֆինանսավորման հնարավորությունները» թեմայով դասախոսություն են լսել։

Դասախոսությունը կազմակերպել էր Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը, բանախոսն էր կառավարման և զարգացման խորհրդատու, սոցիալական ձեռնարկատիրության փորձագետ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Կարեն Սարգսյանը։


Ինտերակտիվ հանդիպմանը մասնակցում էին ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները։


Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել սոցիալական բիզնեսի առանձնահատկություններին, ֆինանսավորման հնարավորություններին և հայաստանյան օրինակներին:


Ներկաներին ու հյուրին նախ ողջունեց Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի տեղակալ Աննա Հակոբջանյանը։ Նա ասաց, որ իրենց այսօրվա հյուրը՝ Կարեն Սարգսյանը, երկրի լավագույն մասնագետներից է, և շնորհակալություն հայտնեց վերջինիս՝ հրավերն ընդունելու համար։

 


Սոցիալական ձեռնարկատիրության փորձագետ Կարեն Սարգսյանը նույնպես ողջունեց ներկաներին։


Բանախոսը շնորհակալություն հայտնեց նմանօրինակ հանդիպումներ կազմակերպելու համար՝ նշելով, որ ողջունելի է, որ ուսումնական գործընթացում ներգրավվում են նաև հմտություն, ունակություն և վարքագիծ փոխանցողներ. «Ես ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել փոխանցելու գիտելիքները, քանի որ գիտելիքն անընդհատ պետք է փոխանցել»։


Կ. Սարգսյանը մինչ դասախոսությանն անցնելը խոսեց իր ծավալած գործունեության և սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում աշխատանքի մասին։


Այնուհետև նա ուսանողներին ներկայացրեց սոցիալական և դասական ձեռնարկատիրության տարբերությունները. «Սոցիալական ձեռնարկատիրությունում չկա հիերարխիա, ինչպես դասական բիզնեսում։ Մեր երկրում առկա է հորիզոնական հավասարություն, որտեղ յուրաքանչյուրն ունի իր դերակատարումը. դաշտում աշխատող գյուղացին հավասար է նրա արտադրանքը վաճառող ձեռնարկատիոջը»։

 


Սոցիալական ձեռնարկատիրության փորձագետը դասախոսության ընթացքում պատմեց սոց. ձեռնարկատիրության մոդելների և տարբերակների մասին՝ բերելով Հայաստանում գործող սոցիալական ձեռնարկատիրությունների օրինակներ։


«Սոցիալական ձեռնարկատիրությունը լուծում է մի քանի հարց։ Դրանք են սոց. կառավարումը, երբ լուծվում է գյուղաբնակների ապրուստի հարցը, սոց. ազդեցությունը, երբ լուծվում են չօգտագործվող հողատարածքների հարցերը, և սոց. նորարարությունը, երբ ստեղծվում է նոր ու ավելի լավ ապրանքատեսակ»,- բացատրեց Կ. Սարգսյանը։


Դասախոսության վերջում ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր հղելու բանախոսին։


Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։