03.04.2014 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ՆՈՐ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ՆՈՐ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Կայացավ ԵՊՀ գիտխորհրդի հերթական նիստը` օրակարգային 5 հարցերով:

Նախ գիտխորհրդի բաց քվեարկությամբ հաստատվեցին 2014-2015 ուստարվա ԵՊՀ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսման վարձավճարների չափերը:

 

Հաստատվեցին նաև այն մասնագիտությունների ցանկը, որոնցով կատարվելու է գալիք ուստարվա  հեռակա բակալավրիատի ու մագիստրատուրայի ընդունելությունը: Ըստ այդմ՝ բակալավրիատում ընդունելությունն իրականացվելու է 20, իսկ մագիստրատուրայում՝ 14 մասնագիտությունների գծով:

 

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի իրականացման 2013-2014 ուստարվա 1-ին կիսամյակի արդյունքները ներկայացրեց ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը:

 

«Համալսարանի դասախոսներից ծրագրին պետք է մասնակցի շուրջ 1000 դասախոս, առայժմ ծրագրում ընդգրկված են 843-ը: Նրանց կրեդիտային արդյունավետությունը բավականին տարբեր է. կան դասախոսներ, որ 1 կրեդիտ են ստացել, կան նաև այնպիսիք, ովքեր ունեն 60-70 կրեդիտ: 2.5 տարում նախատեսված էր հավաքել առնվազն 15.000 կրեդիտ (1 տարում՝ յուրաքանչյուրը 6 կրեդիտ), սակայն կուտակվել է ընդամենը 10.743-ը: Դրանց 68%-ը ձեռք է բերվել կրթական կառուցամասից և ընդամենը 32%-ը` հետազոտականից: 1000 դասախոսից դեռևս 470-ն է ներկայացրել իր գիտական աշխատանքները»,- 2011-2012 ուստարում մեկնարկած ծրագրի արդյունքներն է ներկայացնում տիկին Աղասյանը:

 

Գիտխորհրդի այսօրվա նիստի օրակարգում ներառված էր նաև մեկ գիտական զեկուցում՝ «Սևանա լճի մակարդակի հիմնահարցը. խնդիրներ և լուծումներ» խորագրով: Այն ներկայացրեց ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նա խոսեց լճի ջրի մակարդակի բարձրացումը, մաքրությունը, ինչպես նաև կենսաբազմազանությունն ապահովող աշխատանքների տված արդյունքների մասին, այնուհետև պատասխանեց գիտխորհրդի անդամների հարցերին: 

 

Այնուհետև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան հանձնեց ԵՊՀ հուշամեդալ:

 

Ընթացիկ հարցերի շարքում որոշվեց Քիմիայի ֆակուլտետի պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանին շնորհել ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչի կոչում, իսկ Վիլենա Գրիգորյանի «Հոգեֆիզիոլոգիա» գիրքը երաշխավորվեց վերահրատարակման, քանի որ ուսանողների շրջանում կա պահանջարկ, սակայն գրքի օրինակները չեն բավականացնում: 

 

Կենսաբանության ֆակուլտետի ղեկավարությունն էլ առաջարկում էր 2005 թ-ից բազային ֆինանսավորմամբ գործող 5 լաբորատորիաները միավորել և դարձնել մեկ ստորաբաժանում՝ գիտահետազոտական ինստիտուտ, ինչին ևս գիտխորհուրդը հավանություն տվեց: 

 

Բաց քվեարկությամբ հաստատվեց նաև համալսարանում նոր՝ միջբուհական և ակադեմիական համատեղ լաբորատորիայի ստեղծումը: Այն ԵՊՀ-ի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի և ՀՀ ԳԱԱ-ի համագործակցության արդյունքն է: Ֆինանսավորման 30%-ն ապահովելու են երկու բուհերը, իսկ 70%-ը՝ Գիտության պետական կոմիտեն: Այն կտեղակայվի Ֆիզիկայի ֆակուլտետում և կկոչվի «Քվանտային տեխնոլոգիաներ և նոր նյութեր»:

 

Նիստի ավարտին հայտարարվեցին նաև փակ քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ 7 հոգու շնորհվեց դոցենտի, իսկ 4-ին` պրոֆեսորի գիտական կոչումներ: 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: