29.05.2019 | 
Հասարակություն
«ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՉԻՆԱԳԵՏ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՉԻՆԱԳԵՏ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ՀԳՉԱ-ԵՊՀ չինագիտության կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախագահ և Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտ. թեկնածու, չինագետ Մհեր Սահակյանի ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և ՀՀ ընդգրկման հեռանկարները» թեմայով հանրային դասախոսությունը։

Դասախոսությանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, դասախոսներ, ուսանողներ:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց բանախոսին՝ անդրադառնալով նրա ներդրմանը չինագիտության զարգացման գործում:

«Չինաստանը ճանաչելը Հայաստանի համար ունի մի շարք կարևորություններ: Չինաստանն աշխարհի այն մեծ տերություններից է, որի պատմությունն ու քաղաքականությունը չիմանալն անհնարին է դարձնում պետությունների կենսագործունեությունը:

Գիտական տեսանկյունից Չինաստանն ու չինագիտությունն արևելագիտության բաղկացուցիչ մասն են, սակայն տարիներ շարունակ անտեսված են եղել»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու գաղափարին, որի շրջանակում կուսումնասիրվի ոչ միայն լեզուն, այլև չինական պատմությունը, մշակույթը, քաղաքակրթությունը:



Մհեր Սահակյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, համալսարանին նվիրեց չինագիտության վերաբերյալ գրականություն, որի մի մասն էր նրա «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» երկու լեզվով մենագրությունը:

««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և ՀՀ ընդգրկման հեռանկարները» թեմայով հանրային դասախոսությունը բանախոսը սկսեց՝ ներկայացնելով Չինաստանի քաղաքականությունը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինից առաջ և նրա օրոք: Սկզբում Չինաստանը պաշտպանողական քաղաքականություն էր վարում, իսկ Ծինփինի օրոք դարձավ պրոյեկտող և տարբեր նախաձեռնություններով առաջ շարժվող, որոնցով Չինաստանը փորձում է փոփոխություն մտցնել համաշխարհային տնտեսական հարաբերություններում:

Ըստ բանախոսի՝ Չինաստանը փորձում է ստեղծել մեկ առանձին բևեռ, որը զերծ կլինի արևմտյան քաղաքակրթությունների ազդեցություններից: Նա նշեց, որ Չինաստանի համար օրինակ են ծառայել Իրանը և նրա շուրջ ծավալվող գործընթացները, քանի որ առանցքային նշանակության մի շարք օղակներ, այնուամենայնիվ, գտնվում էին Արևմուտքում, ինչը խոցելի դարձրեց Իրանը:

Մհեր Սահակյանը խոսեց նաև չինական երազանքի մասին: Չինական երազանքն ունի հետևյալ երկու ձևակերպումները՝ մինչև Չինական կոմունիստական կուսակցության ստեղծման հարյուրամյակը՝ 2021 թվականը, հասարակության համար պետք է ապահովել բարեկեցիկ կյանք, և մինչև 2049 թվականը, երբ չինացիները կնշեն Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, Չինաստանը պետք է վերածել բարգավաճ, հզոր, ժողովրդավարական, ներդաշնակ, ժամանակակից սոցիալիստական երկրի:

Չինաստանը երազանքի իրականացման ճանապարհը տեսնում է տնտեսության զարգացման և տնտեսական աճի մեջ: Ինչպես նշեց Մհեր Սահակյանը, տնտեսական զարգացման միջոցներից է ՄԳՄՃ նախաձեռնությունը:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ներառում է Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտին և 21-րդ դարի Ծովային մետաքսի ճանապարհը:

Սի Ծինփինը, ներկայացնելով Մետաքսի ճանապարհը, խոսել է նաև իր հինգ կետերի մասին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հաջողել նախաձեռնությունը: Դրանք պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցություններն են, նոր տրանսպորտային ուղիների ստեղծումն ու զարգացումը, ազատ առևտրային հարաբերությունների հաստատումը, դրամային շրջանառության կանոնների վերափոխումը և նախաձեռնության անդամ երկրների քաղաքացիների շփումների ակտիվացումը:

Մհեր Սահակյանը ներկայացրեց 2017 և 2019 թվականներին տեղի ունեցած համաժողովները, որոնց մասնակցում էին մի շարք երկրների ղեկավարներ: Բանախոսը նշեց նաև, որ Հայաստանի ղեկավարները, ցավոք, չեն մասնակցել համաժողովներին՝ կորցնելով նոր համագործակցությունների հնարավորություններ: Այդուհանդերձ, նա ասաց, որ կարևոր է նախապատրաստվել և երկրի ղեկավարի մասնակցությունն ապահովել հաջորդ համաժողովին:

Բանախոսը ներկայացրեց ՄԳՄՃ նախաձեռնության շուրջ համագործակցության ձեռքբերումները: Նախ՝ Չինաստանը համագործակցելու համաձայնագրեր է ստորագրել 125 երկրի և 29 միջազգային կազմակերպության հետ, բացի դրանից՝ 2013-2018 թվականներին Չինաստանի առևտուրը նախաձեռնության երկրների հետ հասել է 6 տրիլիոն դոլարի: Չինաստանի ուղիղ ներդրումները ՄԳՄՃ երկրներում կազմել են 90 մլրդ դոլար, իսկ երկրորդ՝ 2019 թվականի համաժողովի ժամանակ, կնքվել են 64 մլն դոլարի հասնող պայմանագրեր:



Մհեր Սահակյանը ՄԳՄՃ նախաձեռնության առանձնահատկությունների շարքում առանձնացրեց այն, որ գծված քարտեզներից բացի՝ նախաձեռնությանը մասնակցել կարող են այն երկրները, որոնք Պեկինին կներկայացնեն լավ բիզնես ծրագրեր: Կա նաև հատուկ ֆոնդ ոչ հզոր երկրների համար, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն լուրջ ծրագրեր ներկայացնելու:

ՄԳՄՃ նախաձեռնության հիմնական նպատակներն են Չինաստանի տնտեսական աճին նպաստելը, երկրի անվտանգության ապահովումը, ինչպես նաև սեփական տարադրամի ստեղծումն ու շրջանառության մեջ դնելը:

Նա նշեց նաև, որ նպատակ կա ստեղծելու Արևմուտքից անկախ, ներհյուսված տնտեսական ցանց, որտեղ հնարավոր կլինի սպառել արտադրանքը, ինչպես նաև ներդրումների և վարկերի տրամադրման միջոցով հող նախապատրաստել սեփական քաղաքական ու տնտեսական նկրտումն առանձին ազդեցության գոտի դառնալու քաղաքականությունն իրագործելու համար:

Մհեր Սահակյանը խոսեց նաև հայ-չինական հարաբերությունների մասին: Ըստ նրա՝ հայ-չինական ֆինանսաբանկային համագործակցության արդյունքում Չինաստանը հնարավորություն կստանա Հայաստանի հետ առևտուր անելու չինական տարադրամով, ինչի շնորհիվ կամրապնդվեն Ռենմինբիի (չինական «ազգային» դրամ) դիրքերը համաշխարհային ֆինանսական շուկայում, իսկ չինական կապիտալը կներգրավվի Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում:

Չին-հայկական ռազմական համագործակցության մասին պատմելիս Մհեր Սահակյանը նշեց խաղաղապահության ոլորտում համագործակցության հեռանկարի մասին, ինչպես նաև անդրադարձավ ռոբոտացված զինատեսակների կառուցման և դրանք Մերձավոր Արևելք արտահանելու հնարավորություններին:

Բանախոսը կարևորեց նաև փոխադարձ այցերն ու շփումները ինչպես պետական այրերի, այնպես էլ հասարակ քաղաքացիների մակարդակով:

Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով և թեմայի շուրջ բովանդակալից քննարկումներով:

 

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «MENDELEEV LAB» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հոկտեմբերի 12-ին աշխարհի ավելի քան 30 երկրների բուհերում և գիտակրթական այլ կենտրոններում անցկացվել է «Mendeleev Lab» համաշխարհային կրթական ծրագիրը՝ նվիրված Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին:
ՀՆԴԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Կիշան դան Դեվալին, որի հետ քննարկել է համագործակցության ոլորտները և ուղիները: