22.04.2019 | 
Կրթություն
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼԸ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԳԱՂՏՆԻՔ Է. «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼԸ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԳԱՂՏՆԻՔ Է. «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ դասախոսություն «Անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերը» թեմայով:

Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն:

Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես եկան Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը և Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը:

Մեզ հետ զրույցում Տիգրան Խաչիկյանը նշեց, որ միջոցառման հիմնական նպատակն է պարզաբանել անձնական տվյալների ոլորտում ծագող իրավական հարցերը:

«Մենք ողջունում ենք ուսանողների նախաձեռնությունը, քանի որ կարևորում ենք այս ոլորտում առկա հիմնախնդիրներն ուսանողներին առավել մատչելի ներկայացնելու գործընթացը»,- նշեց Տիգրան Խաչիկյանը:



Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին ՝ վերջինս շեշտեց, որ այդ խնդիրները պայմանավորված են ինչպես հասկացությունների ճշգրտմամբ, այնպես էլ հենց անձնական տվյալներ ասվածի սահմանմամբ՝ ո՞վ է անձնական տվյալներ մշակողը, ինչպիսի՞ ընդհանուր չափորոշիչների պիտի համապատասխանի անձնական տվյալների մշակումն առհասարակ, և ինչպիսի՞ որոշումներ է կայացնում անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

«Նմանատիպ հարցադրումները կարիք ունեն մասնագիտական հանրության շրջանակներում համակողմանի ուսումնասիրման ու հետազոտման»,-շեշտեց Տիգրան Խաչիկյանը:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը դասախոսության ընթացքում մանրամասն անդրադարձավ իրենց գործառույթներին՝ միաժամանակ ներկայացնելով նաև մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպած տարբեր դեպքեր:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նպատակն է ապահովել անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարաբերությունների սուբյեկտների իրավունքների պաշտպանությունը և իր իրավասության սահմաններում անձնական տվյալների մշակման օրինականությունը:

Գևորգ Հայրապետյանը դասախոսության ընթացքում անդրադարձավ նաև այն վտանգներին, որոնք ունի համացանցը:

«Սոցիալական ցանցերի յուրաքանչյուր օգտատեր պետք է հասկանա, որ ժամանակակից աշխարհում անձնական տվյալները շատ հեշտ են հանրության սեփականությունը դառնում»,- ասաց բանախոսը,- «երբեմն դա անզգուշության, իսկ երբեմն էլ դիտավորության հետևանք է, ուստի մարդը պետք է հասկանա՝ ում է վստահում իր անձին վերաբերող տեղեկատվությունը, որը լավագույն դեպքում կարող է գովազդի համար օգտագործվել, իսկ վատագույն դեպքում՝ անձի հեղինակությանը վնաս հասցնել»:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽԹԱՆԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-13-ը Դիլիջան քաղաքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Փախստականների իրավունք» խորագրով 9-րդ դպրոցը:
«ՆՊԱՏԱԿԸ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է»․ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
Արդեն չորրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք, տեսական գիտելիքներից բացի, նաև գործնական հմտություններ ձեռքբերելու հնարավորություն են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում: